Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Մինի Բասկոնիա» ընկերության կողմից ՀՀ ներկրվող «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ լիքը որդեր կան: ՀՀ քաղաքացի Էլեն Գրիգորյանը դա փաստող լուսանկար էր անգամ հրապարակել: Ըստ քաղաքացու` թթու վարունգը ժամկետի մեջ է եղել, որն էլ նա գնել էր «Կայզեր» սուպերմարկետից:
Եւ ահա, երեկ հնդկական արտադրող «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել: Բայց արտադրողի հայտարարությունից պարզվում է, որ այդքան էլ վնասակար չեն այդ որդերը: Ըստ այդմ, Հնդկաստանի Կարանտակ եւ Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, վարունգները վերամշակվում են թաց եւ չոր եղանակով: Քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրկիր վարունգներ: Բացի այս` արտադրողը պարտավորվել է պահածոյացման շրջանում լինել առավել զգոն: Մյուս կողմից, սակայն, նրանք շտապել են արդարանալ, որ պտղային ճանճը կամ դրա թրթուրները թեեւ փչացնում են պտղի որակը, սակայն մարդու առողջության համար վտանգավոր չեն:
Լավ է, որ այսքանից հետո հնդկական ընկերությունը մարդու օրգանիզմի վրա ճանճերի եւ թրթուրների օգտակար հատկությունների մասին դասախոսություն չի ներկայացրել` հավելելով, որ դրանք լայն կիրառում ունեն արեւելյան խոհանոցում: Չնայած, հիշեցնենք` «Մինի Բասկոնիա» ընկերության հիմնադիրը Եղիազար Գաբուզյանն է, ով դեռեւս 2014 թվականին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ «նորմալ է ոլոռի մեջ մեկ հատիկ որդ գտնել, չէ՞ որ այն աճում է կանաչ դաշտերում»: Ապա արդարացել էր` նշելով. «Տարիներ առաջ էլ պահածո արտադրող մեկ այլ ընկերության արտադրանքում գորտ էր հայտնաբերվել, հետո ի՞նչ»:
Այս ամենից հետո եթե «Lutik» ապրանքատեսակի մեջ գորտ էլ հայտնաբերվի, ապա ընկերությունը դարձյալ կհայտարարի, որ այն մարդու առողջության համար վնասակար չէ, մանավանդ գորտը շատ է օգտագործվում ֆրանսիական խոհանոցում, ընդ որում, թանկարժեք ուտեստներից է:
Սյունէ Համբարձումյան