ՀՅԴ-ն սկսեց. առաջինը Արծվիկ Մինասյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն դեմ չէ: Նկատենք, որ Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, ով բացահայտ հայտարարում է այդ մասին: Ավելի վաղ, երբ դեռ ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, Արծվիկ Մինասյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանին ընդունում են որպես լեգիտիմ նախագահ:

-Պարո՛ն Մինասյան, շուտով նոր կառավարություն կձեւավորվի: Դուք ինքներդ ցանկություն ունե՞ք շարունակելու աշխատել:

-Կարծում եմ, որ դա նախ` այն քաղաքական ուժի որոշելիք հարցն է, որը ես եմ ներկայացնում՝ ՀՅԴ-ն, երկրորդը՝ արդեն վարչապետի, որ պետք է ներկայացնի նոր կազմը, եւ վերջապես այն նպատակների, ծրագրերի կոնտեքստում, որ ես ունեմ, պատկերացնում եմ, եւ այսօրվա մեր նախարարության, գերատեսչության թիմը պատրաստ է իրականացնել: Իմ մասով ասեմ, որ վստահություն ունեմ, որ կարող ենք բավականին լուրջ ռեֆորմներ անել:

-Ասում եք` վարչապետը պետք է որոշի Ձեր ապագան: Դուք աշխատում եք Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունում: Նրա աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:

-Ես կարծում եմ՝ ինձ հարց պետք է տաք կառավարության ընդհանուր աշխատանքից, ոչ թե անձերից: Եվ եթե կառավարության աշխատանքն եք ինձնից հարցնում, ասեմ, որ արդյունավետ աշխատանք է եղել, լավ աշխատանք է եղել, բազմաթիվ գործընկերների հետ արդյունավետ քննարկում, երկխոսություն, ծրագրերի առաջնորդում: Եղել են, այո՛, բանավեճեր, եւ ես համարում եմ՝ այդ բանավեճը կառավարության արժանիքն է, ոչ թե թերությունը: Չեմ ուզում անդրադառնալ միջանձնային այլ հարաբերությունների, ինձ համար կարեւորն այն է՝ խնդիրը, նպատակը, որ դուք դրել եք որպես նախարար, որպես կառավարության անդամ, այդ ծրագրերի կատարման պատասխանատու, որն ամրագրված է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն փաստաթղթում, ամրագրված է կառավարության ծրագրում, ամրագրված է մեր Սահմանադրության մեջ, ի վիճակի՞ ես այդ ծրագրերն իրականացնել, թե՞ ոչ: Չի եղել այնպիսի անհաղթահարելի խոչընդոտ, որն ինձ արգելեր իրականացնելու ծրագրերը, եւ մենք իրականացնում ենք բազմաթիվ մեծածավալ, բայց սկզբունքային շատ հարցեր, դեռեւս շատ հարցեր ապագա լուծվելու ենթակա են:

-Չնայած, որ վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը Ձեզ համար վարչապետի ընդունելի՞ թեկնածու է:

-Ես կարծում եմ՝ հիմա կոռեկտ չէ այդ հարցին պատասխանել, քանի դեռ ՀՀԿ-ն չի ներկայացրել իր թեկնածուին: Բայց եթե ինձ հարցնում եք որպես անձ, կառավարիչ, ապա որպես վարչապետի թեկնածու, իհարկե՛: Եթե Սերժ Սարգսյանը կարող է երկրի նախագահի այդ ծանր բեռը տանել, վարչապետությունն ինչ է, որ չտանի:

-Իսկ որքանո՞վ է իրեն արդարացրել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան: Վերջին ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ-ի հայտարարությունից այնպիսի տպավորություն էր, որ ՀՅԴ-ն բոլոր հաջողությունները վերագրում է իրեն, իսկ բացթողումների համար մեղադրում ՀՀԿ-ին:

-Այդպիսի մեղադրանքներ լսելը ծիծաղելի է, որովհետեւ թե՛ կոալիցիոն փաստաթղթում է դա ամրագրված, թե՛ որեւէ անգամ մեր ներկայացուցիչներից որեւէ մեկը նման բան չի ասել: Իհարկե, մենք թե՛ վատի, թե՛ լավի տերն ենք, համարժեք եւ հավասարազոր պատասխանատվություն ենք կիսում, կրում ՀՅԴ-ն այսօրվա իրողությունների համար: Սա նաեւ փաստում է այն հանգամանքը, որ մենք այնքան սրտացավ վերաբերմունք ենք ցուցաբերում այդ փաստաթղթին եւ մեր տված համատեղ խոստումներին, որ հրապարակային ցանկանում ենք դա արժեւորել, վերագնահատել եւ կարողանանք քայլեր կատարել: Փոխանակ սա գնահատվի դրական կողմից, չգիտես ինչու, մարդիկ վերագրում են բացասական կողմին, թե ինչու է դաշնակցությունը, որպես կոալիցիոն անդամ, հանկարծ հանդես գալիս որոշակի քննադատությամբ:

Այդ քննադատությունը մեզ է վերաբերում նախեւառաջ, մենք ենք այդ կոալիցիայի անդամ: Իսկ ինքնաքննադատությունը դատապարտելի՞ է Ձեզ համար, եթե դատապարտելի է, նշանակում է՝ մենք զարգանալու շանս չունենք: Պետք է կարողանանք այնքան ուժ ունենանք, որպեսզի, թեկուզ քննադատության առումով, այնքան ուժ ունենաս, որ կարողանաս առաջ գնա: Ես հորդորում եմ մարդկանց, ովքեր փորձում են սեւ ակնոցներով տեսնել այս ամենը, հանեն, իրենց բնական աչքերով նայեն երեւույթներին: Ի վերջո, բնությունը միշտ ճիշտ է:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս