ԲԱԲԼՈՅԱՆԸ՝ ԲԱՐԵԽԻՂՃ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վերջապես անդրադարձել է կառավարության ներկայացրած օրինագծին, ըստ որի` խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ նախագահն այլեւս ընդգրկված չի լինելու անվտանգության խորհրդի կազմում:

«Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին եւ ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության վերահսկողության վրա եւ մենք չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պետք է վերահսկենք: Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»,- երեկ դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ասել է նա:
Բաբլոյանի խոսքերից հետո ոչինչ չի մնում անելու, քան ժամանակների դասականի նման բացականչել՝ «Իյա, իրո՞ք»:
Հետաքրքիր է՝ ո՞վ է Արա Բաբլոյանին համոզել կամ ներշնչել, որ իրենք բարձրագույն մարմին են: Իսկ մի՞թե բարձրագույն, վերահսկողական մարմին կարելի է համարել այն խորհրդարանը, որ վաղուց ի վեր դարձել է կառավարության կցորդը, վերածվել է պարզապես կոճակ սեղմողների ակումբի: Հազիվ թե բարձրագույն մարմինն իրեն թույլ տար, որ կառավարությունն իր ձեռքը վերցնի օրենսդրական նախաձեռնությունների իրավունքը եւ ստիպի ընդունել իր բերած հատկապես նախագծերն արտահերթ նիստերով:
Իսկ եթե Բաբլոյանը նկատի ունի ԱԺ կանոնակարգ-օրենքի մասը, որտեղ առանձին նշված է խորհրդարանական վերահսկողության մասին, ապա հիասթափեցնենք, այդ ամենը զուտ ձեւական է, թղթի վրա գրված: Գոնե այս խորհրդարանի պարագայում, որովհետեւ դժվար է պատկերացնել՝ նրանք ինչպե՞ս են վերահսկելու ապագա կառավարությանը, երբ վարչապետը դառնա Սերժ Սարգսյանը: Համարձակվելու են նրան հրավիրել խորհրդարան՝ հաշիվ տալո՞ւ:
ԱԺ կանոնակարգ-օրենքի 122-րդ հոդվածում սահմանված է, որ, օրինակ, մշտական հանձնաժողովները խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ, կարող են տեղեկություններ պահանջել կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Բացի այդ` ԱԺ կանոնակարգ-օրենքի 123-րդ հոդվածում ներկայացված են հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ անցկացնելու կարգը: Հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ:
Արի ու տես, որ այս ԱԺ-ն իր գոյության մոտ մեկ տարվա ընթացքում այդպես էլ չի օգտվել վերահսկողական ֆունկցիաներից: Կամ եթե փորձ արել է օգտվելու, ապա ամեն ինչ ավարտվել է «մկների ժողով» հիշեցնող տեսարաններով, որտեղ բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա: Վերջին շրջանում մի շարք ապրանքատեսակների թանկացման թեմայով անցկացված լսումների ժամանակ միայն հնչեցին ելույթներ՝ ընդդիմադիր խմբակցությունները քննադատեցին, իշխանությունները պաշտպանվեցին ու սկսեցին համոզել, թե գնաճը բնական էր, եւ վերջ: Այդպես էլ որեւէ որոշում, եզրահանգում չարվեց: Դրանից հետո, թերեւս, դժվար է պատկերացնել, թե ինչպես է նույն ԱԺ-ն կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ վերահսկողություն անելու եւ համապատասխան պաշտոնյաներին հաշվետվություն ներկայացնելու համար խորհրդարան հրավիրելու:
Ինչ վերաբերում է օրենքների կատարման ընթացքին, ապա, օրինակ, ՀՀ սահմանադրական դատարանը տարբեր օրենքների տարբեր դրույթներ այս տարիներին ճանաչել է հակասահմանադրական, բայց պարզվում է՝ ԱԺ-ն այդպես էլ ՍԴ որոշումների հիման վրա օրենսդրական փոփոխություններ չի արել եւ հակասահմանադրական դույթները Սահմանադրությանը չի համապատասխանեցրել. ասվածի ապացույցը ՄԻՊ-ի վերջին հաղորդագրությունն էր, որտեղ նշված էր այդ մասին:
Ինչեւէ: ԱԺ կանոնակարգ-օրենքի 115-րդ հոդվածում էլ նշված է, թե Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները, իսկ առկայության դեպքում նաեւ` հաշվեքննության օբյեկտի ղեկավարի կողմից ընթացիկ եզրակացության վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը: Ուսումնասիրության արդյունքով հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել` հրավիրելու հանձնաժողովի նիստ կամ ոլորտային հանձնաժողովների հետ համատեղ նիստ:
Սակայն իրականության մեջ չենք կարող շատ դեպքեր մտաբերել, երբ Ազգային ժողովն իր այս գործառույթն իրականացրել է: Իհարկե, դրա համար «սահմանադրության փայլուն գիտակ» խորհրդարանականները կշտապեն ասել, թե դեռ ուժի մեջ չի մտել Սահմանադրության կետը, ըստ որի` վերահսկիչ պալատը դառնում է հաշվեքննիչ պալատ, ավելին՝ դեռ չկան հաշվեքննիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները, այնպես որ, իրենք չեն կարող հանձնաժողովների նիստում քննարկել նման հարցեր: Վստահ ենք՝ Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց եւ հաշվեքննիչ պալատի գործունեության ժամանակ էլ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները չեն համարձակվի ընթացիկ հաշվետվությունները քննարկման առարկա դարձնել: Սա այն պարզ պատճառով, որ ՀՊ-ն բացահայտելու է պետական համակարգում կոռուպցիան, պետական միջոցների վատնումն ու փոշիացումը, իսկ խորհրդարանական իշխող մեծամասնությանը ձեռնտու չէ այդ փաստերը վերհանելն ու դրանց ուղղությամբ քննարկումներ ծավալելը:
Ստացվում է` Ազգային ժողովի նախագահն այս դեպքում դե ֆակտո չունի որեւէ լիազորություն, որով կարողանա պայքարել իր համար ստեղծված դաժան իրականության դեմ: Իսկ իրականությունն այն է, որ նախագահականից խորհրդարանականի վերածված երկրում անվտանգության խորհրդի կազմում նպատակահարմար չհամարեցին ընդգրկել Ազգային ժողովի նախագահին:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՆԱԶԱՐՅԱՆԸ՝ ՆԱԽԱՐԱ՞Ր
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին ապրիլին ձեւավորվելիք կառավարությունում կփոխարինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Նազարյանին: «Այդ պաշտոնը թափուր չէ հիմա: Ես կարծում եմ` Ձեր ինֆորմացիան իրականությունից բավականաչափ հեռու է,- ասաց նա` հավելելով,- ես ո՛չ առաջարկ եմ ստացել, ո՛չ էլ նման բան կա»: Այնուամենայնիվ, առաջարկ լինելու դեպքում Նազարյանը կընդունի՞ այն, թե՞ ոչ. «Ես եթե-ներով չեմ խոսում: Չգիտեմ: Պատրաստ չեմ Ձեր որեւէ հարցին պատասխանել: Երբ առաջարկեն, այն ժամանակ Ձեզ հետ կխոսեմ»:
Հիշեցնենք, որ հունվարին Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո որոշվել էր շարունակել պաշտոնավարումը. հավանաբար նրան համոզել էին դիմանալ եւս երկու ամիս:

 

 

ՇԵՆՔ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ
«Ոսկու աշխարհ» շուկայի, «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ընդլայնում է իր բիզնեսը, այս անգամ անցորդների, հետիոտների հաշվին: Մ. Խորենացի հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» կոչվող շուկայի շենքի մուտքի հարեւանությամբ` անմիջապես մայթին մոտ, շինաշխատանքներ են իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ հատվածում շինություն կառուցում է հենց շուկայի սեփականատեր Վ. Աբրահամյանը: Այս թեմայի շուրջ զրուցեցինք նրա հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչ է կառուցում: «Գեղեցկացնում ենք, մեծացնում, ավելի բարենպաստ ենք դարձնում: Ո՛չ, դա հետիոտնի, անցորդի հաշվին չէ: Դա մեր սեփական տարածքն է, ես ընդամենը վեց մետր եմ գնում առաջ, այնտեղ բացի մայթից` եւս երեք մետր ավել ենք թողնում: Քաղաքապետարանը տեղյակ է, ամեն ինչ օրինական է»,- պարզաբանեց Աբրահամյանը:

 

 

ՎԵՐԱՈՐԱԿՈ՞ՒՄ
Դեկտեմբերի 17-ին` «Կոնվերս բանկի» Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ քրեական գործով մեղադրյալների մեղադրանքի վերաորակում լինի՝ մեղմացվի կամ նորն առաջադրվի: Հարցերի պատասխանը, ամենայն հավանակությամբ, կտրվի մինչեւ փետրվարի վերջ, քանի որ իրավապահ համակարգն այդ ժամանակ է ակնկալում, որ մեղադրյալներից Վրաստանում հայտնաբերված Պյոտր Ցիգանկովին կտեղափոխեն Հայաստան:

 

 

ԲԱՐԴ ԳՈՐԾ Է
2008թ. մարտի 1-ի սպանդից տասը տարի անց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտարարել է, թե «Մարտի 1-ի» գործը բարդ գործ է: Թեեւ պնդեց, որ տասը սպանությունների քննությունը կասեցված չէ, գործն էլ կարճման միտում չունի, այնուհանդերձ որեւէ տեղեկություն չհայտնեց բացահայտման արդյունքների մասին: «Երբ որ ես հանրությանը զեկուցելու առիթ ունենամ, այսինքն՝ մենք ունենանք, օրինակ, այնպիսի իրավիճակ, երբ որեւէ անձի դատի տալու խնդիր ունենք, որեւէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինենք՝ բավարար ապացույցների համակցությամբ, բնականաբար դա կիրացվի: Այս պահի դրությամբ նախաքննությանը բնորոշ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: Որոշակի արդյունքների ձեռքբերումների մասին անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնությունը, – «Ազատության» հարցին ի պատասխան` ասել է Արթուր Դավթյանը եւ հավելել,- բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ, բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար: Իսկ «Մարտի 1-ի» քրեական գործի բարդության մասին, կարծում եմ, բոլորդ լիարժեք պատկերացում ունեք: Ինքը բարդ գործ է, ինքը հազարից ավելի հարցաքննման ենթակա անձանց, բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիր է»:

 

 

ԿԱՐԵՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը եւ զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նա գոհունակությամբ է խոսել վերընթաց զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ին քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Միաժամանակ Ս. Սարգսյանը կարեւորել է Միացյալ Նահանգների ներդրումը տարածաշրջանում գոյություն ունեցող փխրուն կայունությունը պահպանելու գործում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը դրական ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերություններն առավել ամրապնդելու գործում:
 

ՄԱՀԱՑԵԼ Է
Փետրվարի 8-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը` մինինգոկոկցեմիա` կայծակնային ձեւ) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը:




Լրահոս