ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը: Ըստ այդմ, նախատեսված է, որ Հանրային խորհուրդը դառնալու է կառավարության խորհրդակցական մարմին, այսինքն` կրկին վարչապետի ենթակայության ներքո: Բացի այդ` նաեւ փոխվելու է հանրային խորհրդի աշխատակազմի քանակը, եւ այն բաղկացած կլինի արդեն 45 անդամից:

Սակայն երեկ խորհդարանում քննարկումների ժամանակ պատգամավորներն այնքան էլ գոհ չէին հանրային խորհրդի գործունեությունից` նշելով, որ օգտակար գործունեության գործակիցը ցածր է: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, երեկ խորհրդարանում քննարկվեց «Հանրային խորհրդի մասին» նախագիծը, եւ պատգամավորներից շատերը քննադատեցին կառույցի գործունեությունը` ասելով, թե ՕԳԳ-ն ցածր է, առկա չէ:
-Իսկ իրենք ինչպե՞ս են գնահատում դա: Ես չեմ հասկանում դա: Ինձ թվում է` պատգամավորների մի զգալի մասը ծանոթ չէ մեր գործունեությանը: Իրենք կարող են մտնել կայքերը, նայել: Չնայած կայքերում տեղադրված է ոչ մեր ամբողջ աշխատանքը, որովհետեւ խորհրդատվությունների մի զգալի մասը, որ մենք անում ենք կառավարությանը, չենք տեղադրում, փակ քննարկումներ են լինում: Բայց հսկայական գործ է արել Հանրային խորհուրդը: Եթե հույսը դրել են` Ազգային ժողովը չաշխատի, հանրային խորհուրդն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություններ չունենք: Ազգային ժողովն է այդպիսի մեծ լիազորություններով օժտված:
-Դուք ինքներդ կառույցի գործունեությունն օգտակար համարո՞ւմ եք, Ձեր խորհրդատվությանը հետեւո՞ւմ են:
-Ես գտնում եմ, որ այս լիազորությունների շրջանակում մենք բավականին լավ կարողանում ենք իրականացնել դա: Խորհրդատվական մարմինը, երբ մի բան առաջարկում է, պարտադիր չէ, որ դիմացինն ընդունի, դա Դուք ինքներդ եք հասկանում: Մենք պարտադիր որոշումներ չենք կարող ընդունել, պարտադրել կառավարությանը, ԱԺ-ին կամ նախագահին, որ փոխեն: Մենք կարող ենք խորհուրդ տալ, երբեմն այդ խորհուրդները լսվում են, շատ հաճախ օգտագործվում են, որոշ դեպքերում հաշվի չեն նստում խորհրդի հետ: Բայց ինձ թվում է, որ նորմալ աշխատանք է գնում: Իհարկե, կարելի է ավելի լավ աշխատել, բայց լիազորությունների շրջանակում, ես կարծում եմ, որ շատ նորմալ գործունեություն ենք ծավալել:
-Կոնկրետ կմատնանշե՞ք դեպքեր, երբ Ձեր խորհրդատվությանը հետեւել են:
-Պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ մենք բազմաթիվ կոմպրոմիսային լուծումներ առաջարկեցինք, բայց ոչ մեկը չընդունվեց: Բայց, օրինակ, կապված հոսանքի գնի բարձրացման կամ ալյուրի հարստացման կամ կինո «Մոսկվայի» փոքր դահլիճը փակել-չփակելու հարցերով բավական լուրջ հաշվի են նստել մեր կարծիքի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, հանրային խորհուրդը, սակայն, ձեւական կառույց է համարվում, որը ստեղծվել է` հենց Ձեզ պաշտոն տալու համար:
-Եթե դա է մեր հասարակության մտահոգությունը, ես կարող եմ դուրս գալ: Եթե դա գոհունակություն կառաջացնի մարդկանց մոտ: Դա նաեւ գալիս է նրանից, որ նրանք չեն իմանում, թե ինչ է կատարվում աշխարհում: Հանրային խորհուրդները մոտավորապես 70 երկրներում կան եւ Սահմանադրությամբ են ամրագրված, օրինակ, Ֆրանսիայում: Մի մասը նշանակում է կառավարությունը, մի մասը հասարակության տարբեր շերտերի կողմից: Մյուս երկրներում էլ դա մեկ ընդհանուր մարմին է, սակայն լիազորություններն են տարբեր:
-Օրինակ` այս օրենքով ամրագրված դրույթները, փոփոխությունները որքանո՞վ արդյունավետ կլինեն:
-Առաջին կարեւոր փոփոխությունն այն է, որ մտել է Սահմանադրության մեջ արդեն: Եթե նախկինում նախագահի հրամանով էր ստեղծվել այս մարմինը, հիմա կա Սահմանադրության մեջ կետ, որ գոյություն ունի հանրային խորհուրդ, դա ստատուսը բարձրացնում է, այսինքն` կարեւորությունն ընդգծվում է: Ինչ վերաբերում է գործառույթներին, ապա մի քանի բաներ կան ավելացրած, իհարկե, կարելի էր ավելի շատ բան ավելացնել: Օրինակ` ՌԴ-ի հանրային խորհրդի վերաբերյալ որոշում կա, որ ցանկացած որոշում, եզրակացություն, որ ուղարկում են, իրենց Ազգային ժողովը պետք է պարտադիր քննարկի դա, իհարկե, կարող է մերժել, բայց չի կարող անտեսել: Այդպիսի լրացուցիչ մի քանի լիազորություններ տալիս են, եւ իր որոշումներն ավելի ազդեցիկ են դառնում կառավարության եւ ԱԺ-ի համար: Մեզ մոտ օրենքում գրված է, որ կառավարության խորհրդատվական մարմին է, ինքը որեւէ գործառույթներ` կապված ԱԺ-ի հետ, չունի:

 

 

 

ԲՈԼՈՐԸ ՀԻՇՈՒՄ ԷԻՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԲԱՅՑ ՆԱ ՉԿԱՐ

«Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկումները երեկ բավական բուռն էին: Ու հետաքրքիրն այն է, որ կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ որոշ դիտողություններ ունեին անգամ ՀՀԿ-ականները: Ինչպես հայտնի է՝ անվտանգության խորհրդի գլուխը լինելու է վարչապետը, երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության պետը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Փոխարենը, անվտանգության խորհրդի կազմում ներկայացված չեն ո՛չ երկրի նախագահը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ գլխավոր դատախազը: Երեկ այս հարցը խորհրդարանում հնչեցրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տվեց այս օրերին արդեն իսկ ծեծված, միեւնույն պատասխանը. «Անվտանգության խորհուրդը գործադիրի մաս է, այդ մարմնում պետք է ներառել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ»:, – նշեց նա:
«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նկատեց՝ եթե խորհրդարանական կառավարման ենք անցնում, պառլամենտի առաջ որեւէ փակ դուռ չպետք է լինի, պաշտպանության ոլորտում ինչու չպետք է խառնվի: ԱԺ նախագահի եւ նախագահի ներկայացվածությունը կարեւորեց նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, թե իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին: Սարգսյանի խոսքով` ԱԺ նախագահը շատ ավելի լեգիտիմ է, քան վարչապետը, քանի որ ժողովրդի քվեն ստացել է, հետո նոր քվե է տվել վարչապետին: «Անվտանգության խորհրդում խորհրդարանը պետք է միանշանակ ներկայացված լինի, նաեւ երկրի նախագահը», – նշեց նա:
Պարզվում է` ՀՀԿ խմբակցությունում ոչ բոլորն են համամիտ ԱԱԽ-ի՝ նման տեսքով ձեւավորվելու հետ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե խորհրդի կազմում եթե չի կարող լինել ԱԺ նախագահը կամ նախագահը, բայց առաջարկում է նախատեսել, որ նրանք կարող են մասնակցել նիստերին, երբ օրակարգում իրենց հետաքրքրող հարց կլինի: Իսկ ահա մեկ այլ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն էլ առաջարկեց այդ կազմում ընդգրկել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարին:
Երեկվա քննարկումներում ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք էր. ողջ ընթացքում դահլիճում չէր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ստացվում է՝ պատգամավորները բանավիճում են ԱԺ նախագահին եւս ԱԱԽ-ում ընդգրկելու հարցի շուրջ, մինչդեռ Բաբլոյանը ոչ միայն ելույթ չի ունենում այդ հարցի վերաբերյալ եւ չի ներկայացնում իր տեսակետը, այլեւ, առհասարակ, նույնիսկ դահլիճում չէր: Եթե անգամ ինքը համակերպվել է քաղաքական դաշտում իրեն վերապահված երրորդական դերի հետ, ապա գոնե պետք է արժեւորեր զբաղեցրած պաշտոնը: Մանավանդ, որ ԱԺ նախագահը դեռեւս համարվում է Սահմանադրությամբ պետության երկրորդ պաշտոնյան: Բայց, դե, Բաբլոյանն իր պաշտոնավարման այս ամիսներին ոչ մեկ անգամ է ապացուցել, որ քաղաքականությունից շատ հեռու է, եւ իր յուրաքանչյուր հայտարարություն սայթաքում է: Եվ հենց դա է պատճառը, որ վերջինս խուսափում է երկար զրուցել լրագրողների հետ՝ վախենալով նորանոր սայթաքումներից:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆԻ
Իշխող ՀՀԿ-ի՝ Հայաստանի նախագահի պաշտոնում առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր խորհրդարանում հանդիպելու է «Ելք» խմբակցության անդամների հետ: Եվ չնայած ընդդիմադիր խմբակցության անդամները համաձայնել են հանդիպել ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածուին, սակայն խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, թե միեւնույն է՝ իրենց դիրքորոշումը չի փոխվել, եւ հանդիպումն էլ չի փոխվելու. ընդդիմադիր խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀԿ-ի ապագա թեկնածուին: Հիշեցնենք, որ խորհրդարանական խմբակցություններից Արմեն Սարգսյանը նաեւ չի հանդիպել «Ծառուկյան» խմբակցության հետ, սակայն դեռ օրը հայտնի չէ. թերեւս հաջորդ շաբաթվա սկզբին, որից հետո էլ Արմեն Սարգսյանը կհանդիպի արդեն Սերժ Սարգսյանին եւ կհայտնի իր վերջնական որոշման մասին: Հիշեցնենք, որ չորրորդ նախագահին ընտրելու են մարտի 2-ին: Առաջին փուլով նախագահ ընտրելու համար ՀՀԿ-ին անհրաժեշտ է «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը: Եվ հետաքրքիր է, որ հենց նրանց հետ Արմեն Սարգսյանը հանդիպելու է վերջում:

 

 

ՁՈՒՆ ՊԱԿԱՍԵԼ Է
Հայաստանում ձվի արտադրության ծավալները անցած տարում, 2016 թվականի համեմատ, զգալի նվազել են` 1.7 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ Հայաստանում անցած տարում արտադրվել է 683 մլն հատիկ ձու: Նշենք, որ ձվի արտադրության ծավալների նվազումը հիմնականում գրանցվել է Արմավիրի մարզում` 4.7 տոկոսով: Նկատենք, որ այս մարզում ձվի եւ թռչնամսի արտադրությամբ զբաղվում է «Արաքս» թռչնաֆաբրիկան: Փաստորեն, ստացվում է, որ այս ընկերությունը զգալի կրճատել է արտադրության ծավալները: Իսկ ահա Արարատի մարզում ձվի արտադրության ծավալների նվազումը կազմել է 1.7 տոկոս: Մյուս նվազումը գրանցվել է Շիրակի մարզում` 0.5 տոկոսի չափով: Ձվի արտադրության հիմնական աճը գրանցվել է Երեւանում` 3.1 տոկոս: Հավանաբար աճը պայմանավորված է Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի գործոնով:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն իր պատվիրատուների ձեռքը «կրակն է ընկել»: Բանն այն է, որ պատգամավորին պատկանող ընկերությունից ապրանք են պատվիրել, իսկ վերջում չեն տվել գումարը: Եվ ահա պատգամավորն էլ ընկել է դատարանի դռները` այդ ճանապարհով փորձելով հետ վերադարձնել փողերը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել 4 ընկերությունների՝ «Նելլի Գեւորգյան Մուրադի» ԱՁ-ի, «Քաֆեվի» ՍՊԸ-ի, «Ռազմիկ Խաչատրյան» ԱՁ-ի, «Ջանիբեկ Մխիթարյան Լեւոնի» ԱՁ-ի դեմ` պահանջելով, որ դատարանն այս ընկերություններից գանձի իրեն հասանելիք գումարը: Պարզեցինք, որ ընդհանուր գումարի չափը, որի համար պատգամավոր Արսենյանին պատկանող ընկերությունը դիմել է դատարան, կազմում է ավելի քան կես միլիոն դրամ:




Լրահոս