ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՅԱԼԸ ՊԵՏԲՅՈՒՋԵ ՀԱՐԿ ՉԻ ՎՃԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սեւանի իշխան», «Սեւան ակվա» ընկերությունները հազար խոշոր հարկատուների անցած տարվա ցանկում տեղ չեն գտել: Մինչդեռ այս ընկերություններից «Սեւանի իշխան»-ը 2016 թվականին հարկային վճարումներ կատարել է` հայտնվելով հազար խոշոր հարկատուների ցանկում:

Դեռեւս 2013 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, կառավարությունը ստեղծեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»: 2014 թվականին ստեղծվեց «Սեւանի իշխան» ընկերությունը: Իսկ ահա մեկ տարի անց` 2015 թվականի նոյեմբերին, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, հիմնվեց «Սեւան ակվա» ընկերությունը: Նկատենք, որ հիմնադրամի կողմից ստեղծված երկու ընկերություններն էլ ունեն նույն գործառույթները:
Եւ կառավարությունը սկսեց եւ մինչ օրս շարունակում է ընկերություններին տրամադրել հարկային արտոնություններ, ազատել ներմուծվող սարքավորումների մաքսատուրքերից: Անգամ կառավարությունը ընկերությանը անհատույց օգտագործման հողամասեր է տրամադրել: Միայն անցած տարում գործադիրը վերը նշված ընկերություններին 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման հողատարածքներ տրամադրեց: Բայց չնայած սրան` ընկերությունները իրենց խոստումները` աշխատատեղեր ստեղծելու եւ ներդրումներ անելու մասին, դեռեւս իրականություն չեն դարձրել:
Ավելին` հիմա էլ պարզվում է, որ ընկերություններն անգամ նվազեցրել են պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը եւ 2017թ. տեղ չեն գտել խոշոր հարկատուների ցանկում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց` «Սեւանի իշխան» ընկերությունը 2016 թվականի ընթացքում պետական բյուջե վճարել է ընդամենը 168 մլն 620 հազար 600 դրամ հարկ ու տուրք: Իսկ ահա անցած տարում այս ընկերությունը տեղ չի գտել հազար խոշոր հարկատուների ցանկի անգամ վերջնամասում: «Ժողովուրդ»-ի հարցին` ինչն է պատճառը, որ 2017 թվականի ընթացքում հարկ ու տուրք չի վճարվել, ընկերությունից Մինասը նշեց. «Չենք կարող պատասխանել, թե ինչն է պատճառը: Ժամանակ է պետք, որպեսզի ուսումնասիրենք պատճառները: Պետք է մանրամասն նայենք, ապա պատասխանենք»:
Մինչ «Սեւանի իշխան» ընկերության աշխատողները կփորձեն հարկերի նվազման պատճառները փնտրել, նշենք, որ մյուս` «Սեւան ակվա» ընկերությունը եւս անցած տարում հարկային վճարումներ չի կատարել: Ըստ որոշ տեղեկությունների` պատճառը անցած տարվա ընթացքում «Սեւան ակվա» ընկերության ձկնաբուծական ցանցավանդակների վնասվելն է: Շրջանառվող լուրերի համաձայն` ընկերությունը ցանցավանդակի վնասվելը կառավարությանը ներկայացրել է որպես մեծ վնաս եւ պատճառաբանել, որ չի կարող հարկեր վճարել, քանի որ ցանցավանդակները դատարկվել են: Ապա վնասված ցանցավանդակից դուրս եկած ձկներին վաճառել են: «Սեւան ակվա»-ից այս տեղեկությունը լսելուց հետո հայտարարեցին, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել` արդյո՞ք կատարվածի վերաբերյալ ընկերությունը դիմել է ՀՀ ոստիկանություն: Սակայն ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ նման ահազանգ չեն ստացել:
Մինչդեռ ըստ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի` ե՛ւ «Սեւանի իշխան», ե՛ւ «Սեւան ակվա» ընկերությունների գործունեության արդյունքում 2019-ին պետք է ունենանք տարեկան մոտ 685 տոննա ձկնամթերք, հասույթը` մոտ 2,4 միլիարդ դրամ: Բացի այս` ընկերությունները խոստանում էին, որ ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ եւ համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Բացի այս` ներդրումային ծրագրի շրջանակներում մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն կառուցելու համար «Սեւան ակվա» ընկերությունը նախատեսում էր ներդրումներ իրականացնել շուրջ 1,75 մլրդ դրամի չափով: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում իբր պետք է ստեղծվեր մոտ 85 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ. 230 հազար դրամ, 2018թ.` 220 դրամ եւ 2019թ.` 220 հազար դրամ:
Իսկ ահա Սեւանի իշխանի վերամշակման գործարան կառուցելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում կատարել: Ծրագրի իրականացմամբ իբր պետք է ստեղծվեր մոտ 150 աշխատատեղ: Սակայն ըկերության այս խոստումներն այդպես էլ իրականություն չեն դարձել: Ամենակարեւորը` ընկերությունը չի իրականացրել աշխատատեղերի ստեղծման մասով տված խոստումը: Բայց արի ու տես, որ այժմ ընկերությունն ունի 12-14 աշխատող: Իսկ հարակից համայնքների բնակիչները հույս չունեն, որ այդ ընկերությունները երբեւէ իրենց աշխատանքով կապահովեն: Համաձայնեք, որ հիմնադրամի, ապա ընկերությունների աշխատատեղեր բացելու խոստումները զուտ խոսքեր են եղել օդի մեջ:
Եւ ամենեւին էլ գաղտնիք չէ, թե ինչու է կառավարությունն այսպես «լավ աչքով նայում» ընկերություններին: Բանն այն է, որ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է, նախագահի տեղակալը` Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանը: Ահա թե ինչն է պատճառը, որ վերջին մի քանի տարիներին ընկերությունը տարվա մեջ մի քանի անգամ կառավորության կողմից արտոնություններ է ստանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ՊԵԿ-ն անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի վերջին համարում տպագրված գերավճարների աճի մասին հրապարակմանը: Հիշեցնենք, որ հարկային գերավճարները 2017թ. հունվարի 1-ին կազմել էին 138.2 մլրդ դրամ, մինչդեռ այս տարի այդ թիվն ավելացել էր` դառնալով 160.8 մլրդ դրամ: ՊԵԿ-ից պարզաբանել են, որ գերավճարների աճը, որ կազմել է 22.6 մլրդ դրամ, պայմանավորված է եղել հարկ վճարողների թվի ավելացմամբ: «Խոշոր հարկ վճարողների թիվը 01.01.2017թ-ի դրությամբ կազմել է 524 հարկ վճարող, իսկ 01.01.2018թ-ի դրությամբ՝ 1086 հարկ վճարող, այսինքն՝ կրկնակի անգամ ավելի: Հետեւաբար, 1086 հարկ վճարողների գերավճարների հանրագումարը պետք է գերազանցեր 524 հարկ վճարողների գերավճարների հանրագումարին:
Գերավճարների աճի կամ նվազման ճշգրիտ տվյալներ հրապարակելու նպատակով հայտնում ենք, որ ներկայումս (01.01.2018թ-ից սկսած) խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների թիվը կազմում է 1258 հարկ վճարող, որոնց հարկային գերավճարները 01.01.2017թ-ի դրությամբ կազմել են 183.6 մլրդ դրամ, իսկ 01.01.2018թ-ի դրությամբ՝ 176.0 մլրդ դրամ, այսինքն՝ գերավճարները նվազել են 7.6 մլրդ դրամով կամ 4.1%-ով: Հաշվի առնելով ակցիզային հարկի եւ հարկային գործակալի կողմից պահվող ոչ ռեզիդենտի շահութահարկի գծով գերավճարների առկայության առանձնահատկությունները (հաշվարկների ներկայացման համար սահմանված են ավելի ուշ ժամկետներ եւ այդ մասով գերավճարների աճը կամ նվազումը ընդհանուր հաշվարկում հաշվի առնելը նպատակահարմար չէ), ապա կստացվի, որ գերավճարների հանրագումարը 01.01.2017թ-ի դրությամբ կազմում է 157.0 մլրդ դրամ, իսկ 01.01.2018թ-ի դրությամբ՝ 142.6 մլրդ դրամ, այսինքն՝ գերավճարները նվազել են 14.3 մլրդ դրամով կամ 9.1%-ով: Այդ թվում՝ ԱԱՀ-ի գծով գերավճարները նվազել են 1.949,8 մլն դրամով, շահութահարկի գծով՝ 10.500,5 մլն դրամով, իսկ ԵՏՄ երկրներից ներմուծումների ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գծով՝ 2.456,4 մլն դրամով»,- նշված է ՊԵԿ պարզաբանման մեջ:

 

 

ԵՂԵԼ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐ
Ռուսաստանում նախօրեին խոշոր ավիաաղետ է տեղի ունեցել: Դոմոդեդովոյի օդանավակայանից թռիչք կատարելիս Մոսկվա-Օրսկ չվերթի ուղեւորատար Ան-148 ինքնաթիռը բախվել է «կՏփՑօ ՀՏրրՌՌ» ուղղաթիռին եւ կործանվել: Ինքնաթիռում գտնվել է 71 մարդ` 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ. նրանք բոլորը զոհվել են:
Նշենք, որ կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկն ազգությամբ հայ էր` Սերգեյ Գամբորյան (երկրորդ օդաչու): Զոհվել է նաեւ ուղեւոր Վարսիկ Սեւոյանը` Հայաստանի քաղաքացի: Կազմակերպվել է զոհվածների մարմնամասերի հավաքում, որը բավականին երկարատեւ գործընթաց է: Յոթ օրվա ընթացքում մարմնամասերը կհավաքեն: Ի դեպ, օդանավի անկման վայրից ոչ հեռու գտնվել են այլ օդային ապարատի բեկորներ. չի բացառվում, որ դա ուղղաթիռ է, որին օդում կարող էր բախվել Ան-148-ը:
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ուղեւորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք եւ կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին»,- ասված է ցավակցական հեռագրում:
Մարզի իշխանությունները փետրվարի 12-ը սգո օր են հայտարարել:




Լրահոս