Մինչ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները մեկը մյուսից հետեւից ազատվում են պաշտոնից, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` քառօրյա պատերազմից հետո պաշտոնաթող եղած գեներալները հետ են վերադառնում:
2017 թվականին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ եղան: Նախ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, այսպես ասած, հորդորով ազատվեց գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը: Մինչ այդ` 2017 թվականի մայիսի 3-ին, առաջին տեղակալի պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը` նշանակվելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում:
Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունների պատմությունը բավականին խորը արմատներ ունի, եւ դեռ ավելին` սպասվող փոփոխությունները այսքանով չեն ավարտվի: Մեզ հասած տեղեկություններով` ԳՇ պետի տեղակալների ազատման հարցը նախարարությունում բարձրացվել է տարիներ շարունակ:
Երբ Վիգեն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվեց եւ նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, իրավիճակը փոխվեց: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, ՊՆ մի շարք գեներալներ, պաշտոնատար անձինք Վիգեն Սարգսյանին ներկայացրել են, որ ԳՇ պետի շատ տեղակալներ բյուջեի վրա ավելորդ ծախս են, որ դրա իմաստը չկա, հարկավոր է ընդամենը մեկ տեղակալ, որը նրան կփոխարինի բացակայության ժամանակ:
Մեզ հասած լուրերի համաձայն` եղել են պաշտոնյաներ, որ այս հարցի շուրջ հակադրվել են` նշելով, որ ԳՇ պետի տեղակալների մեջ կան անձինք, որոնք բանակին օգուտ են տվել, արդյո՞ք նրանց ազատելով պաշտոնից եւ թողնելով բախտի քմահաճույքին` արդարացի է:
Քննարկումը տարբեր բախումների առիթ է տվել, եւ որոշվել է ազատվել ԳՇ պետի տեղակալներից, բայց չթողնել գործազուրկ, այլ ԳՇ վարչություններում կոնկրետ աշխատանքի տեղավորել, որպեսզի հասկանան, թե կոնկրետ ինչ գործառույթ պետք է իրականացնեն եւ կոնկրետ ինչ իրավիճակի համար պատասխանատու լինեն:
Եվ ահա ԳՇ պետի տեղակալ Էնրիկո Ապրիամովին ազատելուց հետո տեղափոխեցին ԱԻՆ, նրանից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատվեց Հայկազ Բաղմանյանը, իսկ թե որտեղ նա հետագայում կնշանակվի, դժվար է ասել: Կադրային փոփոխությունների արդյունքում պաշտոնից կազատվի նաեւ Ստեփան Գալստյանը, նրան եւս որեւէ այլ աշխատանքի կտեղավորեն, իսկ ահա ԶՈւ գլխավոր շտաբի պետը կունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Քառօրյա պատերազմն ու վերադարձած գեներալները
Մինչ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալները մեկը մյուսի հետեւից ազատվում են պաշտոնից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քառօրյա պատերազմից հետո ազատված գեներալներին հետ են բերում:
Ինչպես հայտնի է` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց: Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից, իսկ ահա գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը ազատվեց կապի զորքերի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից:
Անհերքելի էր, որ վերոնշյալ պաշտոնյաների ազատումը պայմանավորված էր քառօրյա պատերազմի ընթացքում նրանց ղեկավարած ոլորտներում բացահայտված թերությունների հետ: Բայց պարզվում է` այդ ամենն արվեց` ժամանակին դժգոհությունները մեղմելու համար:
Ազատումներից կարճ ժամանակ անց` 2016 թվականի սեպտեմբերի 24-ին, գրել էինք, որ ազատված գեներալներից ոմանք Սերժ Սարգսյանի բարեհաճությանն են արժանացել, եւ սպասվում է, որ նրանք կրկին վերադառնալու են ՊՆ եւ բարձր պաշտոնի են նշանակվելու:
Եվ ահա մեզ հասած տեղեկություններով` զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը վերադարձել է եւ ՊՆ-ում հետախուզության ոլորտում մեկ այլ պաշտոն է զբաղեցնում:
Ավելին` երբ Արշակ Կարապետյանը կրկին վերադարձել է ՊՆ, նախարարությունում խոսակցություններ են սկսել` եթե նրա փոխարեն մեկ այլ մարդ զբաղեցներ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը, ապա քառօրյա պատերազմից հետո նրան լավ օրեր չէին սպասվի, սակայն Արշակ Կարապետյանի դեպքում իրավիճակը այլ է եղել, քանի որ նա համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմներից, ուստի գեներալ-մայորին քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արեցին, որպեսզի տպավորություն ստեղծեն, որ որեւէ մեկը անպատժելի չի մնա, սակայն ավելի ուշ նրան հետ վերադարձրին` ավելի ցածր պաշտոնի նշանակելով, սակայն ոչ գործազուրկ թողնելով:
Ինչեւէ: «Ժողովուրդ օրաթերթը» ՀՀ պաշտպանության նախարարությունից փորձեց պարզել, թե Արշակ Կարապետյանը ինչ պաշտոնի է նշանակվել, ՊՆ-ից մեզ հորդորեցին հարցումը ուղարկել գրավոր: Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ):
Արդյունքում ի պատասխան մեր գրավոր հարցման` ՊՆ լրատվականից հայտնել էին «Ձեր հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ, հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:
Ստացվում է ՊՆ-ում պաշտոնի նշանակումը, որը հնարավոր էր մեկ զանգով պարզել, այդքան էլ հեշտ բան չէ, անգամ 5 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել, ուստի լրացուցիչ ժամկետ են խնդրում: Բայց այսկերպ վարվելու պատճառը հասկանալի է. Պն-ում, մեղմ ասած, գաղտնի են պահում Արշակ Կարապետյանի նշանակումը, որպեսզի նոր դժգոհությունների առիթ չդառնա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԿՀ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆ ՈՒ 12 ՄԵՂԱԴՐՅԱԼԸ
«Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործով նախաքննությունը ավարտվեց: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների: Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: 4 ամիս տեւած քննության ընթացքում ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանը այդպես էլ ցուցմունք չտվեց: Վերջինիս պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ նախաքննությունն ավարտվել է, առաջադրված մեղադրանքները չեն հիմնավորվում, ապացույցներ առկա չեն, եւ քննությունը կատարվել է որոշակի թերություններով: Վերջինս ծանոթանալով քրեական գործի նյութերին` միջնորդություն է ներկայացրել լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, ի վերջո, ինչքան գումար է վերցրել ՔԿՀ նախկին պետը, ըստ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված տվյալների` ՔԿՀ 2 դատապարտյալների օգտին գործողություններ կատարելու համար նրանցից ստացել է 2 միլիոն 750 հազար դրամ:
Ի դեպ, կաշառքի այս բացահայտումը իրավապահները իրականացրել են` գաղտնալսելով կողմերին, սակայն արդարադատության գնդապետի մտերիմները վստահեցնում են, որ ձեռք բերված գաղտնալսումների եւ, առհասարակ, ՔԿՀ պետի դեմ տրված ցուցմունքների մասով որեւէ ապացույց չկա, որ նա այդքան գումար է ստացել:
Ինչեւէ: Պարզեցինք նաեւ, որ «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետի կաշառքի գործով կա 11 մեղադրյալ: Ավելին` տեղեկացանք, որ այս քրեական գործից մաս է առանձնացվել, եւ ՀՔԾ-ում քննությունը դեռ ընթանում է: Ու հիմա ստացվում է՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում իրավապահների կողմից բացահայտված կաշառք տալու, կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները անցնելու քրեական գործով 13 հոգի հայտնվել է մեղադրյալի աթոռին, որից 11 անձի մասով նախաքննությունը ավարտվել է, իսկ ահա 2 անձի մասով նախաքննությունը ՀՔԾ-ում շարունակվում է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԵՂԲՈՐԸ
Փետրվարի 11-ին ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել: Նույն օրը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել Արսեն Ա.-ն` «ձախ ուսի եւ կրծքավանդակի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ: Պարզել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել: 1977 թ. ծնված Արտակ Ա.-ն դանակով հարվածել է եղբորը` Արսեն Ա.-ին` պատճառելով վնասվածքներ: Արտակ Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ԴԵՄ Է
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՀՅԴ-ն դեռեւս 1990-ական թվականներից է պահանջներ առաջ քաշում Հայաստանում ընտրությունների համամասնական համակարգի ներդրման մասին: Նրա խոսքով` ՀՅԴ-ն իր ընտրությունը կատարել է, եւ դա նրանց որոշումն է: «Այս հարցը բարձրացվել է դեռեւս մինչեւ 2017թ.: Սա օրինական պահանջ է, սակայն բանակցությունների շնորհիվ մենք այն համոզման ենք եկել, որ ելնելով ստեղծված իրավիճակից` Հայաստանում ռեյտինգային համակարգն ավելի արդարացված եւ օպտիմալ կլինի, եւ մենք կարողացանք համաձայնության գալ այս ընդհանուր համակարգի ներդրման հարցում»,-պարզաբանել է Բաղդասարյանը: Նշենք, որ ՀՅԴ-ն առաջարկում է ռեյտինգային համակարգից հրաժարվել, սակայն նրանց կոալիցիոն գործընկեր Հանրապետականը այս նախաձեռնությանը դեմ է:
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի եւ նրա ենթակաների կողմից կաշառք ստանալու գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է: Արմեն Սողոյանը դատարան չէր բերվել. դատարան գրություն էր ստացվել, ըստ որի` Ա. Սողոյանը առողջական խնդիրներ ունի եւ չի կարող ներկայանալ դատարան: Ըստ մեղադրանքի` Արմեն Սողոյանն ընդունել է Ժաննա Հովհաննիսյանին եւ իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին ու նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1 մլն 528 հազար դրամին համարժեք կաշառք: