Սերժ Սարգսյանը ոչ ոքի չի զիջելու. պալատական հեղաշրջման նախադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իրական խառնաշփոթ է տիրում, ինչը, սակայն, այնքան էլ զարմանալի չէ` հաշվի առնելով նախագահի բնույթը: Պետական պաշտոններում տեղավորելով իր հարազատներին` Թրամփը չի կարողանում համակշռել պաշտոնականի եւ անձնականի միջեւ: Եվ նման իրավիճակում ինքնաբերաբար կոնֆլիկտ է առաջանում վարչակազմի ներսում` խաթարելով գործադիր իշխանության բնականոն գործունեությունը եւ ավելորդ լարվածություն ստեղծում պետական ապարատում:

ԱՄՆ նախագահ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը: Նրա գործունեության հիմնական ոլորտը Մերձավոր Արեւելքն է, այնտեղ նախագահի քաղաքականության առաջնահերթությունների մշակումն ու իրացումը: Բայց միեւնույն ժամանակ Քուշները զբաղվում է նաեւ այլ հարցերով, որոնք Թրամփը կարող վստահել նրան: Իշխանության փոխանցման շրջանում Քուշները ստացել էր հատուկ գերգաղտնի տեղեկատվություն ստանալու ժամանակավոր լիազորություն, որը մինչեւ այժմ ուժի մեջ է: ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար, պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին, ստանձնելով այդ պաշտոնը Սպիտակ տանը կարգուկանոն հաստատելու հստակ տրամադրվածությամբ, այժմ փորձում է վերջ տալ երկիմաստ իրավիճակներին: Այդ համատեքստում նա վճռել է նաեւ լուծել ժամանակավոր իրավասությունների հարցը` ստիպելով յուրաքանչյուր պաշտոնյայի մնալ իր լիազորությունների սահմաններում: Այս քաղաքականությունը ենթադրում է, որ Քուշները ստիպված պիտի լինի զրկվել իր անմիջական պարտականությունների հետ չկապվող գերգաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:

Քուշները, սակայն, ջանք չի խնայում ազատվելու Քելլի նոր կարգավորումներից` պահպանելու համար անսահմանափակ տեղեկատվություն ստանալու իր իրավունքը: New York Times-ը հայտնում է, որ Քուշները տեղեկատվություն ստանալու իրավունքը ժամանակավորապես է օգտագործում, քանի որ ՀԴԲ-ում դեռ չեն կողմնորոշվում, թե արդյոք նրան կարելի է վերջնականորեն վստահել գերգաղտնի պետական տեղեկատվություն` հաշվի առնելով թե՛ նրա ֆինանսներում առկա բացերը, թե՛ ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննության կենտրոնական ֆիգուրներից մեկը լինելու փաստը:

Սակայն Թրամփի փեսան լինելու պարագան որոշակիորեն ապահովագրում է Քուշներին, որ մինչեւ իրեն հասնելը, աշխատակազմի ղեկավարը դեռ այլ աշխատակիցների պետք է զրկի ժամանակավոր լիազորություններից: Քուշներն այժմ հնարավորություն ունի ծանոթանալու նախագահին տրվող ամենօրյա տեղեկատվությանը, ինչը, սակայն նրա համար կենսական չէ` հաշվի առնելով, որ նրա գործը վերաբերում է միայն պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Եվ ահա Քելլիի քայլերն իր դեմ, ըստ ամերիկյան պարբերականների, Քուշները բավականին ծանր է տանում` տրտնջալով, որ Քելլին թիրախավորել է իրեն եւ ցանկանում է սահմանափակել իր ազդեցության շրջանակը:

Իրականում աշխատակազմի ղեկավարի գործողությունները լիովին տրամաբանված են, քանի որ անսահմանափակ տեղեկատվություն ստանալու Քուշների իրավասությունը, հիմնավորված չէ: Այդպիսի կարգավիճակ ունեցող մի քանի հոգու ներկայությունը Սպիտակ տանն արդեն իսկ կարող է քաոս առաջացնել` վտանգի տակ դնելով պետական գաղտնիքները: Ի վերջո, անսահմանափակ տեղեկատվություն ստանալու իրավասությունը տրվում է կոնկրետ անձանց` ըստ հստակ հիմնավորվածության, ինչը նպաստում է աշխատակազմի աշխատանքի բնականոն ընթացքին: Իսկ այս դեպքում աշխատակազմում բացակայում է աստիճանակարգությունը, լղոզվում է պատասխանատվությունը: Իբրեւ նախկին գեներալ` Քելլին քաջ գիտակցում է կազմակերպվածության ու կարգուկանոնի կարեւորությունը, եւ դեռեւս իր նշանակման շրջանում էին լրատվամիջոցները զարմանում, թե ինչպես պետք է կարգուկանոնի սովոր Քելլին աշխատի խառնաշփոթի սիրահար Թրամփի հետ:

Քելլին նախօրեին հայտարարել է, որ որեւէ խոչընդոտ չի լինելու Քուշների համար իր ծառայողական պարտականությունները կատարելու հարցում` սակայն կոնկրետ չնշելով, թե արդյո՞ք անսահմանափակ տեղեկատվությունը հասանելի կլինի նախագահի փեսայի համար: Պարզ է միայն, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարը նոր կարգ է սահմանել ժամանակավոր իրավասությունների համար, որոնք պետք է թարմացվեն ամիսը մեկ անգամ եւ հստակորեն համաձայնեցվեն ՀԴԲ-ի հետ: Եվ եթե այս շաբաթվանից ուժի մեջ մտնող կարգերը խստորեն պահպանվեն, Թրամփի փեսան կարող է զրկվել իր վայելած արտոնությունից:

Հայաստանում գերգաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող միակ անձը թերեւս Սերժ Սարգսյանն է: Ակնկալելի էլ չէ, որ, օրինակ, նա թույլ կտա իր աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, որը համարվում էր Քոչարյանի ամենասիրելի կադրը, ամբողջությամբ ստանալ իրեն մատուցվող տեղեկատվությունը: Սերժ Սարգսյանը չափազանց երկար է աշխատել հատուկ ծառայություններում` արհեստավարժ կերպով իմանալով, թե ինչպիսի զենք է իրենից ներկայացնում տեղեկատվությունը հատկապես ներիշխանական ինտրիգներում: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում անսահմանափակ տեղեկատվություն թերեւս չի մատուցվում անգամ անվտանգության խորհրդին, որը, թվում էր, պետական այն միակ կառույցն է, որ պատասխանատու է Հայաստանի անվտանգության ապահովման համար:

Սերժ Սարգսյանը, ներկայումս կարուձեւի ենթարկելով պետական համակարգը, ջանք չի խնայում առավել հարմարավետ դարձնել իր գալիք վարչապետական իշխանությունը: Այդ առումով անգամ զարմանալի էլ չէ, որ Հայաստանի նախագահը, որը նոր Սահմանադրությամբ պետության գլուխն է ու Սահմանադրության անխափանությանը հետեւող անձը, զրկվում է անվտանգության խորհրդի անդամությունից: Սերժ Սարգսյանը չի կարող հանդուրժել, որ իրենից բացի մեկ ուրիշը, հատկապես ի պաշտոնե ավելի բարձր, թեկուզեւ արարողակարգային գործառույթներով, անսահմանափակ տեղեկատվություն ունենա երկրի ներսում: Դա պալատական հեղաշրջման նախադրյալ է, որը Սերժ Սարգսյանը ոչ ոքի չի զիջի:

Ն. Հովսեփյան




Լրահոս