ՀԱՄԸՆԿՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱ՞Ղ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանին: Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպումների ժամանակ քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ, ով եւս ներկա է եղել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:
-Պարո՛ն Իշխանյան, Դուք մասնակցել եք Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: Արդյո՞ք Ձեր սպասելիքները, ակնկալիքները կատարվել են:
-Դուք ասում եք` սպասելիքներ կամ արդարացում, բայց շատ սովորական, պարզ հանդիպում էր` նախօրոք հայտարարված ձեւաչափով Արցախ այցելելու եւ հանդիպումներ ունենալու մասին: Արմեն Սարգսյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց իր պատկերացումները, տեսլականը որպես թեկնածու ՀՀ նախագահի եւ խոսեց Արցախի հիմնահարցի ու, ընդհանրապես, Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված այսպես իր մոտեցումներն ու պատկերացումները ներկայացրեց:
-Իսկ այդ մոտեցումները որքանո՞վ էին համընկնում նաեւ Ձեր, արցախցիների պատկերացումներին:
-Կարծում եմ՝ այդ հարցերին անդրադառնալը որպես համընկնել դեռեւս վաղ է, քանի որ շատ սովորական եւ շատ պարզ մոտեցումներ են:
-Հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը հայտարարել էր, թե Արցախյան հիմնահարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով:
-Հարցի լուծման գործընթացը բոլորն էլ տեսնում են բանակցային գործընթացի միջոցով, եւ այն, ինչ բարձրաձայնեց պարոն Սարգսյանը, կարծում եմ՝ այլընտրանք չունի: Մանավանդ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ հենց այդ օրերին տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ հաջորդ օրն իսկ հանդիպում ունեցան նաեւ Արցախի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ վերահաստատվեցին բանակցային գործընթացով հարցի լուծման մոտեցումները:
-Ձեզ համար՝ որպես արցախցու, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ էին առկա Արմեն Սարգսյանի ելույթում հանդիպման ժամանակ:
-Այն, ինչ մեր պատկերացումների մեջ էր, եւ կցանկանայինք լսել Արմեն Սարգսյանից, կարծում եմ՝ լսեցինք: Եվ կարծում եմ` եթե թեկնածուն դառնա նախագահ, մենք ավելի գործնական կարող ենք այն սկզբունքների շուրջ, որոնց մասին ինքը ներկայացրեց իր տեսակետները` ավելի համագործակցելով, նաեւ ունենալ հաջողություններ: Ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս մեր պատկերացումների մեջ մեկ անգամ եւս՝ Արցախյան շարժման այս 30-ամյակի շեմին, տեսնում ենք, որ Արցախը կարող է համահայկական իրականության մեջ ունենալ այն կարեւոր առանցքը, որի շուրջ կարող է համախմբել եւ կենտրոնացնել հայության ներուժը:
-Սակայն ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` նախագահն ավելի ներկայացուցչական պաշտոն է, եւ որոշումներ կայացնողը վարչապետն է: Այս առումով Արցախի համար ավելի կարեւո՞ր չէ, թե ով է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո:
-Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական հարցերին: Ով էլ որ լինի Հայաստանի նախագահը կամ վարչապետը, Արցախի հիմնահարցի լուծման բանալին գտնվում է արցախցիների ձեռքին, եւ Արցախի ժողովուրդը հենց 30 տարի առաջ այս օրերին իր տեսակետը եւ իր կամքը ներկայացրեց: Կարծում եմ՝ այդ կամքը կարեւոր կլինի նաեւ հիմնահարցի վերջնական հանգուցալուծման առումով:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԿԾՄԾՈՒՄ ԵՆ
ՀՀԿ-ՀՅԴ կոալցիայի ներսում սկսել են ճաքեր առաջանալ, թեեւ կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում են թաքցնել: Պատճառը ՀՅԴ վերջին հայտարարությունն է, որտեղ իշխանության հասցեին քննադատությունից բացի` կար նաեւ ԸՕ փոփոխությունների եւ ռեյտինգային ընտրակարգը հանելու առաջարկ: ՀՀԿ-ականները հրաժարվում են ընդառաջել կոալիցիոն գործընկերոջը. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ասել է, թե ՀՅԴ տեսակետները նոր չեն. «2017-ի ընտրություններից առաջ էլ այդ հարցը բարձրացվեց, ՀՅԴ-ն պնդում էր այդ տարբերակը, սակայն մենք բանակցությունների արդյունքում եկանք այն համոզման, որ այսօրվա իրավիճակով ռեյտինգային համակարգը արդարացված է, եւ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի»: Նա երեկ նաեւ ասել է. «Այն քաղաքական ուժերն են բարձրացնում այս հարցը, որոնք խնդիր են ունենում ռեյտինգային ձայներ հավաքելու համար»: Իսկ ահա ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, թե այս հարցը երկար շրջանցել հնարավոր չէ. «Խնդիրն այն է, թե ի՞նչ լուծում պետք է գտնեն, եթե անգամ չեն համաձայնում մեր մոտեցումներին՝ փոխելու, այս հարցը երկար շրջանցել չի լինելու: Մենք լայն դաշտ ենք թողել, պետք է ամենաադեկվատ լուծումը գտնել»: Չնայած այս ամենին` Ռուստամյանը վստահեցրել է, թե ՀՀԿ-ի հետ տարաձայնությունը կոալիցիոն համագործակցությունից հրաժարվելու պառճառ չէ: Ասել է, թե հանուն պաշտոնների ՀՅԴ-ն կմնա կոալիցիայի մեջ, չնայած բավական սկզբունքային հարցում նրանք տարակարծիք են:

 

 

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՀԱՆԴԻՊԻ՞
ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ: Այս հանդիպման մասին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել` նշելով, թե իշխանությունը լեգիտիմ չէ, ԱԺ-ն լեգիտիմ չէ, հետեւաբար. «Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետեւաբար, լեգիտիմ համարվել»: Երեկվա հանդիպմանը ՀԱԿ-ից մասնակցել են միայն փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, նաեւ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում ՀՀ նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը վարչապետ էր, այդ հանդիպմանը չի մասնակցել: Հավանաբար չի ցանկացել: Բայց Արմեն Սարգսյանն ավելի ուշ չի բացառել իր հանդիպումները ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հետ ավելի ուշ հանդիպումը տեղի կունենա, այս եւ այլ հարցերը պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ: «Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Ինձ համար նորություն է նրա ասածը, եւ որեւէ բան չեմ կարող ասել: Նման ինֆորմացիա չկա էլ, որ պետք է հանդիպեն: Որքանով հասկանում եմ` նա իր ցանկության մասին է հայտնել»,- ասել է Զուրաբյանը: Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասել է, թե իր գնահատականները շատ հարցերում տարբերվում էին ՀԱԿ-ի գնահատականներից:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԿԴԻՄԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Փետրվարի 20-ին կլրանա Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Բայց արի ու տես, որ ՀՀ իշխանություններն աչքաթող են անում այս օրը: «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այդ օրը պետք է պետական ուշադրության արժանանար:
-Պարո՛ն Մանուկյան, Դուք Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամներից եք եղել: Այս տարի Ղարաբաղյան շարժման 30-ամյակն է, սակայն ՀՀ իշխանությունները պետականորեն չեն նշում: Որքանո՞վ է սա ազնիվ:
-Ես չգիտեմ` այստեղ ինչպես են նշելու, բայց գիտեմ, որ Ղարաբաղում նշելու են հանդիսավոր, ես գնալու եմ այնտեղ: Ճիշտ կլիներ, որ Հայաստանն էլ նշեր, ես Ձեզ հետ կողմնակից եմ, որ Հայաստանը պետականորեն պետք է նշեր: Ուշ թե շուտ այդ բանը կլինի, սակայն որքան մոտիկ են դեպքերը, այդ մարդիկ դեռ գոյություն ունեն տարբեր ճամբարներում, երեւի պրոբլեմ է առաջանում, բայց, օրինակ, Ղարաբաղում դա պետականորեն նշվում է:
-Հնարավո՞ր է` առաջարկությամբ հանդես գաք, որ մեզ մոտ էլ նշվի:
-Անկեղծ ասած, չեմ առաջարկել այդպիսի բան: Չնայած մի քանի անգամ խոսել ենք դրա մասին, բայց պաշտոնական ես ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին այդպիսի առաջարկություն չեմ արել, բայց ուշ չէ, միգուցե արժի հետները խոսել, ճիշտ եք ասում:

 

 

ԿՍՏԱՆԱ ԻՐ ՊԱՏԻԺԸ
Կեղծ դիպլոմների վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներն այդպես էլ դաս չեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ բուհերի պաշտոնատար անձանց համար: 2017 թվականի հունիսին ԱԱԾ-ն դիմել էր ԿԳՆ-ին` պահանջելով միջոցներ ձեռնարկել ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու եւ հետագայում բացառելու ուղղությամբ: Պատճառը ոչ պետական 3 բուհերի կողմից դասընթացներին չմասնակցած, առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելն է:
Եվ ահա ԱԱԾ-ի հորդորից երկու ամիս անց իրավապահները նոր բացահայտում են իրականացնում Գորիսի պետական համալսարանում: 2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին եւ քննություններին, դրական գնահատականներ է ստացել կիսամյակային քննությունների եւ ստուգարքների համար: Եվ ահա այս ամենի համար մեղադրանք է առաջադրվել ուսանողի մորը, բուհի դեկանին եւ բուհի եւս մեկ աշխատակցուհու: «Ժողովուրդ» օրաթերթը Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԱԱԾ- հայտարարությունը դաս չէր իրենց համար, եւ իր մեղքի բաժինը չի՞ տեսնում բուհում առկա իրավիճակի մասով, վերջինս պատասխանեց. «Այդ դեպքը մասայական դեպք չէ եւ միգուցե անհատների հետ է կապված, իսկ եթե դեկանը նման բան է արել, ապա դեկանը կստանա իր պատիժը. Դուք անհոգ եղե՛ք»:




Լրահոս