ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` պաշտոնական լրահոսից

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻԴԵ) Կիրսան Իլյումժինովը Սերժ Սարգսյանից ռեւանշ է խնդրել, արագ շախմատում նրանք համաձայնել են ոչ ոքիի: ՖԻԴԵ-ի նախագահն այս օրերին Երեւանում է: Երեկ մասնակցել է շախմատի գիտահետազոտական ինստիտուտի բացման արարողությանը: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանն Իլյումժիմովին հաղթել է 2016թ. մարտին Մոսկվայում: «Սերժ Սարգսյանը վաղուց ոչ միայն իմ ընկերն է, այլեւ մրցակիցը շախմատային խաղատախտակի վրա: Տասը տարվա ընթացքում չեմ հիշում մի տարի, որ հանդիպելիս միասին շախմատ խաղացած չլինենք»,-նշել է ֆեդերացիայի նախագահը:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` որքա՞ն գումար է անհրաժեշտ վճարել անվանափոխության համար: Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Աելիտա Մնացականյան (30 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով`
– երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50.000 դրամ,
– հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30.000 դրամ,
– տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20.000 դրամ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 16 տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը: Մինչեւ 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի կամ օրինական ներկայացուցիչների կողմից:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` կենսաթոշակառուին հասանելիք եւ նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակը ո՞վ կարող է ստանալ: Ի՞նչ կարգով կարելի է ստանալ այդ գումարը:

Ստելլա Նազարեթյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Նազարեթյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին, եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում: Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` 6 ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակառուի հուղարկավորության համար սահմանված է թաղման նպաստ, որը կազմում է 200.000 դրամ:




Լրահոս