ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով այս տարվա ապրիլից նախատեսվում է նիստերը դռնփակ անցկացնել, բուռն քննարկումների առիթ դարձավ ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ հանրության շրջանում: Սակայն, պարզվում է, այդ օրինագիծն իշխանությունների իրական մտադրության առաջին քայլերն էին. նրանք շատ ավելի հեռուն գնացող պլաններ ունեն:

Ինչպես հայտնի է` ապրիլին երկրում նոր կառավարություն է ձեւավորվելու, եւ վարչապետի պաշտոնում շրջանառվող միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Եվ այժմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, շատ շուտով կառավարությունը խիստ սահմանափակելու է լրատվամիջոցների հետ շփումները` զրկելով նրանց նաեւ տեղեկություններ ազատ ստանալու հնարավորությունից: Ընդ որում, այդ որոշումը վերաբերելու է ոչ միայն կառավարության աշխատակազմին, այլեւ նախարարություններին: Եթե այժմ նախարարությունները որոշ չափով բաց են մամուլի առջեւ, ապա 2 ամիս անց պատկերը բոլորովին փոխվելու է: Մամուլի առջեւ դռները հնարավորինս փակ են պահվելու:
Արդարության համար պետք է նշել, որ մի շարք պետական գերատեսչությունների մամուլի խոսնակների որոշ մասն այժմ լրատվամիջոցների հարցերին պատասխանում է անմիջապես, անգամ սոցիալական ցանցի միջոցով` չսպասելով պաշտոնական հարցումների: Ոմանք էլ, թեկուզ ուշացումով, տալիս են անհրաժեշտ հարցերի պատասխանը: Իհարկե, կան նաեւ այնպիսիք, որոնցից տեղեկատվություն կորզելն առանձնահատուկ նյարդեր ու համբերություն է պահանջում: Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, կարճ ժամանակ անց երանի ենք տալու այսօրվա վիճակին:
Մեզ հետ զրույցում մամուլի խոսնակներից ոմանք զարմանք հայտնեցին այս կապակցությամբ` նշելով, թե իրենք նման տեղեկություն չունեն եւ իրենք նույն կերպ բաց շարունակելու են աշխատել: Սակայն մեր աղբյուրները վկայում են, որ ներքին որոշում կա, եւ իսկապես այս հարցի շուրջ մոտեցումը կտրուկ վերանայվելու է:
Ի դեպ, արդարադատության նախարարության կողմից մշակված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծում նաեւ սահմանվում է, թե վարչապետն ինքն է որոշելու` որ նախարարը նիստից հետո իջնի եւ հարցազրույց տա լրագրողներին: Սա բացահայտ վերահսկողություն սահմանելու գործընթաց է, եւ չի բացառվում, որ վարչապետի պաշտոնը ստանձնող անձը նախարարներին բառացի հուշի, թե ի՞նչ խոսեն եւ ինչպե՞ս խոսեն լրատվամիջոցների հետ: Սա կարվի, որպեսզի որեւէ դեպքում կառավարության համար ոչ ցանկալի տեղեկատվություն դուրս չսպրդի:
Անձամբ Սերժ Սարգսյանը հաճախ հպարտությամբ նշում է, թե Հայաստանը մամուլի ազատության առումով բավական շահեկան վիճակում է: Մինչդեռ փաստերն այլ բան են հուշում: Օրինակները բազմաթիվ են: Հիշենք, օրինակ, 2014 թվականին քաղաքաշինության նախարարություն կատարած այցի ժամանակ Սարգսյանը բառացիորեն նշել էր. «Մենք միշտ պետք է հիշենք, որ Հայաստանում արդեն ունենք մամուլի ազատության շատ բարձր աստիճան»: Բացի այդ` Սերժ Սարգսյանը հիշեցրել էր «Լրագրողներ` առանց սահմանների» կազմակերպության` աշխարհում մամուլի ազատության ցուցիչի վերաբերյալ 2014-ի զեկույցը: «Հայաստանի Հանրապետությունն առաջատար է մեր տարածաշրջանում, առաջ է իր բոլոր հարեւաններից: Սա, իրոք, շատ լուրջ ձեռքբերում է: Եվ սա պատահական չի ստացվել: Մեր ձեռքբերումն է: Բայց այս ձեռքբերումը բոլորիցս պահանջում է նոր աշխատաոճ, պահանջում է լրացուցիչ ջանքեր: Ինչո՞ւ, որովհետեւ մամուլի ազատությունը նաեւ նշանակում է ստի, բամբասանքի, հերյուրանքի, ապատեղեկատվության տարածում հանրության շրջանում»,-ասել էր Սարգսյանը: Նա նաեւ ընդգծել էր, որ անհրաժեշտ է շատ ակտիվ լինել, որպեսզի կարողանան իրենց ընդունած որոշումները հասցնել հանրությանը: Փաստորեն, Սերժ Սարգսյանն այս կերպ է որոշել հանրության հետ աշխատել` սահմանափակելով լրատվամիջոցների աշխատանքը:
Եթե այս տեղեկատվությունն իրականություն դառնա, ի՞նչ ենք ունենալու արդյունքում: Դաշտում լինելու է միայն այն տեղեկատվությունը, որը լիովին գործադիր մարմնի սրտով կլինի: Իսկ այն, ինչի մասին կառավարությունը չի ցանկանա խոսել, նախարարությունները պարզապես տեղեկություններ չեն տրամադրի: Արդյունքում հանրությանը հետաքրքրող շատ հարցերի ու բարձրաձայնվող խնդիրների մասին տեղեկություններ պարզելը կդառնա չափազանց բարդ ու երկարատեւ մի գործընթաց: Իսկ առանձին դեպքերում գուցե ընդհանրապես անհնար լինի: Այսպիսով` կունենանք վերահսկելի դաշտ, եւ շատ կնճռոտ հարցեր կմնան անպատասխան, խնդիրներն էլ` չլուծված: Իսկ իշխանության ցանկությունը, ըստ էության, հենց այդ է` կտրել մամուլի ձայնը: Այնպես որ, ժողովրդավարության ու մամուլի ազատության մասին բարձրաստիճան պաշտոնյաների` բարձրագոչ խոսքերը պարզապես առ ոչինչ են:
Հ. Գ. Առաջին անգամ չէ, որ իշխանական օղակներից փորձ է արվում լռեցնել մամուլի ձայնը: Եվ այս առումով լրատվամիջոցների ներկայացուցիչները բավականին հարուստ փորձ ունեն եւ կարող են ինչ-որ չափով պայքարել: Որքանո՞վ այդ պայքարը կհաջողի, այլ հարց է: Սակայն այն, որ լրատվամիջոցների գոնե մի մասը, անխոս, կընդվզի այս որոշման դեմ, հաստատ է:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱՄԵՆԱՇԱՏԸ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ
Երեկ Երեւանի ավագանու նիստում գրանցված միջադեպը եղավ այն բանի պատճառով, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները բարձրաձայնեցին Նուբարաշենի բնակիչների հարցը, ովքեր երկար տարիներ ապրում են կոյուղաջրերի հոտի «ուղեկցությամբ»: Նախօրեին, երբ բնակիչները ցույց էին անցկացնում, նրանց մոտեցած միակ անձը կրկին Զարուհի Փոստանջյանն էր: Եվ սա այն դպքում, երբ 2017 թվականի մայիսին տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այս վարչական շրջանում ամենաքիչ թվով ձայն էր ստացել՝ 161 հոգի կամ 3.82 տոկոս: Ուշագրավն այն է, որ քաղաքապետի ընտրություններին տոկոսային առումով Տարոն Մարգարյանին ամենաշատը ձայն տվել են հենց Նուբարաշենում՝ 85.5 տոկոս: Սակայն ինչպես տեսնում եք՝ այդ հանգամանքը չի ազդում, որ քաղաքապետը պարզապես անտեսի այդ վարչական շրջանի խնդիրները:

 

 

ԿԿԱՐՃՎԻ
ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի մահվան գործը կկարճվի: Ըստ էության իրավապահները սպասում են դատաբժիշկների վերջնական եզրակացության պատասխանին, որից հետո գործը կկարճվի: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին: Ըստ մամուլի հրապարակումների` մահվան պատճառը եղել էր թմրանյութի մեծ չափաբաժնի օգտագործումը, սակայն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ըստ դիահերձման արդյունքների` դատաբժիշկները նշել են, որ նրա մահվան պատճառը ինսուլտն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրականում գործով որեւէ այլ քննչական գործողություններ չեն իրականացվում, իրավապահները սպասում են փորձաքննության եզրակացությանը, որպեսզի հիմքեր ունենան՝ գործը կարճելու համար:

 

 

ԱՌԵՎՏՈՒՐ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին պատկանող «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցն անցած տարում, 2016 թվականի համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում անցած տարում զբաղեցրել է 93-րդ տեղը` 2016 թվականի 37-րդ հորիզոնականի դիմաց: Այսպես` ընկերությունը անցած տարում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 620 մլն 520 հազար դրամ: Իսկ 2016 թվականին հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 220 մլն 422 հազար դրամ: Ստացվում է, որ դեղերի վաճառքով զբաղվող «Ալֆա ֆարմ»-ը մոտ 1.6 մլրդ դրամով նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Ասել է, թե ընկերության դեղերի իրացման ծավալները նվազել են, ինչն էլ իր հետեւանքն է թողել հարկային վճարումների վրա: Բայց մյուս կողմից դժվար է հավատալ, որ դեղերի վաճառքը նվազել է, որովհետեւ Հայաստանում դեղատներն աճում են սնկի նման, ուրեմն ունեն պահանջարկ:

 

 

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցել է, որ երեկ խուզարկություն է կատարվել «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին «Ֆեյսբուք»-ով նամակներ գրած եւ սպառնած օգտատիրոջ տանը: Նա հրավիրվել է նաեւ քննչական կոմիտե: «Անձը հրավիրվել է քննչական կոմիտե, սակայն ցանկացել է փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվել։ Հարցաքննությունը ավելի ուշ տեղի կունենա», – ասել է Սոնա Տռուզյանը։

 

 

ԿՐՃԱՏՎԵԼ Է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի` 2019թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ իր առաջարկները: Վարչակազմը ծրագրում է արտասահմանյան պետություններին օգնության ցուցաբերման արմատական կրճատումներ: Փաստաթղթով առաջարկվում է Հայաստանին 2019 ֆինանսական տարում 3,24 մլն դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել: Ի դեպ, 2018թ. այս օգնությունը կազմել է 4 մլն դոլար: ԱՄՆ-ն միջազգային ռազմական կրթական ծրագրի շրջանակում Հայաստանին կհատկացնի 600 հազար դոլարի օգնություն: Թմրանյութերի միջազգային վերահսկողության ապահովման համար Հայաստանը կստանա 1,5 մլն դոլար: Իսկ ռազմական օգնության համար Հայաստանին եւ Ադրբեջանին ոչ մի միջոց չի հատկացվի:

 

 

ԲԱՐՁԸ ԿԴՆԻ ԲԵՐԱՆԻՆ
«Ազատության» հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն ասել է. «Իմ որդին ինչ որ արել է, նա իր արածի համար պատասխան տվել է, առաջին հերթին օրենքի առաջ: Բայց իմ տղան ի՞նչ է արել, ես զզվում եմ այն ծնողներից, ովքեր իրենց երեխաներին լկտի են դաստիարակում: Այ, կան, չէ՞, երես առած, հաբռգած, ամենաշատը ես զզվում եմ նմանատիպ երիտասարդներից: Եթե իմ որդին նմանատիպ լինի, հավատացե՛ք, ես երեկոյան բարձը կդնեմ բերանին, կխեղդեմ, ես էդպիսի տղա չունեմ»: Հիշեցնենք` Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի անունը կապվում է Գյումրիում քրեական մի քանի աղմկահարույց միջադեպերի հետ:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Երեկ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամների հետ: Վարչությունը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները` քաղբանտարկյալներից մինչեւ արտագաղթ: Իր դիքորոշման ու պատկերացումների մասին խոսել է նաեւ Արմեն Սարգսյանը` ներկայացնելով սեփական մոտեցումները երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԻՀԻԼԻԶՄ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի շահերից էին բխում: «Բոլորն արդեն հաշտվել են եւ հաշվի են նստում այդ հանգամանքի հետ: Խոսքը Հայաստանի հանրապետական կուսակցության մասին է, որը սատարում է Սերժ Սարգսյանի ցանկացած նախաձեռնություն»,-պարզաբանել է Մանուկյանը: Նրա խոսքով` ներդրվող խորհրդարանական համակարգն իր մեջ այլ լուրջ խնդիր է պարունակում. «Հասկանալի չէ, թե ով է լինելու գլխավոր հրամանատարը: Սա կիսով պատերազմի եւ պատերազմի վերսկսման փաստացի վտանգի մեջ գտնվող երկրի համար ծայրահեղ վտանգավոր եւ անթույլատրելի է»,-հայտարարել է ՀԱԿ փոխնախագահը: Ըստ նրա` Հայաստանում տիրում է քաղաքական նիհիլիզմ, որը հերթական անգամ երեւաց հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման ժամանակ:




Լրահոս