Նոր զարգացումներ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ միջադեպի գործով. տուժածին հրավիրել են հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբորորդու մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել` ինքնիրավչության հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանի հետ կապված միջադեպին. ըստ այդմ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է իր թեմակիցներին հարձակվել Ռաֆայել Մխիթարյանի վրա եւ առեւանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է, որը որպես պարտք իրենից պահանջում է Համլետ Ներսիսյանը: Իսկ ահա Ռաֆայել Մխիթարյանը պնդում է, որ ինքը որեւէ մեկին որեւէ գումար պարտք չէ:  Նշենք, որ Համլետ Ներսիսյանի հարազատ եղբայրն էլ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանն է:

Այս միջադեպից հետո Ռաֆայել Մխիթարյանը ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին: Եվ, ահա, երեկ տեղեկացանք, որ նյութերի նախապատրաստման արդյունքում որոշում է կայացվել հարուցել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. «Ինքնիրավչությունը` օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

Նշենք, երբ քրեական գործը հարուցվել է, իրավապահները հարձակման ենթարկված Ռաֆայել Մխիթարյանին հրավիրել են քննչական բաժին` ցուցմունք տալու, սակայն նա հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ, ըստ Ռաֆայել Մխիթարյանի, իրավապահները կատարված դեպքին օբյեկտիվ իրավական գնահատական չեն տվել:

Ասել է, թե Ռաֆայել Մխիթարյանը դեմ է, որ ինքնիրավչության հատկանիշներով հարուցվեր քրեական գործը: Ինչեւէ, սպասենք զարգացումներին: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները նաեւ բացատրություն են վերցրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդուց` Համլետ Ներսիսյանից, իսկ թե իրավապահները, լսելով երկու կողմերին, ինչ եզրահանգման կգան, ցույց կտա ժամանակը:

Քնար Մանուկյան




Լրահոս