Գյուղացիները ոռոգման սեզոնին կանգնելու են լուրջ խնդրի առաջ. դիմում եմ Արմավիրի մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոռոգման ջրի խնդիրը խիստ մտահոգել է Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչների: Այս տարի տեղումների բացակայության հետեւանքով ՀՀ-ում ջրամբարները այդպես էլ չեն լցվել, իսկ չլցվելու արդյունքում գյուղացիները ոռոգման սեզոնին կանգնելու են լուրջ խնդրի առաջ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղապետեր ոռոգման ջրի մասով իրենց մտահոգությունները փոխանցել են ոչ միայն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, այլեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին: ՀՀ Արմավիրի մարզի Ամասիայի գյուղապետ Գարիկ Ավդալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ մարզպետարանից խոստացել են էլեկտրական պոմպեր տեղադրել գյուղում: «Ճիշտն ասած` մարդիկ հուսահատված են: Այս քանի օրվա ընթացքում մի քանի կաթիլ անձրեւ եկավ, հույս տվեց, բայց դա շատ քիչ է`ջրամբարները լցնելու համար: Մարզպետարանից խոստացել են, որ խորքային հորեր կդնեն: Հիմա հույսներս դրել ենք մարզպետարանի վրա: Մենք հորեր ունենք, մնում է` իրենք իրենց միջոցներով էլեկտրականություն քաշեն, պոմպեր գնեն ու տեղադրեն: Եթե երկու հատ էլ խորքային հոր դնեն, ապա հարցի մեծ մասը կլուծվի»,- հույս հայտնեց Ամասիայի գյուղապետ Գ. Ավդալյանը:

Նշենք, որ Ամսիայի բնակիչների մեծ մասը հեկտարներով հողատարածքներ ունեն եւ հիմնականում զբաղված են լոլիկի, վարունգի, սմբուկի, պղպեղի մշակությամբ:

Պարզվում է, որ գյուղի բնակիչները գրեթե ամեն օր ջրի խնդրով անհանգստացնում են գյուղապետին: «Բոլորը մտածում են, թե ոնց է լուծվելու ջրի հարցը: Ես էլ իրենց մտահոգությունները փոխանցել եմ իմ ղեկավարությանը` մարզպետարանին, ջրային տնտեսության պետական կոմիտեին: Իրենք խոստացել են, որ ամեն գյուղում, որտեղ ոռոգման ջրի խնդիրը լուրջ է, խորքային հորեր կտեղադրվեն: Բնականաբար, գյուղացին էլ ջուրը կգնի»,- նկատեց Ամասիայի գյուղապետը:

Նրա խոսքերով` խորքային հորերից գյուղացիները «նեղն ընկնելուց կօգտվեն»: Բայց կա մեկ այլ խնդիր` խորքային հորերում էլկտրական պոմպեր տեղադրելը կապված է մեծ ծախսերի հետ: Ոչ միայն գյուղապետը, այլեւ գյուղացիները հույս ունեն, որ այդ ծախսերը կհոգա մարզպետարանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս