ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԿԵՐՊԱՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տպավորություն է, թե իշխանությունները որոշել են դաժան հաշվեհարդար իրականացնել այն ազատամարտիկների նկատմամբ, որոնք ոչ միայն իրենց կողքին չեն, այլեւ պայքարում են համակարգի դեմ՝ ցանկանալով իշխանափոխություն իրականացնել: Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ երեկ մեղադրող դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 11 տարվա ազատազրկում: Հիշեցնենք՝ Սէֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու, նաեւ ռազմավարական նշանակության շենքեր զավթելու մտադրությամբ խումբ հավաքագրելու մեջ: Ու հիմա մեղադրող դատախազը նրա համար 11 տարվա ազատազրկում է պահանջում այն դեպքում, երբ Սէֆիլյանը, ըստ էության, չէր իրականացրել իր մտադրությունը, եթե այդպիսին նույնիսկ ունեցել է: Իսկ ողջ տվյալներն էլ, հիշեցնենք, ձեռք էին բերվել հիմնականում գաղտնալսումների միջոցով: Այս տրամաբանությամբ սարքվեց նաեւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը. նա ձերբակալվել էր ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, 2017թ. նոյեմբերին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, ըստ մեղադրանքի՝ նա մի խումբ անձանց դրդել էր ապօրինի ձեռք բերել եւ պահել «Իգլա» զենիթահրթիռային համակարգ: Սակայն ձեռք բերած ապօրինի զենքն էլ «Իգլա» համակարգի մի խողովակ էր, ուրիշ ոչինչ: Ու տպավորություն է, թե իշխանությունները հերթով մեկուսացնում են նման մարդկանց` պահելով բանտերում: Եւ այս իրավիճակը տխուր է այնքանով, որ այդ անձանց անունները շատերի համար օրինակ են ռազմի դաշտում իրենց ցուցաբերած արիության ու մղած քաջարի մարտերի շնորհիվ, բայց հայրենի դատարանները նրանց որպես «ահաբեկիչ» պատժում են:

 

 

Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի մասին եղան տարբեր հրապարակումներ, որ հասցրել է իրեն շատ ոլորտներում փորձել՝ գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար: Եղան անգամ հայտարարություններ, որ նա խորհրդային տարիներին ԿԳԲ-ի գործակալ է եղել. նման տեսակետ հնչել է վերջերս Լոս Անջելեսում գործող հայկական հեռուստաընկերության հաղորդաշարերից մեկի ժամանակ: Որպես փաստարկ բերվում էր այն հանգամանքը, որ ԽՍՀՄ-ի օրոք Քեմբրիջի համալսարանում ամեն մարդ չէր կարող դասավանդել, իսկ Սարգսյանը դասախոսել է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Ձեզ անգամ անվանեցին ԿԳԲ գործակալ, Արմեն Սարգսյանն ասել է. «Հետո` մասոն, այլմոլորակային, տեմպլիեր, չգիտեմ… ինչ ուզեք»: Իսկ հնարավո՞ր էր ԽՍՀՄ տարիներին դասավանդել Քեմբրիջի համալսարանում առանց ՊԱԿ-ի թույլտվության, նա արձագանքել է. «Քեմբրիջի համալսարանում Խորհրդային Միությունից տասնյակ հայաստանցիներ կան, փայլուն գիտնականներ են»:

 

 

 

Երեւանի քաղաքապետարանն այս տարի եւս պատրաստվում է շատ ճոխ գնումներ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել՝ միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ՝ հուշանվերների համար, 20 մլն դրամ՝ ավիատոմսերի համար: Ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը` 10 մլն դրամ արժեքով. այսինքն՝ մեքենաների համար քաղաքապետարանը ծախսելու է ավելի քան 41 հազար դոլար: Էլ չենք խոսում Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցի մյուս ճոխ գնումների մասին: Բայց նկատենք, որ քաղաքապետարանն իրեն այսպիսի շռայլություններ է թույլ տալիս այն դեպքում, երբ կառավարությունը գումար խնայելու համար օպտիմալացումներ է սկսել՝ կրճատելով պետական բյուջեի ծախսերը: Համաձայնեք` սիրուն չէ, մեղմ ասած:

 

 

 

Թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ֆինանսական ոլորտի նախարարները մի ժամանակ պնդում էին, թե դադարել են բիզնեսից գերավճարներ հավաքագրել, դեռ ավելին՝ վերադարձնում են նախորդ տարիներից կուտակված գերավճարները, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 160.8 մլրդ դրամ գերավճար: Մինչդեռ նախորդ տարի այս թիվը համեմատաբար քիչ էր. 2017թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողների ունեցած գերավճարը կազմել էր 138.2 մլրդ դրամ: Այլ կերպ ասած, գերավճարներն ավելացել են 22.6 մլրդ դրամով: Փաստորեն այս կառավարությունը եւս չի փոխել իր գործելաոճը` շարունակելով «քերթել» գործարարներին եւ այդպես հավաքելով հնարավորինս շատ հարկեր, ընդ որում՝ նրանք գործարարներին ստիպել են կատարել ոչ միայն ընթացիկ տարվա հարկային պարտավորությունները, այլ նաեւ կանխավճար մուծել: Մինչդեռ գործարարներն այս գումարը կարող էին շրջանառության մեջ դնել ու լրացուցիչ եկամուտներ ստանալ:

 

 

ԱՆՓՈՓՈԽ
Թեեւ պաշտոնական Բաքուն հայտարարել է՝ ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններն ինտենսիվ կշարունակվեն Ադրբեջանում եւ Հայաստանում սպասվող նախագահական ընտրություններից հետո, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջանային այցը վկայում է, որ բանակցային գործընթացը, որպես այդպիսին, կանգ չի առել: Առավել եւս, երբ պարզ է՝ այդ ընտրությունների արդյունքում հազիվ թե երկու երկրներում իշխանափոխություն լինի. Ադրբեջանում կշարունակի նախագահել Իլհամ Ալիեւը, իսկ Հայաստանը թեեւ նոր նախագահ կունենա, հանձին Արմեն Սարգսյանի, բայց ԼՂ խնդրում բանակցողը խորհրդարանական կառավարման պարագայում լինելու է վարչապետը, այդ պաշտոնի հավանական թեկնածուն էլ Սերժ Սարգսյանն է: Այնպես որ, բանակցային սեղանին կրկին հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը:
Հենց այդ պատճառով էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց խոսքերում ավելի «գործնական» են գտնվել եւ խոսել իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի մասին: Իհարկե, մինչ համանախագահները փորձում են մոտեցնել կողմերի դիրքորոշումը, որոշակի փոփոխություն է նկատվում հատկապես Ադրբեջանի հռետորաբանության մեջ. Ալիեւը հայտարարել է, թե թույլ չի տա իրենց հողի վրա հայկական երկրորդ պետականության ստեղծում: Եթե հաշվի առնենք փաստը, որ Ալիեւն այս խոսքերն ասել է նախընտրական շրջանում, դրանց մեծ հաշվով պետք չէ լուրջ վերաբերվել. ընտրողների համակրանքը շահելու համար նա փորձելու է խստացնել հռետորաբանությունն ու անզիջում կեցվածք է ընդունել: Ցավալի է միայն այն հանգամանքը, որ այս հռետորաբանության շրջանակներում Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, եւ արդյունքում հայկական կողմն ունի զոհ:
Հիմա Սերժ Սարգսյանն իր հերթին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումների ժամանակ ուշադրություն են հրավիրել պաշտոնական Բաքվի հռետորաբանության վրա: Երեկ Ս. Սարգսյանը նշել է, թե այդ հայտարարությունները եւս մեկ վկայությունն են այն բանի, թե որքան հեռու է Ադրբեջանը ՄԽ համանախագահների առաջարկությունների հիման վրա ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ԼՂ խնդրին անդրադարձել է նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին` ասելով, որ ԵՄ-ն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին եւ կակտիվացնեն բանակցային գործընթացը` նաեւ ընդգծելով, որ ստատուս քվոն կայուն չէ:




Լրահոս