«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կանադայում ՀՀ դեսպան, ՄԻԱԿ ներկայացուցիչ, Քիմ Քարդաշյանին Երեւանում ընթրիքի տարած, արքայազն Չարլզին «մոտիկից» տեսած Լեւոն Մարտիրոսյանին հարցրինք` ինքը լինելո՞ւ է ապագա նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակում` մոտ ապագայում վերադառնալով Հայաստան: «Ես շարունակում եմ շատ ակտիվ աշխատել Կանադայի նման կարեւոր երկրում»,- դիվանագիտորեն ասաց նա: Փաստորեն, դեռ Ձեր մեկ տարին չի լրացել դեսպանի պաշտոնում, բայց շատ արագ հմտացել եք դիվանագիտական ոչինչ չասող լեզվին։
Ասում են` չի բացառվում, որ Ձեզ տեղափոխեն Մեծ Բրիտանիա՝ դեսպան: «Տես` առաջին պատասխանս. այս տարի մեծ թվով կարեւորագույն իրադարձություններ են սպասվում հայ-կանադական հարաբերություններում։ Ես աշխատում եմ այդ ամենի վրա. սպասվում են ամենատարբեր երկկողմանի այցեր` Ֆրանկոֆոնիայի սամիթ, գործարար կապեր եւ այդպես շարունակ»: Ինչո՞ւ չեք ասում, որ ձեր` Կանադայի վարչապետն աշնանը գալու է Հայաստան. ի դեպ, նա ողջ ընտանիքով Հնդկաստանում գտնվելիս հագել էր հնդկական շորեր, հնարավո՞ր է մեզ մոտ էլ հայկական ազգային տարազը նախընտրի։
Ի դեպ, Դուք շրջանցեցիք Արմեն Սարգսյանին վերաբերող հարցը, իսկ տեսակետ կա, որ նա է Ձեր հոգեւոր հայրը, ՄԻԱԿ-ի եւ Հայաստանում բրիտանական շրջանավարտների հովանավորը․ ի՞նչ կարծիքի եք ՀՀ նախագահի թեկնածուի մասին։ «Անչափ դրական, կարծում եմ` մեր ժողովրդի մեծամասնությունը նույնպես այդ կարծիքին է։ Ինչ վերաբերում է ՄԻԱԿ-ի ստեղծմանը, ապա Դուք կզարմանաք, բայց ՄԻԱԿ-ի ստեղծման հիմքում կանգնած է ձեր խոնարհ ծառան, կներեք անհամեստության համար»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: