Երեկ` Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ, մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը հանդես եկավ մեղադրական ճառով` նրա համար պահանջելով 11 տարվա ազատազրկում: Կազմակերպված խմբի կողմից ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող մյուս անդամների համար հետեւյալ չափով մեղադրական ճառեր են պահանջել` մեղադրողը Գեւորգ Սաֆարյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար` 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար` 2 տարի ազատազրկում:
Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայով զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:
-Պարո՛ն Ենիգոմշյան, մեղադրող դատախազը Սէֆիլյանի համար 11 տարի ազատազրկում պահանջեց: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը, սպասելի՞ էր:
-Բնականաբար սա այս վարչախմբի եւ նրա պարագլխի կողմից քինախնդրություն է: Չնայած դա չի զարմացրել, որովհետեւ սպասվում էր՝ նման քինախնդրությամբ հանդես կգա, եւ բացի դրանից` պետք է ասեմ, որ մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպիսի քաղաքականություն է վարում նույն այդ անձը եւ նրա համակարգը: Քամահրանքով են վերաբերվում` ոչ միայն երկրի ժողովրդի ընտրական, մարդկային իրավունքներին, այլ նաեւ ձեւականություններին որեւէ նշանակություն չտալով: Դա մենք տեսնում ենք վերջին տասն օրերի ընթաքում, երբ իրար հետեւից ներկայացվում են նախագծեր, որոնք ամբողջացնում են դա: Այսինքն` մյուս կողմից այս վերաբերունքն է, եւ այսօրվա այս վարչախմբի դատախազի կողմից ներկայացված դատավճռի պահանջը, բացի քինախնդրության դրսեւորում լինելուց, նաեւ հստակ ուղերձ էր՝ «ես ոչ միայն հստակ անում եմ այն, ինչ անում եմ երկրի հետ կապված, այլ ես ամենայն խստությամբ եմ վերաբերվելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն ինչ-որ բան իրականացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի քաղաքացիների համար»: Մի կողմից` քինախնդրություն է, մյուս կողմից` նաեւ ուղերձ է, որ այս ընթացքն ինքն է շարունակելու, եւ բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն հօգուտ երկրի ցանկացած բան անելու, նրանք հալածանքների են ենթարկվելու:
-Ըստ երեւույթին, Սէֆիլյանին բանտարկելու համար հիմք է հանդիսացել գաղտնալսումը, այսինքն` որեւէ քայլ չի իրականացվել: Նրա ձերբակալումն ի՞նչի հետեւանք եք համարում:
-Թե ինչ նպատակ էր հետապնդում, դա պարզ էր, քանի որ Ժիրայր Սէֆիլյանն անձամբ եւ այն շարժումը, որի առաջնորդներից էր կամ առաջնորդն էր ինքը, Հայաստանի քաղաքական դաշտում երեւի թե այն եզակի ուժն էին, հազվագյուտներից, որ այս վարչախմբի խաղի կանոններին չէր ենթարկվում: Եվ հենց դա էր հիմնական ընդդիմադիր այն ուժը, որը խնդիր էր դրել իր առաջ` երկրում այս գահավիժող ընթացքին վերջ դնել: Նման ուժի եւ նման ուժի խորհրդանիշին որոշեցին պատժել, դա է պատճառը:
-Ի՞նչ հետեւանքների կարող են հանգեցնել:
-Իսկ թե ինչպիսի հետեւանքներ կարող են լինել, դա, կարծում եմ, ոչ մի դեպքում մեր ժողովուրդը չի հանդուրժի ոչ միայն Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ նման վերաբերմունքը, այլ նաեւ տիրող իրավիճակի նկատմամբ: Միանշանակ անտարբերություն չի լինի: Բնական է, որ այս իրավիճակը չի կարող այսպես շարունակվել, եւ կոնկրետ Ժիրայր Սէֆիլյանի դատավճիռը, բնականաբար, չի կարող անարձագանք մնալ:
-«Սասնա ծռեր» շարժումը ձեւավորվեց հենց նրա կալանավորումից հետո, եւ շարժման անդամները պահանջում էին նաեւ Սէֆիլյանին ազատ արձակել: Կարո՞ղ ենք ասել, որ Սէֆիլյանի կալանավորումը հանգեցրեց այդ դեպքերին:
-Գիտեք` ես տվյալներ չունեմ ասելու, որ Սէֆիլյանի ձերբակալմանն ինքնաբերաբար հաջորդեց «Սասնա ծռերի» գործողությունը: Չի բացառվում, որ դա եւս վերջին կաթիլներից մեկն է եղել, բայց միայն դրանով պայմանավորել նրանց գործողությունները, իհարկե, չի լինի: Բայց վստահաբար դա նաեւ իր ազդեցությունն ունեցել է, դրանից առաջ էլ քառօրյա պատերազմը: Այդ ամեն ինչի արդյունքն է «Սասնա ծռերը»: Նրանք Սէֆիլյանին ընդունում էին որպես իրենց գաղափարական առաջնորդը, բայց ոչ այդ գործողության: Եվ այդ առումով միմյանց հետ կապել կարող ենք, կապ կա:
ՄԱՍՈ՞Ն, ԿԳԲ ԳՈՐԾԱԿԱ՞Լ, ԹԵ՞…
Երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում տեսնում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին, բոլորը տրամաբանորեն սկսեցին փաստեր ներկայացնել նրա գործունեությունից եւ անցած ուղուց: Ի վերջո, Արմեն Սարգսյանը հավակնում է դառնալ ՀՀ չորրորդ նախագահ, եւ պետք է իմանալ, թե ով է նա:
Արմեն Սարգսյանի անձի մասին այս օրերին բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, հասցրել է իրեն շատ ոլորտներում փորձել՝ գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար: Նրա զբաղեցրած պաշտոնների, ունեցած կապերի եւ բիզնեսների մասին այս օրերին շատ է խոսվել: Ընդհուպ եղան հայտարարություններ, որ նա խորհրդային տարիներին ԿԳԲ-ի գործակալ է եղել. նման տեսակետ հնչել է վերջերս Լոս Անջելեսում գործող հայկական հեռուստաընկերության հաղորդաշարերից մեկի ժամանակ:
Բանն այն է, որ դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-85թթ. եւ 1989-91թթ) նա եղել է օտաերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում: Սակայն այդ ժամանակ ապրողները կհիշեն, որ խորհրդային տարիներին հնարավոր չէր դասավանդել Քեմբրիջի համալսարանում՝ առանց խորհրդային ՊԱԿ-ի թույլտվության, իսկ թույլտվություն հնարավոր էր ստանալ որոշակի առնչություն ունենալու դեպքում: Երեկ այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը հարց է ուղղել Արմեն Սարգսյանին, եւ, բնականաբար, վերջինս ամեն կերպ փորձեց շրջանցել հարցը:
-Պարո՛ն Սարգսյան, ամերիկյան հեռուստատեսությամբ հայտարարություններ եղան, Ձեզ անգամ անվանեցին ԿԳԲ գործակալ, ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Հետո` մասոն, այլմոլորակային, տեմպլիեր, չգիտեմ… ինչ ուզեք:
-Բայց հնարավո՞ր էր խորհրդային տարիներին դասավանդել Քեմբրիջի համալսարանում առանց խորհրդային ՊԱԿ-ի թույլտվության:
-Քեմբրիջի համալսարանում Խորհրդային Միությունից տասնյակ հայաստանցիներ կան, փայլուն գիտնականներ են:
Երեկ նա լրագրողների հետ զրույցում փորձել է պարզաբանել իր քաղաքացիության հետ կապված հարցերը՝ վստահեցնելով, թե վաղուց է հրաժարված եղել Բրիտանիայի քաղաքացիությունից: Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը: Մինչդեռ նախօրեին «Հետք» պարբերականը հրապարակել է բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցված տվյալներ, որոնց համաձայն էլ Արմեն Սարգսյանը 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Երեկ լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, թե ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011-ին: «2000 թվականին, երբ որ ես հրամանով ազատվեցի հանրապետության դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ աշխատում էի առանց աշխատավարձի, դրանից հետո ես դիմել եմ եւ ստացել քաղաքացիությունը 2002 թվականին: Հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին», – նշեց նա` վստահեցնելով, թե պարզապես տվյալները չեն թարմացվել:
Իսկ վերջում Արմեն Սարգսյանը մեկ ուշագրավ հայտարարություն արեց. նա նշեց, թե առաջադրվելու դեպքում ցանկանում է լինել ոչ թե Երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ Հայաստանի չորրորդ հանրապետության առաջին նախագահը:
Հուսանք՝ Արմեն Սարգսյանը երեկ որոշել էր կատակել, բայց այդ դեպքում կատակը բավական անհաջող ստացվեց: Իսկ եթե նա լրջորեն այդպես է մտածում, ուրեմն չարաչար սխալվում է: Բանն այն է, որ դեռեւս ապրում ենք 1991թ. անկախության հանրաքվեի միջոցով ստեղծված Հայաստանի Հանրապետությունում, եւ այդ երկիրը դեռ կա, գոյություն ունի ու պետք է լինի: Իսկ եթե նա նկատի է ունեցել այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններով փոխվեց կառավարման համակարգը, ապա հիասթափեցնենք. սա դեռ հիմք չէ չորրորդ հանրապետություն կոչելու համար:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՓՈՂԸ ԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ԱԺ ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակի նախկին թեկնածուներից տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանի մասով գործը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2013 թվականների ընթացքում չի իրականացրել վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ նախարարության տեսչության պետի որոշումների նախապատրաստման, հաշվառման եւ տեղեկանքների կազմման աշխատանքները, ինչի արդյունքում պետությանը հասցվել է 8 միլիոն 320 հազար դրամի վնաս: Ավելի ուշ Արծրուն Նաջարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել էր վաղեմության ժամկետը անցնելու հիմքով: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կարճվելուց հետո դատախազությունը քաղաքացիական հայց է ներկայացրել Նաջարյանի դեմ՝ պահանջելով հատուցել գումարը: էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր դատախազության հայցը: Դատախազությունը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Սակայն այստեղ էլ մերժում ստանալուց հետո դատախազությունը որոշել է դիմել վճռաբեկ դատարան:
ՔՆՆԱԴԱՏՎԱԾ ՕՐԵՆՔԸ
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեցին նախօրդ օրը քննարկված նախագծերը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարզել է, որ այդ նախագծերի քվեարկության ժամանակ հետաքրքիր պատկեր է արձանագրվել: Նախօրեին, երբ խորհրդարանում քննարկվում էր «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, «Ծառուկյան» խմբակցության կողմից բազմաթիվ քննադատություններ էին հնչում, սակայն երեկ քվեարկության ժամանակ, այդ ամենը մի կողմ դնելով, Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե կողմ են քվեարկելու նախագծին: Արդյունքում դեմ քվեարկեց միայն «Ելքը», եւ արձանագրվեց 89 կողմ, 7 դեմ ձայն: «Հանրային խորհրդի մասին» օրենքը եւս երեկ բուռն քննարկվեց, ընդդիմադիրներն այդ կառույցը նույնիսկ մեռելածին անվանեցին, եւ քվեարկության պատկերը համահունչ էր, կողմ էին քվեարկել միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն՝ 62 կողմ, իսկ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները դեմ էին՝ 34 դեմ: Իսկ ահա «Քաղաքացիական դատավարության մասին օրենքը», որտեղ ամրագրված է փաստաբաններին տուգանելու դրույթը, արժանացավ բազմազան քննադատության: Այստեղ էլ, բացի ՀՀԿ-ից, բոլորը քննադատում էին այս դրույթը, սակայն դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, թե ազատ են թողնում քվեարկությունը, իսկ ահա ՀՅԴ-ն, չնայած քննադատությանը, ձեռնպահ քվեարկեց: «Ծառուկյան» խմբակցությունից կողմ են քվեարկել Նորա Առուստամյանը, Հակոբ Նազարյանը, Գեւորգ Պետրոսյանը, իսկ ահա ձեռնպահ՝ Վանիկ Ասատրյանը, Կարինե Պողոսյանն ու Իշխան Զաքարյանը: