Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին երեկ բացահայտել է ՀՀ իշխանությունների կեղծիքները: Մասնավորապես նա անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի ծրագրին` բաց տեքստով հասկացնելով, որ այն մինչեւ այժմ կյանքի չի կոչվել ՀՀ իշխանությունների կողմից նախաձեռնողականության բացակայության պատճառով: «Մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի: Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,-բառացի շեշտել է դեսպանը: Այսպիսով` Սաջադին բացահայտել է Իրան-Հայաստան այդպես էլ չիրականացված ծրագրի մութ մասերը` պարզորոշ հասկացնելով, որ երկաթգծի կառուցման ծրագրի տապալման մեղավորը հայկական կողմն է, որն այդպես էլ չփորձեց ներդրումներ անել այնտեղ: Եվ այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ կառավարությունը ոչ վաղ անցյալում նշում էր, թե դեռ պետք է ուսումնասիրել` ծրագիրը տնտեսապես որքանով է ձեռնտու:
Խոշորամասշտաբ ու չափազանց կարեւոր տնտեսական նշանակություն ունեցող այս ծրագրի մասին վաղուց է խոսվում: 2008-ին Սերժ Սարգսյանը հանրությանն ու Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում հայտարարեց երեք խոշոր ծրագրերի մասին, որոնցից մեկը Իրան-Հայաստան երկաթգծինն էր: «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»,-շեշտեց նա: Սակայն երկար սպասված շինարարությունն այդպես էլ չմեկնարկեց: Իսկ այդ հայտարարությունից անցել է արդեն 10 տարի: 2012 թվականին կառավարության ծրագրում առաջին անգամ տեղ գտավ երկաթուղու շինարարության մասին դրույթը: 2013-ի ծրագրում նույնպես երկաթգծի ծրագրին անդրադարձ կար: Իսկ 2008-2012 թվականների ընթացքում երկու անգամ Իրան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել էր նաեւ երկաթգծի ծրագիրը: Կառավարությունը ստեղծեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՊՓԲԸ, պայմանագրեր ստորագրեց «Ռասիա ՖԶԷ» անվամբ ընկերության հետ, որն, ի դեպ, գրանցված էր օֆշորային գոտում:
Երկաթգծի շինարարությունը պաշտոնապես գնահատվեց 3,5 մլրդ դոլար: 2008 թվականից ի վեր իշխանությունները փորձում էին ներդրողներ գտնել` շինարարության մեկնարկը տալու համար: Սկզբում նրանց հույսն Ասիական զարգացման բանկն էր, հետո` օֆշորային «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը: Նախորդ տարվա նոյեմբերին էլ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համար նախատեսված գումարից հնարավոր չէ առանձնացնել եւ տրամադրել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը:
Իսկ իրանական կողմից մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է դրսեւորվել` ծրագիրը կյանքի կոչելու: Սակայն այդ երկիրը չէր կարող փոխշահավետ ծրագրի համար փոխհատուցել նաեւ հայկական կողմի ծախսերը, մանավանդ, երբ ՀՀ իշխանությունները, ստացվում է, որպես այդպիսին շահագրգռված չեն եղել երկաթուղու կառուցմամբ: Եվ այսպիսով` տարիներ ի վեր հայտարարվող ու իբրեւ թե քննարկվող ծրագիրն այդպես էլ իրականություն չի դառնում: Մինչդեռ սրանով մեր երկրի տնտեսական դաշտն էապես կբարելավվեր: Ստացվում է` իշխանությունների կողմից պարզապես կամք չի դրսեւորվում` շահավետ նախագիծն իրականացնելու համար:
Նշենք, որ երկաթգծի կառուցման դեպքում այն կդառնա ամենակարճ ճանապարհը, որը կկապի Պարսից ծոցը Սեւ ծովին: Եվ մինչ մեր երկիրը մտածում է, թե որտեղից գումարներ գտնել, ինչի արդյունքում էլ ծրագիրը շարունակում է քնեցված մնալ, մարտ ամսին նախատեսվում է գործարկել Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածը: Դեսպանն ասել է, թե կապ չունի` հարեւան երկրում ինչ են անում: Պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները շատ լավ են, եւ իրենք պատրաստ են գործարկել երկաթգիծը:
Դիվանագետը հայտարարել է նաեւ, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին: «Այս հարցը նաեւ քննարկվում է, ես հուսով եմ, որ առաջընթաց կունենանք։ Եթե էներգետիկ ոլորտում Հայաստանը մի փոքր աշխուժանա, ես կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, եւ դա կնպաստի, որպեսզի ՀՀ-ում աշխատատեղեր ստեղծվեն»,-շեշտել է դեսպանը: Հիշեցնենք, որ Իրանի ե՛ւ նախկին, ե՛ւ հիմա ներկա դեսպանը խոսում են հարմար գներով գազ վաճառելու պատրաստակամության մասին: ՀՀ իշխանությունները մինչեւ հիմա ռեալ բանակցություններ չեն վարել. ՀՀ իշխանությունները հաճախ են սիրում շեշտել, որ Իրանը գազը վաճառում է` շուկայական գներին համապատասխան, ինչն ավելի թանկ է, քան Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող կապույտ վառելիքը: Մինչդեռ լավ կլիներ, եթե փորձեին բանակցել, հարցը քննարկել: Թե ինչո՞ւ չեն գնացել այդ քայլին, պարզ է՝ դեռ չունեն ռուսական կողմի, մասնավորապես «Գազպրոմ» ընկերության թույլտվությունը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Իրան այցի ժամանակ է խոսվել գազամատակարարման ծավալների մասին, բայց միայն գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակներում, այն էլ եթե ՀՀ-ում «Գազպրոմն» իրականացնի գազի տեղափոխումը:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵԿԱՄՈՒՏ ՉԿԱ, ՀԱՐԿԸ ՔԻՉ Է
Հայաստանում երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ եւ արագաչափեր տեղադրող ու սպասարկող «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը զգալի նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարում պետական բյուջե կատարել է 899 մլն 334 հազար դրամի հարկային վճարումներ: Մինչդեռ 2016 թվականին «Սեքյուրեթի Դրիմ»-ի վճարած հարկերն ու տուրքերը կազմել են 1 մլրդ 155 մլն 132 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերության հարկերի նվազեցման պատճառն այն է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Սերժ Սարգսյանը որոշեց պետականացնել մասնավոր բիզնեսը: Ինչն էլ իր անմիջական ազդեցությունը թողեց վճարած հարկերի չափերի վրա: Կամ էլ, ինչպես ասում են, վարորդներից իրականացվող բռնագանձումներից «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության եկամուտներն են զգալի նվազել:
ՉՑՓՆԵԼ ՓՈՂԵՐԸ
2017թ. տնտեսական աճն իր ազդեցությունը կթողնի հետագա տարիների վրա. այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով նախարարի հայտարարություններին, ասաց, թե անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` բնակչության եկամուտների աճ ապահովելու համար: «Մնացած թվերը չես դնի մարդկանց սեղանին: Կան բազմաթիվ ծախսեր, որ արդարացված չեն: Պետական համակարգի բազմաթիվ անձանց չարդարացված բարձր աշխատավարձեր են տրվում: Օրինակ` Համահայկական բանկին, Հայաստանի զարգացման հիմնադրամին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին: Չի կարելի ցփնել փողերը»,- շեշտեց տնտեսագետը:
ՄԵԿՆԵԼ ԵՆ ՈՒ ՉԵՆ ԵԿԵԼ
Այս տարվա հունվարին Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 1029 մարդ: Բայց երբ տվյալները դիտարկում ենք ըստ սահմանային անցակետերի, վերջին տարիներին մարդիկ հեռանում են հիմնականում Բագրատաշենի, Բավրայի, հիմա նաեւ Գոգավանի անցակետերով` ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով, քանի որ այդպես էժան է եւ հարմար` ընտանիքներով այլ երկրներ տեղափոխվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականին Բագրատաշենի անցակետով արտագաղթել է 9464 քաղաքացի: Իսկ ահա Բավրայի անցակետով արտագաղթել է 11 հազար 258, որը նախորդ տարվա համեմատ 4278-ով ավելացել է: Կտրուկ ավելացել է նաեւ Գոգավանի անցակետով հեռացածների թիվը. 2016 թ. 2 հազար 415 ՀՀ քաղաքացու փոխարեն նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 27 հազար 192: Նկատենք, որ այս տարի արտագաղթի ուղի դարձել է Լոռու մարզում գտնվող Գոգավանի անցակետը, քանի որ այն նոր է վերանորոգվել ու հարմար է ճամփորդելու համար:
ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՔ
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է ԼՂ խնդրին` նշելով, որ իրենց երկիրը` Իրանը, խաղաղության կողմնակից է եւ բարձր է գնահատում հարաբերություններն իր բոլոր հարեւանների հետ. «Մենք թույլ չենք տա, որ այլ պետություններ ոտնձգություններ կատարեն եւ խարխլեն մեր հարեւան պետությունների հետ մեր հարաբերությունները»,-նշել է դեսպանը: Նա անդրադառնալով Արցախի հարցին` ասել է. «Դուք չպետք է թույլ տաք, որ ձեր երկրում հաստատված խաղաղ կյանքը խարխլվի: Այն իրանցին, որն այցելում է Հայաստան, այս խաղաղ եւ հանգիստ վիճակի համար է այցելում, եթե դա չլինի, այդ հնարավորությունն էլ հայկական կողմը ձեռքից բաց կթողնի»:
ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով տիկնոջ հետ ՀՀ է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւը: Նախագահի նստավայրում նախագահ Ռումեն Ռադեւին եւ տիկին Դեսիսլավա Ռադեւային դիմավորել են նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ռումեն Ռադեւի առանձնազրույցը: Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստան այցելելու հրավերի համար` ընդգծելով, որ մեծ գոհունակությամբ է ընդունել այն: Բուլղարիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սարգսյանն ընդգծեց, թե չի հավատում, որ Բաքուն ցանկանում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Միաժամանակ պաշտոնական Երեւանը չի մեկնաբանում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Ալիեւի որոշումը: «Ադրբեջանի նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու իրական դրդապատճառների մասին, կարծում եմ, որ տեղյակ են այդ երկրի ղեկավարը եւ մի քանի անհատներ, եւ դա մեր մեկնաբանելու խնդիրը չէ: Բայց այն տեսակետը, որ դուք ակնարկեցիք, չեմ կարծում, որ իրական է, որովհետեւ չեմ հավատում, որ հանկարծ Ադրբեջանում անհագուրդ ցանկություն է առաջացել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու: Նախկինում՝ նախորդ տարիներին, Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խնդրին խաղաղ լուծում տալու, բայց, ցավոք, նրանց գործողությունները հանգեցրել են նրան, որ հիմա մենք կարող ենք խոսել միայն կորցրած հնարավորությունների մասին»,- պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցչի հարցին` հայտարարեց Սերժ Սարգսյանը:
ՉԻ ԴԱՌՆԱ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխությունները չեն իրականացվում` մեկ անձի շահերից ելնելով: Ըստ նրա` 2018թ. ապրիլին կայանալիք ընտրություններից հետո Հայաստանը «միապետություն չի դառնա»: «Կառավարման նոր` խորհրդարանական համակարգին անցումը, իմ կարծիքով, միայն դրական կողմեր կունենա»,-ասել է Ռուստամյանը: Մյուս կողմից Ռուստամյանը նշել է, թե ռեյտինգային ընտրակարգն այն հարցը չէ, որի շուրջ անհամաձայնությունը կոալիցիոն համագործակցության դադարեցման պատճառ դառնա: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն պահանջում է ԸՕ-ից հանել ռեյտինգային ընտրակարգը` անցնելով բացառապես 100 տոկոս համամասնականի, իսկ իշխող ՀՀԿ-ն մերժում է այդ առաջարկը: