ԿԵՂԾ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում ընթացող քաղաքական գործընթացները դեռ դուրս չեն գալիս 2017թ. սեպտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների հարուցած բեռի տակից: Ցայժմ Գերմանիայի խորհրդարանում հայտնված կուսակցությունները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ կառավարություն ձեւավորելու հարցում: 5 ամիս տեւած անորոշությունը, թվում էր, հաղթահարվելու էր կիրակի օրը, սակայն բանակցությունները կրկին արդյունք չեն տվել: Գերմանիային անգամ չեն փրկում կայացած խորհրդարանական ավանդույթները` երկիրը ներքաշած երկարուձիգ ճգնաժամի մեջ:

Դեռեւս նախորդ տարվա ավարտին Անգելա Մերկելը չկարողացավ համաձայնության գալ ազատ դեմոկրատների հետ: Այդ պատճառով հարկադրված եղավ կրկին հայացքը հառել սոցիալ-դեմոկրատների ուղղությամբ, որոնց հետ կոալիցիոն կառավարություն էր կազմել նախորդ ընտրություններից հետո: Հատկանշական է, որ այս ընտրությունների ժամանակ Մերկելի հիմնական քննադատը հենց սոցիալ-դեմոկրատներն էին, որոնց առաջնորդ Մարտին Շուլցը անգամ հայտարարում էր, որ քրիստոնյա դեմոկրատների հետ այս անգամ արդեն համագործակցութուն չի լինի միասնական կառավարության ձեւաչափով: Սակայն այն պահից ի վեր, երբ պարզվեց, որ ազատ դեմոկրատների հետ կառավարություն ձեւավորելն այլեւս անհնար է, սոցիալ-դեմոկրատները ստիպված եղան ընդառաջել Մերկելի առաջարկին: Խնդիրն այն է, որ նախորդ ընտրությունների համեմատությամբ` թե՛ Մերկելի, թե՛ Շուլցի կուսակցությունները ետընթաց են արձանագրել, իսկ այժմ չմիավորվելով ու կառավարություն կազմելով` ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ: Եվ քանի որ կառավարություն ձեւավորելու անընդունակության պատճառով իրավիճակը պիտի անխուսափելիորեն հանգեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ վերջին փորձը ցույց տվեց, որ դրանից տուժում են ավանդական կուսակցությունները եւ շահում աջ ծայրահեղականները, ուստի ոչ մեկի շահից էլ չէր բխում նման ռիսկի գնալը:
Մերկելը ստիպված եղավ բանակցությունների սեղանին նստել սոցիալ-դեմոկրատների հետ, իսկ Շուլցն էլ` մի կողմ դնել կոալիցիա չկազմելու մասին սկզբունքային կեցվածքը: Բանակցությունների պատրաստակամության մասին հայտարարվեց դեկտեմբերին, սակայն սայլը տեղից շատ դանդաղ է առաջ շարժվում: Այսպես` նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Մերկելն ու Շուլցը պայմանավորվել էին ներգաղթի, էներգիայի ու գյուղատնտեսության հարցերի շուրջ, սակայն ընդհանուր հայտարարի անհնար էր եղել գալ ապահովագրության համակարգի հարցում: Կարծելի է, որ դանդաղորեն ընթանալով հանդերձ` կողմերը արդեն իսկ կողմնորոշված են կոալիցիոն կառավարության հարցում: Այս ձգձգումն էլ թերեւս պայմանավորված է մարտավարական քայլերով եւ դիմացինից առավելագույնը պոկելու ձգտումով: Հանուն արդարության հարկ է նկատել, որ առողջության ապահովագրության հարցը սկզբունքային է երկու կուսակցությունների համար: Ըստ Գերմանիայում այժմ գործող կարգի` գերմանացիների մեծամասնությունն ունի հանրային ապահովագրություն, մինչդեռ հարուստները նախընտրում են մասնավոր ապահովագրությունը: Սոցիալ-դեմոկրատները պնդում են, որ ապահովագրությունը պետք է լինի միատեսակ բոլորի համար, մինչդեռ Մերկելի կուսակցությունն այս հարցում կողմնակից չէ համահարթեցմանը: Եվ ահա կիրակի օրը բանակցությունների վերջին ռաունդում համաձայնության գալ կրկին չստացվեց: Բանակցություններին ժամանելիս թե՛ Մերկելը, թե՛ Շուլցը պնդում էին, որ դժվար խոսակցություն էր սպասվում, սակայն լիահույս էին, որ կկարողանան հաղթահարել վերջին անհամաձայնությունները: Եվ ահա երկուշաբթի օրը հայտարարվեց, որ բանակցությունները տապալված են, ու սահմանված վերջնաժամկետում համաձայնությունը չկայացավ: Կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին, որ թեպետ պայմանավորվածության չեն կարողացել հանգել, սակայն որոշ հարցեր արդեն իսկ լուծված են` նկատելով, որ բանակցությունները շարունակվելու են նաեւ առաջիկայում: Շուլցն ու Մերկելը այժմ պայմանավորվել չեն կարողանում, սակայն վերլուծաբաններն ու գերմանացի քաղաքագետները լիահույս են, որ բանակցային գործընթացը կհասնի տրամաբանական ավարտին: Առաջիկա օրերին պարզ կդառնա` Գերմանիան գնո՞ւմ է նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՞ կանցլեր Անգելա Մերկելը հիմնավորվում է իր 4-րդ անընդմեջ ժամկետում: Նման հույսեր է առաջացնում նաեւ Շուլցի հայտարարությունն այն մասին, որ համաձայնության գալ դեռ հնարավոր է, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ըստ նրա` կայուն կառավարության համար անհրաժեշտ է կայուն հիմք, ինչի ապահովմանն են միտված շարունակվող բանակցությունները:
Հայաստանում կոալիցիոն կառավարություն առաջին անգամ կազմվել է 2003թ.: 2008թ. նախագահի աթոռը բազմելուց հետո Սերժ Սարգսյանը հավաքեց իրեն ծառայություն մատուցած իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններին ու նրանց տեղավորեց կառավարություն մեջ: 2012թ. ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմելուց` ՀՀԿ-ին թողնելով ՕԵԿ-ի հույսին: Արդեն 2015թ. ՕԵԿ-ին փոխարինեց ՀՅԴ-ն: 2018թ. ապրիլին ավարտվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանը, եւ ակնկալվում է, որ նա չի հեռանա իշխանությունից` դառնալով վարչապետ: Միայն թե այս բոլոր կոալիցիաները Հայաստանում, ըստ էության, արհեստական բնույթ են կրել: Գրեթե միշտ ՀՀԿ-ն ի վիճակի էր միանձնյա կառավարություն ձեւավորել, սակայն նախընտրել է նախարարական պորտֆլներ տալ փոքր կուսակցություններին: Այս փաստն իսկ հուշում է, թե որքան արհեստական ու ինքնանպատակ են եղել կազմված կոալիցիաները: Ավելին` անհնար է որեւէ դեպք հիշել, երբ կոալիցիայի պատրաստվող կուսակցությունները միմյանց հակադրվեին գաղափարական-ծրագրային սկզբունքների հիման վրա: Այդ հակադրությունը բացառապես յուղոտ պաշտոնների ու դրանց քանակի շուրջ է: Եվ նման պայմաններում իր իշխանությունը շարունակելու համար Սերժ Սարգսյանը Հայաստանի վզին փաթաթեց անկայուն խորհրդարանական համակարգը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

«ՎԻՎԱՌՈ ԲԵԹԻՆԳ»-Ի ՏՆՕՐԵՆԸ ԳՆԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ

«Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի վաճառքի գործարքը կայացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից:

«Նորք հոգեբուժական կենտրոնի» շենքի սեփականատերն այլեւս ««Հին Նորք» բիզնես-կենտրոն» ՓԲԸ-ն է: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 7-ի նիստում պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրեց վաճառքի ձեւով օտարել կլինիկայի շենքը: Անցած տարվա նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմում էր 868 մլն 329 հազար 840 դրամ: Պայմանագրի կնքումից հետո` 3 տարվա ընթացքում, ««Հին Նորք» բիզնես-կենտրոն» ընկերության հիմնադիրների մասով փոխկապակցված «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն համատեղ բազմաֆունկցիոնալ բիզնես-կենտրոն կառուցելու նպատակով իրականացնելու է 3 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում եւ ստեղծելու է 1000 աշխատատեղ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ««Հին Նորք» բիզնես-կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2015 թվականին, «Սոֆթ Կոնստրակտ»-ը` 2014 թվականին, իսկ հիմնադիրն է «Սոֆթ Կոնստրակտ Լիմիթեդ» ընկերությունը: «Սոֆթ Կոնստրակտ»-ի տնօրենը Հարություն Համբարձումյանն է: «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը խաղային բիզնեսին ծրագրեր է մատակարարում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հարություն Համբարձումյանը «Ֆաստ Կրեդիտ» գրավատների ցանցի ղեկավարների խորհրդի անդամ է: Բացի այս` Համբարձումյանը «Վիվառո Բեթինգ» ընկերության գլխավոր տնօրենն է: Ավելին` նա ղեկավարում է նաեւ «Վիվառո Գեյմ» ընկերությունը:
Ի դեպ, այսքանով չի ավարտվում Համբարձումյանի կարիերան. նա անցած տարվա` Երեւանի ավագանու ընտրության ժամանակ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու է եղել, սակայն ավագանու կազմից դուրս է մնացել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՎԱԶԵԼ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵԿՏԱՐՆԵՐԸ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է, թե նախորդ տարիների համեմատ ինչո՞ւ է նվազել Տավուշի մարզում կատարված աշնանացանի ցուցանիշը: Աբովյանի խոսքերով` մարզում կատարվել է 3 հազար 416 հեկտար աշնանացան: Իսկ ծավալների նվազման պատճառներից մեկն էլ նախորդ տարի պետության կողմից գյուղացիներին տրվող դիզելային վառելանյութի եւ պարարտանյութի պետական սուբսիդավորման բացակայությունն է եղել: Մարզպետն ասաց, որ իրենք ռուսաստաբնակ տավուշցիներին խնդրել են, եւ նրանք որպես օգնություն հացահատիկի սերմացու են ուղարկել, որը որպես նվիրատվություն տրվել է Տավուշի ֆերմերներին: Տավուշի մարզում անցած տարի տեղի ունեցած կարկտահարությունն էլ իր հերթին «ստիպեց» գյուղացիներին ցորենի աշնանացան քիչ կատարել: Տավուշի մարզում հակակարկտային հրթիռային համակարգի ներդրման հնարավորության մասին մեր հարցին ի պատասխան էլ պարոն Աբովյանը նկատեց, թե Արմավիրի եւ Լոռու մարզերում գործելու են հրթիռային հակակարկտային կայաններ: Պիլոտային այդ ծրագրի արդյունավետ լինելու դեպքում այդ համակարգերը կկիրառվեն նաեւ Տավուշի մարզում:

 

 

ԱՂԲՆ ԱՂՍՏԵՎ ԵՆ ՆԵՏՈՒՄ
Աղստեւ գետը Իջեւան քաղաքին գեղեցիկ տեսք է տալիս: Տավուշի մարզկենտրոնի գետափնյա փողոցը իջեւանցիների եւ քաղաքի հյուրերի սիրված վայրն է: Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ ծառայություն հիմնարկությունը վերջերս գետի հունը մաքրեց այնտեղ աճած ծառերից, գետում առկա տարատեսակ աղբից, ջրաբերուկներից: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ գետի հունը մաքրելը Աղստեւի հոսքն ազատ է դարձնում: Նրա խոսքերով` քաղաքապետարանը Իջեւանի բնակիչներին, գետի ափին առկա օբյեկտների տերերին զգուշացրել, հորդորել է տարատեսակ աղբն Աղստեւ չթափել, փոխարենն օգտվել ամեն օր քաղաքում աղբահանություն կատարող աղբահավաք մեքենայի ծառայությունից: Սակայն Աղստեւ գետի ափին գտնվող տարբեր օբյեկտների տերեր շարունակում են կենցաղային տարատեսակ աղբը գետը թափել` աղտոտելով Աղստեւը: Պատկերն ավելի քան տհաճ է սակավաջուր ամիսներին, երբ գետի հոսանքը չի կարողանում քշել-տանել գետը լցված տարատեսակ աղբը: Քաղաքապետ Վ. Ղալումյանն ասաց, որ առաջիկայում Իջեւանում գործարկվելու է աղբի վերամշակման գործարան, որի գործունեության արդյունքում աղբից տարբեր բնույթի արտադրանք է թողարկվելու: Միգուցե աղբի գործարան շահագործելուց հետո Տավուշի մարզկենտրոնի բնակիչները, գետափնյա խանութների, սննդի օբյեկտների տերերը աղբն Աղստեւ չլցնեն, այլ հանձնեն աղբի վերամշակման համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս