ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի սկզբանե սադրիչ գործողություններ կային այնտեղ. ես իմ ապրած ձևով դեմ եմ կին ծեծելուն. Հարություն Կարապողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած խայտառակ միջադեպի մասին զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարապողոսյան. նա պատգամավոր է ընտրվել 4-րդ ընտրատարածքից, որը ընդգրկում է նաեւ Էրեբունի վարչական շրջանը:

-Ինչպե՞ս կգնահատեք Երեւանի ավագանու նիստում կատարվածը:

-Շատ տհաճ միջադեպ էր բոլորի համար, եւ կարծում եմ, որ դա ոչ մեկի համար պատվաբեր չէր: Խնդիրները երբեք չեն լուծվում ուժով, ինչ վերաբերում է բռնությանը, ես դեմ եմ բռնությանը, դա կլինի կանանց, տղամարդու, թե ծերի հանդեպ: Ի սկզբանե սադրիչ գործողություններ կային այնտեղ: Չեմ կարծում, որ կազմակերպիչները չգիտեին, որ իրենք ուրիշ ուղղությամբ էին տանում, բոլորը գիտեին: Դժվարանում եմ ասել, թե ինչու այդպես եղավ, ինչու այդպես կազմակերպեցին:

-Տարիներ շարունակ խնդիրը չի լուծվել, ու մարդիկ խնդիրը բարձրացրել են, էլի արդյունք չի տվել, եւ ահա ավագանու անդամները որոշեցին գարշահոտությունը բերել քաղաքապետարան:

-Լրիվ կողմ եմ Ձեր ասածին, որ մարդիկ բարձրացրեցին խնդիրը, այդպես բազմաթիվ խնդիրներ են բարձրանում: Խնդիրներ շատ ունենք, բայց խնդիրները պետք է լուծվեն կոռեկտության սահմաններում, այնպես որ, չեմ ուզում ոչ մեկի մեղադրել, ոչ մեկի փառաբանել, բայց այն, որ պետք է փոխադարձ հասկանալով լինի դա, միանշանակ է:

-Դուք պատգամավոր եք ընտրվել 4-րդ ընտրատարածքից, որը ընդգրկում է նաեւ Էրեբունի վարչական շրջանը, խնդրին, ըստ էության, տեղյակ էիք, կոնկրետ օգնելու համար քայլեր կատարե՞լ եք:

-Ես ոչ:

-Ինչո՞ւ, Ձեզ չէի՞ն դիմել, թե՞…

-Քաղաքացիները, որպես այդպիսին, դա ընդհանուր այսպիսի մի խնդիր է, որ այդ հոտը բոլորը զգում են, բայց որպեսզի ազնիվ եւ շիտակ լինենք, շատ քչերը գիտեն դրա մասին, թե այդ հոտը որտեղից էր գալիս, մարդիկ գիտեին` այնտեղ դիտահորեր կային, չգիտեմ, այդ հորից է գալիս:

-Բնակիչներն այս միջադեպից մի քանի օր առաջ խնդրի մասին բարձրաձայնել էին, Ձեզ չմտահոգե՞ց նրանց խնդիրը:

-Ա՛յ, հենց ամբողջ խնդիրը այդտեղ է, ընդամենը մի քանի օր առաջ ոչ թե բարձրաձայնել են, այլ ճանապարհ են փակել: Ճանապարհը փակելու ժամանակ, կարծում եմ, որ ոստիկանության եւ մեր տարածքային վարչական շրջանի ղեկավարությունից մարդիկ են գնացել, եւ մարդկանց օր ու ամիս, ժամ են խոստացել, իսկ ի՞նչ եք կարծում` խոստանալուց մի օր հետո կարելի էր այդ շոուն սարքել:

-Ի դեպ, Դուք կին կծեծեի՞ք:

-Կարծում եմ` ոչ, ես իմ ապրած ձեւով դեմ եմ դրան:

-Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նախագահականի աշխատակցին ապտակեց, հրաժարական տվեց, արդա՞ր է, որ Տարոն Մարգարյանը հրաժարական չտա:

-Կարծում եմ, որ արդար է: Դուք ի՞նչ եք կարծում` ամեն մի շուոից հետո քաղաքապետը պետք է հրաժարական տա՞:

-Մարդիկ կոնկրետ խնդիր բարձրացրին, Դուք դա շոու եք համարո՞ւմ:

-Գիտեք` գնահատականները մարդիկ տարբեր ձեւով են տալիս, ինձ համար ի սկզբանե շոու էր:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս