Քաղաքապետարանը շարունակում է ահռելի ծախսերը. մսխում են բյուջեի միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը համայնքային միջոցները մսխելու հարցում չունի հավասարը: Եւ այսպես` 2017թ. Երեւանի բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 72 մլրդ 479 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 70 մլրդ 990 մլն 187 հազար դրամ:

Երեւանի քաղաքապետարանի հրապարակած բյուջեի կատարման հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարում միայն 257 մլն 883 հազար դրամ ծախսվել է մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման եւ պահպանման նպատակով: Մասնավորապես իրականացվել են քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծառայողական ավտոմեքենաների պահպանման եւ նորոգման, գույքի, համակարգչային տեխնիկայի եւ շահագործվող այլ սարքավորումների ընթացիկ նորոգումն ու պահպանումը: Սա, ի դեպ, այն ծախսերից է, որի մի մասը պարզապես գրպանվում է՝ ատկատի տեսքով:

Հայտնի փաստ է, որ ամենամեծ ատկատները գալիս են փողոցների վերանորոգման անվան տակ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման եւ պահպանման ծրագրով փաստացի կատարողականը կազմել է 3 մլրդ 546 մլն 318 հազար դրամ: Ըստ այդմ, նշված գումարով իրականացվել է Երեւանի բոլոր վարչական շրջանների փողոցների, մայթերի եւ բակային տարածքների ասֆալտ-բետոնյա ծածկի ընթացիկ նորոգման աշխատանքներ։ Այդ թվում նաեւ փողոցների ճաքալցման աշխատանքներ։ Ի դեպ, այս տարվա ասֆալտապատումների համար նախատեսված գումարը 25 մլն դրամով ավել է անցած տարվա համար նախատեսված գումարից: Յուրաքանչյուր տարի խոշոր չափի գումարներ են ծախսվում ասֆալտապատման համար, բայց այդպես էլ Երեւանի ճանապարհներն առանձնապես չեն բարելավվում, ուստի կարող ենք ենթադրել, որ այս եւ հաջորդ տարիների հետ կապված եւս կարիք չկա մեծ ակնկալիքներ ունենալ:

Քաղաքային բյուջեից տոնական ձեւավորում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 40 մլն 470 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ հատկացված գումարով Երեւանը` վարչական շրջաններով, տոնական օրերին ձեւավորվել է: Այդ թվում գնվել են տոնական դեկորատիվ առարկաներ, լույսեր եւ այլ զարդարանքներ։ Այն դեպքում, երբ անցած տարեվերջին հայտարարվեց, որ քաղաքի ամանորյա ողջ զարդարանքը նախորդ տարվանն է: Ենթադրությունը մեկն է. այստեղ էլ գումարի մի մասը հոսել է քաղաքապետարանի պաշտոնյաների գրպանը:

Աղբահանություն եւ սանիտարական մաքրման համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է ավելի քան 5 մլրդ 52 մլն դրամ: Սրա շրջանակներում Երեւանի բոլոր վարչական շրջաններում մատուցվել են սանմաքրման, այդ թվում` ձյան մաքրման եւ աղբահանության ծառայություններ։ Միայն թե, գաղտնիք չէ, որ Երեւանի փողոցները, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները շարունակում են մնալ աղբի մեջ թաղված: Ողջ տարվա ընթացքում քաղաքի փողոցները, մայթերը, բազմաբնակարան շենքերի մուտքերը այդպես էլ չաղբահանվեցին: Իսկ տարեվերջին ձյան մաքրման աշխատանքների համար քաղաքապետարանը չէր կարող գումար ծախսել, քանի որ պարզապես ձյուն չկար: Թե ի՞նչ է եղել այս գումարը, մնում է միայն ենթադրել:

Երեւանի քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձի գծով ծախսերը անցած տարում կազմել են 4 մլրդ 723 մլն դրամ: Ի դեպ, աշխատավարձի գծով ծախսերն իրականացվել են Երեւանի ավագանու` 2017 թվականի հունիսի 16-ի որոշմամբ սահմանված հաստիքացուցակի հիման վրա։ Ընդ որում, հաստատված հաստիքացուցակով նախատեսված 1998 միավոր հաստիքի դիմաց աշխատավարձի փաստացի վճարում իրականացվել է միջինը 1975 հաստիքի համար։ Պարզվում է` քաղաքապետարանի աշխատակազմը անցած տարում աշխատողների պարգեւատրման համար մի քանի հարյուր միլիոններ է քաղաքային բյուջեից ծախսել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միայն պարգեւատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հազար դրամ:

Ըստ քաղաքապետարանի` մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգեւատրվել են հիմնականում տարվա ընթացքում լրացուցիչ աշխատանք կատարող աշխատողները, ինչպես նաեւ տարեվերջին քաղաքապետարանի գրեթե բոլոր աշխատողները, բացառությամբ տարվա ընթացքում նկատողություն ստացած աշխատողների։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս պարգեւատրվողների ցանկում է եղել: Նա անցած տարում մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգեւատրել էր նաեւ իրեն, տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, փոխքաղաքապետերին, խորհրդականներին եւ այլոց:

Երեւանի` այս տարվա բյուջեով եւս նախատեսվում է պարգեւատրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն խրախուսման համար աշխատավարձի ֆոնդի 14.5 տոկոսի չափով նախատեսվել է պարգեւատրման ֆոնդ։ Իսկ ահա այս տարվա Երեւանի բյուջեով աշխատավարձի գծով ծախսը կկազմի 5 մլրդ 213 մլն 285 հազար 900 հազար դրամ, ինչը անցած տարվա հատկացումից 1 մլրդ 422 մլն դրամով ավելի է: Նշված գումարից մոտ 700 մլն դրամը նախատեսված է պարգեւատրումների եւ դրամական խրախուսումների համար:

Դժվար չէ կռահել` առաջինը կպարգեւատրվեն Տարոն Մարգարյանի` «դեմն առեք» հրահանգով ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների առաջ նետված, նրանց ծեծած անձինք, կպարգեւատրվեն նաեւ լրագրողների աշխատանքները սահմանափակողները. ի վերջո, նրանք ինչ արել, հանուն «շեֆի» են արել: Եվ ուրեմն, «շեֆն» էլ հիմա պետք է բարի աչքով նայի ենթականերին: Հիշեցնենք, որ նրանց թվում էր նաեւ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Իսկ քաղաքապետի օգնական Մարիա Բարեղամյանն ավագանու նիստերում լրագրողների իրավունքները սահմանափակող կանոնակարգի համահեղինակներից է, որպեսզի հանկարծ ՀՀԿ-ականների այլանդակությունները լրատվամիջոցները չկարողանան տեսագրել:

Փաստորեն անցած տարում Երեւանի քաղաքապետարանի միայն դրոշների տեղադրման ծրագրով փաստացի ծախսը կազմել է մոտ 43.5 մլն դրամ: Ուշադրություն` 43.5 մլն դրամով ձեռք է բերվել եւ փոխվել թվով 6 հազար 348 դրոշ Երեւանի փողոցներում, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում﹐մանկապարտեզներում, երաժշտական եւ արվեստի, սպորտի եւ շախմատի դպրոցներում, ինչպես նաեւ օտարերկյա նախագահների այցերի ընթացքում թվով 700 դրոշակների տեղադրմամբ իրականացվել են դրոշակազարդարման աշխատանքներ։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ դրոշների ձեռք բերումն ու տեղադրում այդքան էլ ծախսատար չէ: Բայց սա չի խանգարում քաղաքապետարանի աշխատակազմին մի քանի տասնյակ միլիոններ ծախսել այդ նպատակով: Ի դեպ, Երեւանի այս տարվա բյուջեով եւս նախատեսվում է 45 մլն դրամ ծախսել դրոշների ձեռք բերման, փոխման եւ տեղադրման համար:
Կարճ ասած, Երեւանի քաղաքապետարանում գումարներ չեն խնայում հենց այն ծախսերի համար, որտեղ «ատկատի» հնարավորություն կա. ի վերջո, իշխանությունները սեփական հարստացման մասին են միայն մտածում, թքած մայրաքաղաքի խնդիրների վրա:

Իսկ պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե դրոշակների կամ տոնական զարդ ու զարդարանքների համար նախատեսված գումարների մի մասը ծախսվեր բարձրահարկ շենքերի վերելակների վերանորոգման ծառայությունների համար: Բայց քանի որ իրենց համար կարեւորը ոչ թե նման խնդիրներն են, այլ քաղաքապետարանի պաշտոնյաների գերհարստացումը, ունենք այն, ինչ ունենք:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս