Երեւանի ավագանու նիստում կատարվածին որակում տալն իսկապես դժվար է: Չնայած հայերենը հարուստ լեզու է, սակայն բառերն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները փորձում էին իրենց պատկերացումների շրջանակներում բարձրացնել Նուբարաշեն համայնքի խնդիրը` կոյուղաջրերով տարաները «նվիրելով» քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը, տեսնելով նիստի ժամանակ այդ տարաներով իրեն մոտեցող ավագանու անդամներին, սկսեց իրար խառնվել` հրահանգելով. «Դեմներն առե՛ք, դեմներն առե՛ք, շուտ-շուտ»: Ու ավագանու կին անդամների վրա հարձակվեցին քաղաքապետարանի աշխատակիցները` փորձելով իրենց անձը զոհելով` փրկել շեֆին գարշահոտությունը մի քանի րոպեով շնչելու անախորժությունից: Չստացվեց. կոյուղաջրերը լցվեցին քաղաքապետի սեղանին, հոտը տարածվեց ողջ դահլիճում, եւ իշխանավորները մի պահ զգացին այն, ինչ ամեն օր զգում ու շնչում են նուբարաշենցիները: Հետո ավագանու նիստում սկսվեց ծեծկռտուք. ՀՀԿ-ականները՝ տղամարդիկ, հարձակվեցին, ապտակեցին «Երկիր ծիրանիի» կանանց` քաշքշելով նրանց մազերից, իհարկե, ստանալով մի քանի պատասխան ապտակ: «Ժողովուրդ»-ին ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տարոն Մարգարյանն իր ենթակաների վրա խիստ բարկացել է, որ չեն կարողացել ժամանակին ավագանու անդամների «դեմն առնել» եւ չեն կարողացել կանխել, որ կոյուղաջրերը չթափեն: Ամենանողկալին ավագանու ՀՀԿ-ական կանանց պահվածքն էր, երբ հարցազրույցներում արդարացնում էին ընդդիմադիր կին գործընկերներին ծեծելը: Իսկապես, ինչեր ասես, որ չեն անի հանուն շեֆի ՀՀԿ-ականները՝ կատաղած:
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Հայաստանի զարգացման հիմնադրամում եւ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում որոշել են իրենց էլիտար հաճույքները բավարարել հարկատուներիս հաշվին: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը որոշել է բյուջեի միջոցներով գնել սիգարետներ՝ յուրաքանչյուրը 1500 դրամ արժողության, թանկարժեք սուրճերի տեսականի: Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը եւս զերծ չի մնացել նման գործելաոճից, նրանք էլ որոշել են գնել 12 հազար դրամանոց «Էսպրեսսո» սուրճեր, նաեւ՝ լուծվող սուրճերի այլ տեսականի: Միայն թե ոչ վաղ անցյալում վարչապետը հայտարարեց բյուջեի ծախսերը կրճատելու, խնայողության ռեժիմի անցնելու մասին: Այդ նպատակով կառավարությունն անգամ օպտիմալացրեց մի շարք հիմնարկներ` արդյունքում՝ գործազուրկ թողնելով տասնյակ մարդկանց: Իսկ հիմա խնայված գումարները ծախսվում են նման բաների վրա. ի դեպ, այս երկու կառույցների ղեկավարները վարչապետի խորհրդականներ Արսեն Ավակ Ավակյանն ու Ալեքսանդր Խաչատուրյանն են:
Փետրվարի 9-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում հայտնի հաղորդավարուհի Դինա Ակոպովնային մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու եւ փողերի լվացման համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ժամանակին էլ նրան հարցաքննել էին ՀՀ ԱԱԾ-ում նման մի քրեական գործի շրջանակներում: Եւ որ ամենահետաքրքիրն է՝ Դիաննա Ակոպովնան կապ ունի Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի հետ. ժամանակին եղել է «DOCANDO FEDERACIA»-ի մամլո քարտուղարը եւ ԱՄՆ-ում գործունեություն է ծավալել՝ ունենալով Վարդանյանի հովանավորությունը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է Գոռ Վարդանյանին, որը փորձել է խուսափել հարցին պատասխանելուց` ասելով. «Ես ի՞նչ կապ ունեմ»:
Իշխանությունները որոշել են նոր արշավ սկսել մամուլի դեմ: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, այս ճանապարհին առաջին քայլն էր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր ձեւավորվելիք կառավարության պայմաններում ոչ միայն վարչապետի, կառավարության աշխատակազմը, այլ նաեւ նախարարությունները դառնալու են հնարավորինս փակ` սահմանափակելով տեղեկությունների տրամադրման գործընթացը: Ըստ այդմ, հաղորդվելու է միայն այն, ինչ նպատակահարմար է իրենց՝ իշխանություններին: Իշխանական վերնախավում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հույս ունեն, որ սկզբնական շրջանում այս գործելաոճը դժգոհության առիթ կհանդիսանա, բայց հետո բոլորը կհամակերպվեն իրավիճակին: Փաստորեն, միջազգային հանրության մոտ Սերժ Սարգսյանը հեքիաթներ է պատմում Հայաստանում ժողովրդավարության, մամուլի եւ խոսքի ազատության մասին, բայց իրականում երկրի ներսում փորձում է վերածնել խորհրդային կարգերը, երբ անգամ լրջագույն աղետների մասին տեղեկությունները իշխանությունները թաքցնում էին` փոխարենը մամուլին ստիպելով գրել առաջավոր կթվորուհիների ու գերազանցիկ բանվորների մասին:
ԴԵՍՊԱՆԻՆ ՓՈՐՁԵԼ Է ՍՈՒՏ ՀԱՆԵԼ
ՀՀ իշխանություններն արձագանքեցին Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի` նախօրեի հայտարարություններին: Դեսպանը, հիշեցնենք, ասել էր, թե Իրանը պատրաստ է Հայաստանին հարմար գնով գազ վաճառել, եւ որ այդ հարցով քննարկումներ են ընթանում:
Մինչդեռ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը երեկ նշել է. «Հստակ կարող եմ ասել, որ Իրանի կողմից մինչ այսօր չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ»: Նա նաեւ կոչ է արել լրագրողներին դեսպանից հետաքրքրվել, թե ինչ ասել է՝ «հարմար գին»: «Երբ մենք ավելի մրցունակ գին կունենանք, այդ հարցը կքննարկենք: Այնպես չէ, որ մշտապես այդ հարցը մեր օրակարգում չէ, Իրանն էլ է շահագրգռված իր գազի արտահանման ծավալները ավելացնելու ուղղությամբ, իսկ մենք շահագրգռված ենք ավելի մատչելի գազ ձեռք բերելու, քաղաքական խնդիր չկա»,- պնդել է փոխնախարարը:
Ուշագրավն այն է, որ Սեյեդ Քազեմ Սաջադին իրանցի առաջին դիվանագետը չէ, որ խոսում է Հայաստանին էժան գազ մատակարարելու պատրաստակամության մասին: Նրա նախորդը՝ Մոհամմադ Ռեյիսին, դեռ 2013թ. նշել էր, որ ՀՀ-ն Իրանից գազ ներկրելու շուրջ երբեք չի բանակցել, մինչդեռ իրենք կարող էին գազը վաճառել անգամ 100 դոլարով: Դրանից հետո ՀՀ էներգետիկայի նախկին նախարարները՝ Արմեն Մովսիսյանն ու Երվանդ Զախարյանը, փորձում էին արդարանալ` ասելով՝ Իրանի հետ չեն բանակցել, քանի որ ՌԴ-ից բացի` որեւէ մեկը ՀՀ-ին էժան գազ չի կարող տալ:
Հիմա նույն կերպ փոխնախարար Հարությունյանն է փորձում Իրանի դեսպանին «սխալ հանել»` պնդելով, որ իրանական կողմը ՀՀ-ին էժան գազ վաճառելու առաջարկ չի արել: Նկատենք՝ հայկական կողմի արձագանքը մի տեսակ հավատ չի ներշնչում: Նախ` անհասկանալի է, թե ինչու պետք է իրանցի դիվանագետներն այս հարցում կեղծ տեղեկություններ ներկայացնեին: Եւ հետո` ռուսական «Գազպրոմ» ընկերությունը բնական մենաշնորհ ունի Հայաստանի գազամատակարարման ոլորտում, ու դժվար չէ ենթադրել՝ ռուսական կողմն օգտագործելով իր լծակները` թույլ չի տա, որ խարխլվեն իր մենաշնորհային դիրքերը: Առավել եւս, երբ 2013թ. ստորագրված գազային համաձայնագրերով ՀՀ-ն պարտավորություն էր ստանձնել չանել այնպիսի քայլեր, որոնք այս կամ այն կերպ կվնասեն «Գազպրոմ»-ի շահերին: Տվյալ դեպքում, ինքներդ եք հասկանում, ՀՀ բնակչության սպառման համար Իրանից գազ ներկրելը հակասում է «Գազպրոմ»-ի շահերին, քանի որ կարող է նվազեցնել վերջինիս շահույթը: