Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը փետրվարի 24-ի երեկոյան ընդունել է Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը մոտիկից ճանաչելով Արմեն Սարգսյանին, ջերմորեն ողջունել է նրա թեկնածությունը՝ շեշտելով, որ Հայաստանի ներքին կյանքին եւ Սփյուռքին լայն չափով ծանոթ լինելով, ինչպես նաեւ ակադեմիական ու տնտեսական ոլորտների հարուստ փորձառությամբ ու միջազգային շրջանակներու հետ իր մշակած հարաբերություններով, որպես նախագահ կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։
Նորին Սրբությունը միաժամանակ իր ուրախությունն է հայտնել, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի թե Սփյուռքի բոլոր շրջանակների կողմից գոհունակությամբ է ընդունվել։ Հայրապետը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը մեր ժողովրդի ունեցած վստահությունն իր նկատմամբ ի սպաս պիտի դնի Հայաստանի Հանրապետության առավել հզորացման ու ծաղկման։
Արմեն Սարգսյանը Վեհափառ Հայրապետին ներկայությամբ հանդիպել է Ազգային կենտրոնական վարչության եւ Կաթողիկոսարանին առնչվող մարմինների ու հանձնախմբերի ներկայացուցիչների հետ։ Նա ներկայացրել է իր տեսակետներն, մտահոգությունները եւ, հատկապես իր առաջադրանքները Հայաստանի առավել զարգացման ու ծաղկման խնդիրների շուրջ, միաժամանակ շեշտելով Վեհափառ Հայրապետի ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կարեւոր դերակատարությունը հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման ու Հայաստանի առավել առաջադիմությանը նպաստող ծրագրերում։
Նույն երեկոյան Արմեն Սարգսյանը եղել է Վեհափառ Հայրապետի ընթրիքի հյուրը