ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԳՆԱԼՈՎ ՄԱՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած ժողովրդավարական երկրում գոյություն ունի իշխանություն եւ ընդդիմություն: Պետական կառավարման համակարգում Ազգային ժողովը եւ կառավարությունն իր որոշումներն ընդունում է քաղաքական այս երկու թեւերի տեսակետների փոխանակման, առաջարկների, քննադատությունների հիման վրա: Մինչդեռ մեր երկրում ներկայում, ընդդիմության դերակատարումն ու որոշումների վրա ազդեցությունը նվազագույնի է հասցված:

Վերջին 20 տարիներին մեր երկրում իշխանության փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը իշխանության մեջ էր դեռ 1995 թվականից, երբ լինելով Հանրապետություն միավորման կազմում, կոալիցիա էր կազմել ՀՀՇ-ի հետ, 1998թ. պետական հեղաշրջումից հետո իր ձեռքում կենտրոնացրեց պետական ողջ ապարատը: 2000-ականների սկզբում իշխանության մեջ նաեւ ՀՅԴ-ն եւ, ըստ էության, Քոչարյանի ռեժիմը դաշնակցա-հանրապետական ազգայնական գաղափարախոսությամբ էր առաջնորդվում: Կամաց-կամաց հանրապետականները բացարձակ մեծամասնություն կազմեցին, արդյունքում՝ կուսակցությունը կլանել է պետությանը, իշխանությանը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինիս ձայնը կարծես թե այլեւս լսելի չէ: Այս իրավիճակի խորացմանը նպաստեցին նաեւ սահմանադրական փոփոխությունները. հիմա ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու միայն մեկ հնարավորություն է մնացել՝ խորհրդարանական ընտրությունները: Նախագահին ընտրելու է ԱԺ-ն: Մինչդեռ նախկինում համապետական երկու ընտրությունները՝ նախագահի եւ ԱԺ-ի ընտրությունները, նաեւ ընդդիմության գործունեության համար հրաշալի առիթ էին. բավական է հիշել այդ ընտրություններին նախորդած ու հաջորդած հանրահավաքները, բողոքի ցույցերը: Եւ հետո` տեսակետ կա, որ որքան ուժեղ է հասարակությունը, այնքան ուժեղ է ընդդիմությունը: «Թույլ հասարակությունն էլ կարող է ունենալ այն ընդդիմությունը, որ այսօր կա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա շեշտեց, որ իշխանությունն ունի լծակներ, դրանք ուժային կառույցներն են, հարկային, մաքսային մարմինները, վարչական, ֆինանսական ռեսուրսն է: Այդ ռեսուրսներին ի հակադրություն` ընդդիմությունը պետք է ունենար հասարակական ռեսուրսը: Բայց քանի որ հասարակությունը շատ է թուլացել արտագաղթի, տնտեսական քաղաքականության եւ այլ պատճառներով, ընդդիմությունն էլ բավական թույլ է:
Խորհրդարանում ներկայում «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքներն են հանդես գալիս որպես ընդդիմադիր: Երկու ուժերն էլ պարբերաբար ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ, որոնք, սակայն, որպես կանոն, մերժվում են: Քաղտեխնոլոգն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ ուժերը քաղաքական գործընթացը եւ քաղաքական գործունեությունը հաճախ չեն տարբերակում: «Ելք» դաշինքը վերջին օրերին երկու անգամ ցույց իրականացրեց թանկացումների դեմ: Քաղտեխնոլոգի համոզմամբ` դրանք ստրատեգիական տեսանկյունից սխալ էին, քանի որ իրենք թանկացման դեմ են պայքարում: «Բայց անհրաժեշտ է թանկացնողների դեմ պայքարել: Հենց այս է պատճառը, որ նրանց ակցիան լայն արձագանք չի գտնում: Եթե նպատակը սխալ է, ճիշտ քայլեր կատարելու դեպքում անգամ հնարավոր չէ հաջողության հասնել»,-շեշտեց Արմեն Բադալյանը:
Շատ երկրներում զարգացում ապահովելու գրավականներից մեկն էլ իշխանափոխությունն է: Սակայն մեր երկրում բնակչությունը պարբերաբար միայն լսում է այդ մասին: Թե ինչու վերջին 20 տարիներին իշխանություն չի փոխվել, քաղտեխնոլոգի կարծիքով` պատճառը շատ պարզ է: «Իշխանափոխության ձգտող ուժերը համապատասխան քաղաքականություն չիրականացրին: Շատ դեպքերում բաց թողեցին իրենց տրված հնարավորությունը, շատ դեպքերում դիտում էին քաղաքական գործընթացները 88, 91 թվականների համայնապատկերում: Հաշվի չէին առնում, որ հիմա այդ թվերը չեն: Բացի այդ` հաշվի չէին առնում արտաքին քաղաքական գործընթացները եւ այլն: Անգամ հարեւան Վրաստանի եւ Ուկրաինայի փորձերը հաշվի չառան` մտածելով, թե ամեն ինչ գիտեն եւ մինչեւ վերջ ոչ մի խորհուրդ կողքից չէին լսում: Արդյունքում շատ ուժեր սխալվեցին»:
Կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը բավական թուլացավ եւ չկարողացավ իշխանությունն իր ձեռքն առնել, իսկ Հանրապետական կուսակցությունն օգտվեց ընդդիմության սխալներից եւ շատ դեպքերում հաջողացրեց ավելի գրագետ աշխատել: Սրանով է քաղտեխոնոլոգը բացատրում այն հանգամանքը, որ շատ կուսակցություններ վերածվել են մարգինալ ուժերի: Ներկայիս արտախորհրդարանական ուժերը, ըստ նրա, այն ուժերն են, որոնք գրագետ մոտեցում չդրսեւորեցին քաղաքական գործընթացների նկատմամբ:
Հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը սկզբունքային հարցերում զիջումների չի գնում: Վառ օրինակը կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ աշխատանքն է: Այս պահին էլ Դաշնակցությունը ցանկանում է, որ վարկանշային ընտրական համակարգը վերանայվի, սակայն ՀՀԿ-ն դեմ է: Եվ պարզ է, որ չի զիջի իր դիրքերը: Բադալյանի համոզմամբ` Դաշնակցությունը վաղուց վերածվել է Հանրապետականի կցորդի, դրա համար չի կարող ինքնուրույն տեսակետ արտահայտել: «Այն պահին, երբ Սերժ Սարգսյանը չցանկանա, Դաշնակցությունն ընդհանրապես կարող է խորհրդարան չմտնել: Հաշվի առնելով, որ այն վաղուց ինքնուրույն քաղաքական գործոն չէ, դրա համար որքան ուզում է` խոսեն, դա Հանրապետականի համար էական նշանակություն չունի: Դե յուրե կոալիցիոն գործընկեր են, բայց իրականում ՀՅԴ-ն ընդամենը կցորդի դեր է կատարում: Եվ ցանկացած ժամանակ ՀՀԿ-ն կարող է ՀՅԴ-ից հրաժարվել` հօգուտ ցանկացած այլ ուժի»,-ընդգծեց Բադալյանը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԿԱՊ ՉՈՒՆԻ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիեւն ասել է, թե «…պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում եւ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, թե ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները պետք չէ կապել Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու փաստի հետ: «Չեմ կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որի համար կարեւոր են ընտրությունները: Այնտեղ ընտրությունների արդյունքը միշտ կանխորոշված է, ես առաջին հերթին դա կկապեի իրենց ներկլանային հարաբերությունների հետ: Բոլորի համար ակնհայտ է, որ առանց վստահության մթնոլորտի, առաջ շարժվելը գրեթե անհնարին է», – նշեց փոխնախարարը:

 

 

ԲԵՆԶԻՆԸ ԹԱՆԿԱՑԱՎ
Հայաստանում բենզինի գները եւս 10 դրամով բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 450 դրամով: Բացի այս` 10 դրամով թանկացել է նաեւ դիզելային վառելիքը` 450 դրամից դառնալով 460 դրամ: Ինչպես հայտնի է` դիզվառելիքը կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում, ըստ որոշ տեղեկությունների` առաջիկայում դարձյալ թանկանալու է եւ իր հերթին բերելու է նաեւ գյուղատնտեսական մթերքների թանկացման: Նշենք, որ այս տարվա մեջ բենզինի գինը բարձրանում է երկրորդ անգամ: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, բենզինի, դիզելային վառելիքի եւ փոխադրամիջոցների լիցքավորման համար գազի գներն աճել են համապատասխանաբար՝ 5.4, 16.3 եւ 11.8 տոկոսով: Սրա պատճառը այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր հարկային օրենսգիրքն է, որը մի քանի ապրանքատեսակների` բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների եւ սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում:

 

 

ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետները չեն ողջունում «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու որոշման նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ճարտարապետ, օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, նշեց, որ սա ընդամենը հերթական բիզնես ծրագիրն է: «Այդ շենքը դիտարկվում է որպես համաշխարհային լավագույն օբյեկտներից մեկը, որը ներկայացնում է 50-ականների մոդերնիզմը, ճարտարապետությունը: Ուստի նման բարբարոսությունն այդ շենքի հանդեպ դժվար է ընկալել»: Հիշեցնենք, որ օրերս քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը, որտեղ նշված է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու մասին:

 

 

 

ՀՅԴ-Ն ԴԵՄ Է
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հավատացնում է, որ ռեյտինգային ընտրակարգի շուրջ իշխող կոալիցիոն երկու ուժերի` ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի տարակարծությունները չեն ազդի կուսակցությունների հարաբերությունների վրա: «Նման բան գոյություն չունի, հարաբերությունների վատացման խնդիր չկա, ամեն ինչ պետք է տեղի ունենա մեխանիզմների մշակման դաշտում: Այդ ամենը նախատեսված է բուն կոալիցիոն հուշագրով, որից դուրս Դաշնակցությունը չի գործել: Մենք գործել ենք` համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք կան կոալիցիոն հուշագրում»,-ասել է նա: Նշենք, որ ՀՅԴ-ն դեմ է ներկայիս ռեյտինգային համակարգին` համարելով այն ոչ արդար, իսկ ՀՀԿ-ում չեն ընդունում այս տեսակետը: Պատգամավորը նշել է, որ ժամանակին իրենք կողմ են եղել ընտրական օրենսգրքի փոփոխությանը, բայց վերապահումով են ընդունել այն: Ռուստամյանի մեկնաբանությամբ` հուշագրով նախատեսված է կատարելագործել ընտրական օրենսգիրքը, ինչն էլ իրենք ուզում են անել:

 

 

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»Ը ԿՎԱՃԱՌՎԻ
«Ռոստելեկոմ» ընկերության ղեկավար Միխայիլ Օսեեւսկին հայտնել է, որ ընկերությունը կարող է վաճառել Հայաստանում իր բիզնեսը GNC-Alfa ընկերությունը: Ղեկավարի խոսքով` «միջպետական սիներգիան տեսանելի չէ»: «Մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես առավել արդյունավետ օգտագործել այնտեղ աշխատանքը, հնարավոր է` այդ թվում նաեւ վաճառքի միջոցով»,-ասել է նա: Հայաստանը ՌԴ-ի մերձավոր երկրներից առաջինն է, որտեղ «Ռոստելեկոմ»-ը սկսել է ծառայություններ տրամադրել մասնավոր հաճախորդներին: Ավելացնենք, որ «Ռոստելեկոմ» ընկերությունն իրականում պատկանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: Ավելին` Վահան Մարտիրոսյանը մինչեւ նախարար նշանակվելը եղել է GNC-Alfa ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

 

 

ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏ ԼՂՀ-ՈՒՄ
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հայտնել են, որ նույն շրջանի Նախիջեւանիկ համայնքի տարածքում աֆրիկյան ժանտախտ հիվանդության պատճառով սատկել է 31 գլուխ խոզ, որոնք պատկանում էին նույն համայնքի բնակիչներ Ս.Ս.-ին եւ Գ.Ս.-ին:




Լրահոս