Արցախի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս 2017թ.-ի ընթացքում ապահովվել են հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման հետ կապված գործառույթները։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն՝ ավելացնելով, որ բացի այդ, ԱՀ դատախազության կողմից ՀՀ գլխավոր դատախազության միջոցով կատարվել են քրեական գործերի, նյութերի շուրջ հարցումներ, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությունից ու ՌԴ գլխավոր դատախազությունից իրավական օգնության կարգով ստացված 8 միջնորդագրերի ու հատուկ հանձնարարականների պահանջները:
«Համաձայն ԱՀ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև կնքված հուշագիր-համաձայնագրի՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ԱՀ դատախազության կողմից նախապատրաստվել է Արցախի Հանրապետության տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող 2 անձի հանձնումը, ընդ որում՝ 1-ը մերժվել է, իսկ 1-ը գտնվում է քննարկման փուլում: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին կազմվել է 31 գործ` հանցագործություն կատարած 31 անձանց վերաբերյալ:
Հետախուզումից հանվել է հանցագործություն կատարած 20 անձ և 1 անհայտ կորած, որից հանցագործություն կատարած 8 անձ` կապված հայտնաբերման հետ, հանցագործություն կատարած 7 անձանց հետախուզումը կարճվել է այլ պատճառով, 6 հետախուզական գործ փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին։ Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ընդհանուր ցուցանիշը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 6.7 տոկոս (2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 13.3 տոկոս), մասնավորապես, հետախուզման մեջ գտնվող հանցագործություն կատարած անձանց ցուցանիշը՝ 6.6 տոկոս»,- նշել է Ա. Մոսիյանն՝ ավելացնելով, որ անցած տարվա ընթացքում հետախուզման մեջ են գտնվել հանցագործություն կատարած 86 անձինք և 12 անհայտ կորածներ: