ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ 20 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ ՄԵՔԵՆԱ ԿԳՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է ընթացիկ տարվա գնումների պլանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանը այս տարի եւս ոչ մի կոպեկ չի տնտեսելու` շռայլորեն վատնելով համայնքային բյուջեի միջոցները: Ու սա այն դեպքում, երբ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի պետական համակարգն ըստ էության անցել է ծախսերի խնայողական ռեժիմին: Մինչդեռ պարոն Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցն, ընդհակառակը, շարունակում է մսխել:

Այսպես` քաղաքապետարանի աշխատակազմը նախատեսել է գնել 60 հատ բնական հյութ, որի յուրաքանչյուրի արժեքը կազմում է 1200 դրամ: Մինչդեռ, նկատենք, քաղաքապետարանը կարող էր մի փոքր խնայողաբար մոտենալ եւ գնել ոչ թե 1200, այլ 700-800 դրամանոց հյութեր: Ամեն դեպքում, հնարավոր է բնական հյութի գնման դեպքում փոքր-ինչ զուսպ լինել եւ տնտեսել: Փոխարենը քաղաքապետարանը 72 հազար դրամ է նախատեսել ծախսել 60 հատ հյութի համար: Հյութից բացի` կգնվի նաեւ 35 հատ շոկոլադ, որի յուրաքանչյուրն արժի 6500 դրամ, եւ ընդհանուր կոնֆետների համար կծախսվի 227 հազար 500 դրամ: Բնականաբար, քաղաքապետարանի աշխատակազմը առանց սուրճի չի մնա. կգնվի նաեւ 32 հատ 2500 դրամանոց լուծվող սուրճ, որի համար ընդհանուր կծախսվի 80 հազար դրամ: Իսկ 600 հատ ապակյա շշով ջրի համար` 90 հազար դրամ, գազավորված հանքային ջրի դեպքում` 30 հազար 450 դրամ: Համաձայնեք` քաղաքապետարանում իրոք որոշել են ճոխ ապրել: Միայն թե, ցավալի է, որ այս ամենն արվում է երեւանցիների վճարած հարկերի արդյունքում:
Գնումների պլանից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն հուշանվերների գնման համար նախատեսվում է ծախսել 45 մլն դրամ գումար: Բայց հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հուշանվերների մասին է խոսքը, համենայնդեպս պաշտոնական փաստաթղթում այդ մասին ոչինչ նշված չկա: Բայց քաղաքապետարանի դեպքում դժվար չէ կռահել, թե ինչ հուշանվերներ են: Հիշենք միայն, որ անցած տարվա ընթացքում քաղաքապետարանը գնել էր սպիտակ օնիքսից գինու 4 հատ բաժակ, որի յուրաքանչյուրը քաղաքային բյուջեի վրա նստել էր 145 հազար 200 դրամ:
Ծաղկային կոմպոզիցիաների համար եւս քաղաքապետարանը միջոցներ չի խնայել. նախատեսել է ծախսել 8 մլն դրամ: Միայն 100 հատ ծաղկային կոմպոզիցիայի համար մտադրվել են ծախսել 3 մլն դրամ, որի մեկ հատը արժի 30 հազար դրամ: Բացի այս` նախատեսվել է գնել նաեւ 10 հազար դրամանոց 200 հատ ծաղկային կոմպոզիցիա` ընդհանուր ծախսելով 2 մլն դրամ, եւ 60 հատ ծաղկային կոմպոզիցիա` պսակ` 50 հազար դրամանոց, որի համար ընդհանուր ծախսվելու է դարձյալ 3 մլն դրամ:
Նաեւ` ընթացիկ տարում քաղաքապետարանը նախատեսում է գնել երկու մարդատար ավտոմեքենա, յուրաքանչյուրը` 10 մլն դրամ արժեքով: Այսինքն` երկու ավտոմեքենայի համար քաղաքային բյուջեից կծախսի 20 մլն դրամ: Փաստորեն քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսելու է 20 հազար դոլար մեկ ավտոմեքենայի համար:
Իսկ 97 հազար 80 լիտր պրեմիում տեսակի բենզին գնելու համար նախատեսել է հատկացնել 36 մլն 890 հազար 400 դրամ: Այսինքն` քաղաքապետարանը մտադիր է պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը գնել 390 դրամով այն դեպքում, երբ ՀՀ բենզալցակայաններում այն այս տարվա մեջ արդեն հասցրել է երկու անգամ թանկանալ` դառնալով 470-480 դրամ: Իսկ ահա ռեգուլյար տեսակի 84 հազար լիտր բենզինի համար կծախսվի 32 մլն 760 հազար դրամ: Նաեւ տեղեկացնենք, որ 49 ավտոմեքենաների պահպանման ծառայությունների համար կծախսվի 220 մլն 500 հազար դրամ: Ստացվում է, որ մեկ ավտոմեքենայի պահպանման համար տարեկան ծախսվում է 4.5 մլն դրամ: Համաձայնեք, որ փոքր-ինչ չափազանցված է:
Ավիատոմսերի ձեռքբերման համար նախատեսվում է հատկացնել 20 մլն դրամ: Այլ կերպ ասած, պարոն Տարոն Մարգարյանը որոշել է համայնքային բյուջեի հաշվին մի լավ շրջագայել գործուղումների անվան տակ: Ռեստորաններում սպասարկման ծառայությունների, այլ կերպ ասած, քաղաքապետարանի քեֆերի համար կծախսվի 35 մլն դրամ: Իսկ հյուրանոցային ծառայությունների համար կհատկացվի 35 մլն դրամ:
Երեւանի փողոցների, մայթերի, բակային տարածքների սալահատակման եւ ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսվել է ծախսել 3 մլրդ 12 մլն 600 հազար դրամ: Ի դեպ, այս աշխատանքերի մեջ մտնում է նաեւ եզրաքարերի հիմնանորոգումը, շենքերի, շինությունների նորոգումը եւ այլն: Օրինակ` հետիոտնային վերգետնյա անցումների կառուցման համար կծախսվի 405 մլն դրամ:
Ինչպես հայտնի է` Երեւանի քաղաքապետարանը ամեն տարի գնում է թուջե ձուլվածքով «Երեւան» անունով գերթանկարժեք նստարաններ եւ աղբամաններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարի եւս քաղաքապետարանը դրանցից կգնի: Այսպես` կգնվի 550 հատ «Երեւան» թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատն արժի 165 հազար դրամ: Այսինքն` ընդհանուր նստարանների համար կծախսի 90 մլն 750 հազար դրամ գումար: Իսկ 600 հատ 78 հազար դրամանոց աղբամանների համար կծախսի 46.8 մլն դրամ: Բացի այս` գնվելու են նաեւ 46 հազար դրամանոց 800 հատ նստարան, որի համար ընդհանուր ծախսվելու է 36.8 մլն դրամ: Նաեւ ավտոբուսի 30 հատ կանգառների համար կծախսվի մոտ 25 մլն դրամ: Իսկ հայտարարությունների փակցման գրատախտակների համար կծախսվի 3 մլն դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ փառատոների կազմակերպման ծառայությունները քաղաքային բյուջեի վրա կարժենան 15.5 մլն դրամ: Խոսքը, հավանաբար, ձմերուկի, գարեջրի եւ նմանատիպ փառատոների մասին է:
Իսկ ահա ծառեր գնելու համար 20 մլն դրամ կհատկացվի, իսկ դրանց ճյուղերի էտման համար` 19 մլն 996 հազար 410 դրամ, ուղիղ 3590 դրամով պակաս ծառերի գնման համար նախատեսված հատկացումից: Ինչը անհասկանալի է: Իսկ ահա առողջության ապահովագրական ծառայության համար կծախսվի 59 մլն 709 հազար դրամ: Ի դեպ, այսքան ընդամենը կազմել է քաղաքապետարանի աշխատակիցների առողջության ապահովագրությունը: Հետաքրքիր է, թե ինչու գնումների պլանում տեղ չեն գտել թանկարժեք կոնյակները, որոնց գնման համար քաղաքապետարանը միլիոններ է ծախսում: Ամենայն հավանականությամբ, այսպես փորձել են զերծ մնալ մամուլի ուշադրության կենտրոնում ավելորդ անգամ հայտնվելուց: Բայց հիասթափեցնենք՝ այդ ծախսերը թաքցնելը հազիվ թե փրկի պարոն Տարոն Մարգարյանին ու նրա ղեկավարած կառույցին:
Մեկ ուշագրավ փաստ էլ. որեւէ երաշխիք չկա, որ հատկացված միջոցները մինչեւ վերջին լուման ծառայում են իրենց նպատակին, ընդհակառակը, համառ կասկածներ կան, որ իրականում գնումների գումարի մի մասը ատկատի ճանապարհով հոսում է քաղաքապետի, նրա տեղակալների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գրպանը` նպաստելով նրանց գերհարստացմանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ
ՀՀ ԱԺ-ն քննարկել է «Ներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող օրենքի նախագիծը եւ այլն: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է աջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելող օրենքի նախագիծը: «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկել է 63, դեմ` 34 պատգամավոր: Նախագծով նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ից մինչեւ 2018թ. հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելվում է ժամանակավորապես, քանի որ Մաքսային միության հանձնաժողովի` 2011թ. որոշմամբ 2018թ. հոկտեմբերից արգելվելու է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ աջ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը: 2018թ. ապրիլի 1-ից ՀՀ-ում արգելվելու է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների հաշվառումը:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ, որով առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել` ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների: ԱՄՆ Կոնգրեսի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը: Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմագործողությունների պատճառով: Նիստին ելույթ ունեցած Թ. Լյուն նշել է. «Մենք բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Դա պատմական իրողություն է: Եվ միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Հիմա իսկական ժամանակն է այդ օրինագիծը հաստատելու»:

 

 

 

ՈՒՍԱՆՈՂԻՆ ԴԱՏԻ ՉԵՆ ՏՎԵԼ

Խ. Աբովյանի անվան Երեւանի պետական համալսարանն արձագանքել է «Ժողովուրդ» օրաթերթի` փետրվարի 8-ի համարում «Համալսարանը դատի է տալիս ուսանողներին» վերնագրով լուրին: «Մանկավարժական համալսարանը երբեք, իր 96-ամյա պատմության մեջ որեւէ ուսանողի դատի չի տվել: Համալսարանը դատական կարգով վիճարկել է շրջանավարտի գործունեությունը, որը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Նյութում նշված խնդիրը առնչվում է նպատակային ուսուցմանը:

Նպատակային կրթությունը ուսում է ՀՀ պետական բյուջեի հաշվին:
Այն նպատակ ունի բարձր լեռնային ու սահմանամերձ շրջաններում համալրել գերակա համարվող ոլորտների մասնագետների շարքերը: Կրթությունը մեկնարկելուց առաջ եռակողմ պայմանագիր է կնքվում բուհի, նպատակային ուսուցման խնդրանքով դիմած կողմի` ապագա գործատուի, եւ դիմորդի միջեւ, որն իր ուսումնառությունն անցնում է անվճար` պետական բյուջեի հաշվին: Ուսումն ավարտելուց անմիջապես հետո մասնագետը պարտավորվում է առնվազն 3 տարի աշխատել այնտեղ, որտեղ սահմանվել էր պայմանագրով: Սակայն լինում են դեպքեր, երբ կողմերից մեկը չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները` կա՛մ գործատուն, կա՛մ անվճար սովորած մասնագետը: Մանկավարժական համալսարանը պարտավոր է պետբյուջեի հաշվին սովորած ուսանողի ճակատագրով հետամուտ լինել, եւ հենց այստեղ պարզվում է, որ կողմերից մեկը անբարեխղճորեն չի կատարել իր պարտականությունները:
Մենք ապրում ենք իրավական երկրում, հետեւաբար իրավական վեճերը լուծվում են դատարանում` դատական կարգով: Եթե դատարանը պարզում է, որ պայմանագրի չկատարման մեղավորը գործատուն է, պետբյուջեից վճարված գումարի փոխհատուցումը իրականացնում է գործատուն, համապատասխանաբար, եթե մեղավորը ուսանողն է, ապա ուսանողից գանձվում է ուղիղ այնքան գումար, որքան պետական բյուջեից վճարվել է այդ ուսանողի ուսման համար: Ընդ որում, գումարը փոխանցվում է անմիջապես պետական բյուջե, այլ ոչ մանկավարժական համալսարան հիմնադրամին»,- նշված է պարզաբանման մեջ:




Լրահոս