«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի նոր նախագահի ընտրության կարգի սահմանադրականության վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Հիշեցնենք` նոր Սահմանադրության 125 հոդվածը, ըստ որի` նախագահին ընտրելու է ԱԺ-ն, դեռեւս ուժի մեջ չի մտել: Հետեւաբար, ենթադրվում է՝ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը: Բայց իշխանությունները հղում անելով Սահմանադրության անցումային դրույթներին` պնդում են, որ նոր նախագահի ընտրություններն անցկացվելու են նոր կարգով, այսինքն՝ ընտրելու իրավունքն, այնուամենայնիվ, խորհրդարանինն է: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւս մեկնաբանելով Սահմանադրությունը եւ հղում անելով անցումային դրույթներին, պաշտպանել է իշխանությունների տեսակետը:
Մինչ այդ, նկատենք, երեկ ԱԺ «Ելք» խմբակցությունը հայտարարել է այս հարցի սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմելու մտադրության մասին: Սակայն ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն. «Ելք»-ն ունի 9 պատգամավոր եւ կոչ է արել «Ծառուկյան» խմբակցությանը միանալ իրենց: Վերջիններս դեռ չեն արձագանքել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասել է, թե տեղյակ չէ ստորագրահավաքից: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ, մեր հարցին ի պատասխան, նույն պատասխանն է տվել` հավելելով. «Այն ստացվելու դեպքում կքննարկենք, նոր կասենք»:
Նկատենք, սակայն, այս հարցով ՍԴ դիմելու հարցում առաջինը պետք է շահագրգռված լիներ հենց իշխող ՀՀԿ-ն. ի վերջո, միայն ՍԴ-ին է տրված նման հարցերի սահմանադրականությունը որոշելու գործառույթը, ուստի եթե կան կասկածներ, ապա ճիշտ կլինի, որ դրանք փարատվեն ՍԴ որոշմամբ: Այլապես ստացվում է, որ նոր նախագահի լեգիտիմությունը եւս կասկածելի է լինելու:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: