ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անլուրջ վերաբերմունքի պատճառով կունենանք շատ ավելի մեծ կորուստներ, քան ունեցանք ապրիլին. Անդրանիկ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսասատանն իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար: Այս մասին ասված էր «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցում, որում ներկայացված է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների 2018 թվականի գնահատումները:

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճի եւ հարցը զենքոի ուժով լուծելու շուրջ հայտարարություններ էլ մշտապես ասվում են Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել էր. «Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ դիմաց ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքների հետաքննությամբ զբաղվելու փոխարեն, լավ կլիներ, եթե միջազգային կառույցները ջանքեր գործադրեն այդ հակամարտության բուն պատճառների վերացման համար:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը կարծում է, թե նման հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել, որպեսզի այդ անլրջության հետեւանքով ավելի վատ հետեւանքներ չլինեն:

-Պարո՛ն Քոչարյան, ադրբեջանական կողմից կրկին ակտիվացել են Ղարաբաղյան հարցը զենքի ուժով լուծելու մասին հայտարարությունները: Առաջիկայում սահմանին սրացման մասին խոսք էր գնում նաեւ ԱՄՆ կողմից հրապարակված զեկույցում: Ինչպե՞ս պետք է վերաբերվել նման հայտարարություններին:

-Պետք է լուրջ վերաբերվենք այդպիսի հայտարարությունների: Պետք է ուժեղացնենք թե մեր երկիրը, թե պաշտպանական կառույցները զուգահեռաբար: Միշտ էլ հայտարարություններ եղել են, բայց ոչ այսպես սրությամբ: Եկել է ժամանակը, որ այդ հայտարարություններին պետք է վերաբերվենք ամենալուրջ կերպով, հակառակ դեպքում դրանք կարող են իրականություն դառնալ, բայց մենք այդպես էլ անլուրջ վերաբերմունքի պատճառով կունենանք շատ ավելի մեծ կորուստներ, քան ունեցանք ապրիլին:

-Իսկ այժմ ավելի՞ պատրաստ ենք: Ի՞նչ է փոխվել ապրիլից հետո:

-Պետք ձգտել լինել ավելի պատրաստ: Նախորդ՝ ապրիլյան դեպքերի համեմատ, իհարկե ավելի պատրաստ ենք գոնե մշտադիտարկման հնարավորությունների առումով: Բայց ընդհանուր առմամբ ես կցանկանայի, որպեսզի մենք ունենայինք ավելին: Դրան պետք է ձգտել եւ հասնել: Ես միշտ կարեւորել եմ կադրային փոփոխությունները եւ որակյալ կադրերով համալրումը: Երբ ինքս բանակի ստեղծման ակունքներում էի, զբաղվում էի հենց այդպիսի հարցերով եւ ինձ հաջողվել էր աշխարհով մեկ փնտրել, գտնել մարդկանց, ովքեր կարող էին օգտակար լինել բանակաշինության գործում: Կարծում եմ, որ հպարտանալու բաներ ունեցել եմ եւ ես դա արել եմ սիվով եւ Վազգեն Սարգսյանի դրած խնդիրների շրջանակներում:
-Ադրբեջանտ խոսում է զենքի ուժով հարցի լուծման մասին, Հայաստանն էլ բանակցությունների միջոցով:
-Գիտեք իրենք միշտ կասեն, թե հարցը կցանկանան լուծել զենքի միջոցով, սակայն դա իր մեջ ռիսկեր է պարունակում: Ուժ կիրառողը պետք է պատրաստ լինի, որ հակառակ կողմը կարող է իրեն ավելի հեռու շպրտել: Այդպես եղել է, իրենք 90-ականներին փորձեցին ուժով լուծել, եւ հանդիպեցին այդպես դիմադրության: Մենք պետք է ամեն ինչ անենք` կանխելու պատերազմի հնարավորությունը եւ ամեն ինչ անենք դեպի խաղաղության գործընթաց գնալու համար: Բայց դրա համար պետք է մեր երկրի ներսում լուծենք բազմաթիվ խնդիրներ: Բազմաթիվ խնդիրներ կան, որ պետք է արդեն լուծած լինեինք: Պատերազմով երկիրը չի կարող իրեն թույլ տալ անընդհատ թուլանալ տարբեր ձեւաչափերով: Պատերազմի խնդրի լուծողը կրկին մենք ենք լինելու, բայց մեր քայլերը պետք է լինեն հավասարակշռված եւ կանխարգելիչ: Մենք ունենք ժամանակ մեր խնդիրները լուծելու, բայց այդքան երկար չէ:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս