Առանց դեղատոմսի դեղորայք ձեռք բերելն արգելելու հետևանքները. ինչ խնդիրների մասին են բարձրաձայնում բժիշկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ից մի շարք դեղեր հնարավոր է ձեռք բերել միայն դեղատոմսով: Ուղիղ մեկ շաբաթից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Սակայն այս կարգը խիստ դժգոհություններ է առաջացրել մի շարք բժիշկների մոտ:

Նշենք, որ մարտի 1-ից դեղատոմսի պահանջ ներկայացվում է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների եւ կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից` բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից` դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ: Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը:

Մի խումբ բժիշկներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նշեցին, որ դեմ են դեղեր բաց թողնելու նոր կարգին: Նրանց մեծ մասն անգամ պատրաստվում է բաց նամակով դիմել ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին` պահանջելով կիրառումից հանել այս կարգը: Բանն այն է, որ բժիշկների մեծ մասը համոզված է՝ դեղերի բացթողման նոր կարգը կոռուպցիոն ռիսկեր կառաջացնի. ինչի արդյունքում հնարավոր է, որ կգտնվեն բժիշկներ, որոնք կլորիկ գումարի դիմաց հիվանդներին կվաճառեն դեղատոմսերը:

Մեկ շաբաթից այս կարգը կմտնի ուժի մեջ, բայց բժիշկներ կան, որոնք դեռ չեն ստացել ցանկը: Փոխարենը առողջապահության նախարարությունից նրանց ուղղորդում են մտնել իրենց պաշտոնական կայքէջ եւ այդպես գտնել դեղերի անվանումները: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կայքէջում այսօր էլ դեղատոմսով բացթողնվող դեղերի ցանկն է միայն: Իսկ մարտի 1-ից դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկը դեռ տեղադրված չէ: Եւ այս ամենից հետո մտադիր են տուգանել բժշկին:

Սա առաջին անգամ չէ, որ նման կարեւոր որոշում ընդունելուց առաջ պատկան մարմինները մոռանում են տեխնիկական հարցերի մասին` մի շարք անհարմարություններ ստեղծելով կարգից օգտվողների համար: Ի վերջո, ոչ բոլոր մարզային հիվանդանոցներն են ապահովված համակարգչով` ցանկը կայքէջից գտնելու, տպելու եւ մյուս բժիշկներին բաժանելու համար: Նշենք, որ այս կարգի գործելու արդյունքում կավելանան հոսքերը բուժհաստատություններ, բժիշկների աշխատասենյակների մոտ հերթեր կգոյանան:

Ավելին` հայտնի չէ, թե ինչպես է այս կարգը գործելու գյուղերում ապրող մարդկանց համար: Քանի որ հեռավոր գյուղերի բնակիչները բժշկի մոտ այցելելու համար ստիպված են լինելու գնալ մարզկենտրոնում գտնվող բուժհաստատություն եւ ժամերով հերթեր կանգնել` դեղատոմս ձեռք բերելու համար: Ինչպես հայտնի է` այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու. չէ՞ որ հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղաքացուն մի քանի հետազոտության է ուղարկելու, որն էլ ծախսեր է ենթադրում:

Մեկ այլ դժգոհություն եւս. կան բժիշկներ, որոնք կարծում են, թե այս կերպ ԱՆ-ն խնդիր է դրել նաեւ վաճառել տեղական արտադրության մի շարք դեղերը: Բայց մեր մեջ ասած` տեղական արտադրության դեղերը իրենց որակով ու արդյունավետությամբ չեն զիջում եվրոպականին:

Օրինակ` հայկական արտադրության անալգինը հնարավոր է միայն դեղատոմսով գնել, իսկ ռուսական արտադրության նույն դեղամիջոցը` առանց դեղատոմսի: Ըստ առողջապահության նախարարության` այս կարգի կիրառման արդյունքում կլինեն քրոնիկ հիվանդներ, որոնք նախկինում չեն դիմել բժիշկի: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՆ-ից պարզեց, որ քրոնիկ հիվանդների համար, հաստատված է դեղատոմսի մի ձեւ, որը բազմակի օգտագործման համար է: Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, նշենք, որ թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10-ը օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Գլխացավի, հարբուխի դեղերը լինելու են առանց դեղատոմսի: Այդ թվում են անալգին, ասկոֆեն, իբրուպրոֆեն: Կան դեղեր, որոնք կիսվում են երկու խմբի. 600 մգ-ից բարձր դեղերը լինելու են դեղատոմսով: Շատ մամաներ անհանգստացած են` եթե երեխան գիշերային ժամերին ջերմություն ունենա, ապա ջերմ իջեցնող նուրոֆեն տեսակի դեղամիջոցը բաց է թողնվում առանց դեղատոմսի»:

ԱՆ մասնագետը մեզ հետ զրույցում պնդեց, որ դեղերի ցանկը էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է ե՛ւ Երեւանի, ե՛ւ ՀՀ մարզերի բոլոր բժշկական կենտրոններին: Նա նաեւ նշեց, որ այս թեմայի շուրջ ՀՀ մարզերով քննարկումներ են անցկացնում. Այս առիթով նրանք նախօրեին եղել են Կոտայքի, Արարատի մարզերում: «Հետաքրքրվել ենք եւ պարզել, որ ստացել են ցանկերը եւ տիրապետում են: Այդ փաստաթուղթը կարող են տպել եւ դնել իրենց սեղաններին: Իսկ ինչ վերաբերում է կուտակումներին, հերթերին, այո՛, ավելի կշատանան: Բայց մենք հաշվի ենք առել այն, որ հիվանդը պարտադիր ստանա բժշկի նշանակում, ինքնաբուժությամբ չզբաղվի: Դա տեխնիկական խնդիր է, ե՛ւ պոլիկլինիկան, ե՛ւ բժիշկը պետք է կանոնակարգեն»,- հայտարարեց ԱՆ մասնագետը:

Ի դեպ, «Դեղերի մասին» օրենքը հստակ պատասխանատվություն եւ պատժամիջոցներ է նախատեսում դրանք խախտելու դեպքերում։ Առողջապահական տեսչական մարմնի վերջնական կազմավորմամբ այս գործընթացները կլինեն պետական վերահսկողության ամենակարեւոր գործառույթներից մեկը։ Պարզվում է, որ այն բժիշկները, ովքեր չեն հետեւի կարգին, կտուգանվեն:

Ըստ Վ. Գրիգորյանի` երկու տեսակի տուգանք է նշանակվելու. մեկը սահմանված է բժշկին` դեղատոմսի ձեւաթղթի վրա չգրելու համար, այսինքն` եթե ինքը պատշաճ ձեւով հիվանդին դեղատոմս չի տալիս, ապա յուրաքանչյուր անվան դեղի համար սահմանված է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով տուգանք: Հաշվարկված է 1000 դրամով: Նույնն էլ վերաբերվում է դեղատներին, եթե դեղատան աշխատակիցը դեղը վաճառում է առանց դեղատոմսի: Դա տեսչական մարմնի ֆունկցիան է: Այս պահին տեղի են ունենում այդ մարմնի կազմավորման աշխատանքները. առաջիկա ամիսների ընթացքում այն կստանա իրավական հիմքեր` կատարելու վերահսկողություն:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս