Մարտի 2-ին խորհրդարանում սպասվում են ՀՀ չորրորդ նախագահի ընտրություններ: Առաջին անգամ երկրի նախագահին ոչ թե քաղաքացիներն են ընտրելու, այլ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ: Արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է այն տեսակետը, թե չորրորդ նախագահի ընտրությունն Ազգային ժողովին վերապահելը հակասում է գործող Սահմանադրությանը, եւ նախագահի ընտրությունը պետք է կատարվի հին ընտրակարգով՝ քվեարկելու իրավունքը տալով քաղաքացիներին:
Բանն այն է, որ 2015 թվականի Սահմանադրության 125 հոդվածը, որտեղ սահմանված է նախագահի ընտրության կարգը, ավելի ուշ է ուժի մեջ մտնելու՝ նոր նախագահի լիազորությունների ստանձնման օրը: Սակայն իշխանական թեւի սահմանադրագետներն այս օրերին պնդում են՝ ուժի մեջ է մտել 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ հոդվածը, որի համաձայն` ուղղակի ընտրությամբ անցկացվում են ԱԺ-ի եւ համայնքների ավագանիների ընտրությունն ու հանրաքվեն (այսինքն՝ նախագահի ընտրությունները ներառված չեն այդ ցանկում): Այնպես որ ապահովված է նախագահի ընտրությունները խորհրդարանում անցկացնելու հարցի սահմանադրականությունը: Ամեն դեպքում, այս հարցի շուրջ տեսակետները տարբեր են, երկփեղկված վիճակ է: Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ այստեղ Սահմանադրական դատարանի որոշման կարիքը կա:
Առաջ անցնելով այս թեմայից եւ վեճը թողնելով սահմանադրագետներին` ներկայացնենք, թե ինչ է սպասվում մարտի 2-ին, ինչպես են կատարվելու նախագահի ընտրությունները, եւ ինչ է սպասվում դրանից հետո: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով օրեր առաջ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, արդեն իսկ տվել է իր համաձայնությունը: Չնայած նախագահի թեկնածուների առաջադրումը տեւելու է մինչեւ փետրվարի 28-ը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այդ պաշտոնում առաջադրվելու է միայն ու միայն Արմեն Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ «Ելք» դաշինքի նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, սակայն նրա առաջադրման համար բավարար չէին միայն «Ելք» խմբակցության մանդատները, իսկ «Ծառուկյան» դաշինքի անդամներն էլ նրանց չմիացան: Եվ ստեղծված պարագայում իշխանության միակ թեկնածուն «պայքարելու է» ինքն իր դեմ:
ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված է, թե ինչ է սպասվում խորհրդարանում նախագահի ընտրության օրը: Նախ Արմեն Սարգսյանին ներկայացնելու համար տրվելու է մինչեւ 15 րոպե ժամանակ, նրա ելույթի համար՝ մեկ ժամ, եզրափակիչ ելույթի համար էլ` 30 րոպե ժամանակ: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով գաղտնի քվեարկությամբ ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե այս պայմանը չի կատարվում, եւ նախագահ չի ընտրվում, ապա պետք է անցկացվի ընտրության երկրորդ փուլ: Այս պարագայում սա այնքան էլ իրատեսական չէ, քանի որ «Ծառուկյան» խմբակցությունը դրական վերաբերմունք ունի Արմեն Սարգսյանի հանդեպ և արդեն հայտարարվել է նրան կողմ քվեարկելու որոշման մասին: Հետեւաբար այս խմբակցությունը կամ առնվազն մի մասը կողմ կքվեարկի: Այնպես որ, ընտրությունները կավարտվեն հենց առաջին փուլով եւ Արմեն Սարգսյանի ընտրմամբ:
ԱԺ կանոնակարգը սահմանում է նաեւ ընտրության երկրորդ փուլ. սա առավել եւս այս ընտրությանը չի սպառնում:
Ինչպես արդեն նշեցինք` նախագահի թեկածուն խորհրդարանում կարող է հանդես գալ մինչեւ մեկ ժամ ելույթով, դրանից հետո տեղի է ունենալու մտքերի փոխանակություն, որը հստակ սահմանված կարգով է իրականացվելու: Նախ կարող է լինել հերթագրված պատգամավորների եւ հրավիրված անձանց՝ մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներ, տասական րոպե կարող են ելույթ ունենալ խմբակցությունների ներկայացուցիչները, մինչեւ տասական րոպե տեւողությամբ արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը, իսկ մինչեւ քվեարկությունը՝ միայն վարչապետը կամ նրա հանձնարարությամբ փոխվարչապետներից մեկը: Քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո Ազգային ժողովի նիստը նախագահողը ձայնը տալիս է հաշվիչ հանձնաժողովի նախագահին, ով Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է նախագահի թեկնածուի ընտրության կամ չընտրվելու մասին:
Չնայած նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտի 2-ին, սակայն հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու է ԱԺ հատուկ նիստում, որը պետք է գումարվի հանրապետության գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը՝ ապրիլի 9-ին: Հենց այդ օրն էլ վարչապետն ու իր կառավարությունը հրաժարական կներկայացնեն: Ըստ Սահմանադրության՝ արդեն ոչ թե պատգամավարների համամասնություն պետք է գործի, այլ խորհրդարանական խմբակցությունները կներկայացնեն վարչապետի թեկնածուների: Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Եթե նախագահի ընտրությունը փակ, գաղտնի քվեարկությամբ է ընթանում, ապա վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, եւ ցուցանակի վրա ֆիքսվելու է՝ ով ինչպես է քվեարկել: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն էլ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Նաիրա Հովհաննիսյան