«ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՏ ՄՈՏ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրավիչ եւ խնամված լինելու գաղտնիքների, կարիերան ոչ մի գնով անձնականին չզոհաբերելու եւ երեխաների դաստիարակության «ընկերական» մեթոդի մասին զրուցել է երգչուհի Իրինա Հարությունյանի հետ: Նա խոստովանել է, որ տղամարդկանց հետ իր շփումները սահմանափակ են, եւ հենց այդ հանգամանքն է գրավում հակառակ սեռին:

-Իրինա՛, կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:
-Ինձ թվում է` ծնվում են, իսկ ընթացքում որպես կին կատարելագործվում են:
-Ի՞նչն է Ձեր արտաքինին գրավչություն հաղորդում:
-Թերեւս աչքերս: Առհասարակ, ինձ բավական դուր է գալիս իմ արտաքինը, իսկ եթե ընթացքում որոշակի շտկումների կարիք ունենամ, դիմահարդարման շնորհիվ կամ թեթեւ վիրահատական միջամտությամբ կիրականացնեմ դրանք: Այնպես որ, դեմ չեմ նման փոփոխություններին, բայց չափի մեջ:
-Ամենաշատն ինչի՞ վերաբերյալ եք հաճոյախոսություններ ստանում:
-Վերջերս շատ են ասում, որ ինձ երբեք չխնամված չեն տեսել: Ուրախ եմ դրա համար, ամեն ինչ անում եմ, որ այդպես էլ շարունակվի: Բացի այդ` ասում են, որ նուրբ եմ եւ կանացի:
-Որքա՞ն ժամանակ եք տրամադրում Ձեր արտաքին խնամքին:
-Շատ կարճ ժամանակ: Արդեն սովորել եմ արագ պատրաստվելուն: Ինձ կարգի բերելու համար հարկավոր է լինում մաքսիմումը մեկ ժամ: Իհարկե, բեմական տեսքս շատ է տարբերվում առօրյա տեսքիցս:
-Սիրո՞ւմ եք Ձեր անունը: Հավատո՞ւմ եք, որ անունները ազդեցություն ունեն մարդկանց ճակատագրերի վրա:
-Վերջերս կարդացել եմ, որ իմ անունը կրողները գործնական են եւ համարձակ: Կարծում եմ` ես հենց այդպիսին եմ: Ու թեեւ փոքր ժամանակ, դեռահասության տարիքում չէի հավանում անունս, հիմա արդեն շատ եմ սիրում այն:
-Տղամարդիկ առաջինն ի՞նչն են նկատում եւ գնահատում Ձեր մեջ:
-Տղամարդկանց շատ մոտ չեմ թողնում ինձ. հենց դա է նրանց գրավում: Սահմանափակ եմ շփումների մեջ:
-Ի՞նչ կզոհաբերեք հանուն սիրելի տղամարդու:
-Ոչ թե կզոհաբերեմ, այլ կանեմ շատ բան, բայց չեմ հրաժարվի իմ կարիերայից. դա առաջնայինն է ինձ համար:
-Կինը վանում է, երբ…
-Երբ վուլգար է, կոպիտ, երբ գռեհիկ է խոսում, այդ տեսակին, ես, օրինակ, որպես ընկերուհի չեմ ընտրի:
-Եթե ժամանակի մեջ լողալու հնարավորություն ունենայիք, ո՞ր դարերում կցանկանայիք հայտնվել:
-Կամ կցանկանայի մեր թվարկությունից առաջ ապրել, կամ մեզանից 100-150 տարի հետո:
-Տղամարդկանց գրավում են նաեւ կիրթ, զարգացած կանայք: Դուք ի՞նչ գրականություն եք սիրում:
-Անկեղծ ասած` այն համոզման եմ, որ այդ որակներով կանայք վախեցնում են տղամարդկանց: Ինչ վերաբերում է նախընտրելի հեղինակներին, սիրում եմ ընթերցել Նիցշե եւ Օշո:
-Խոհանոցում Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրո՞ւմ, թե՞ ոչ այնքան:
-Չեմ կարող ասել, որ դա իսկ եւ իսկ իմ տեղն է, որովհետեւ ունեմ ընկերուհիներ, որոնք պարզապես ապրում են խոհանոցով, այնքան են դրանով տարված: Այսինքն` այն, ինչ ես ստանում եմ բեմից, իրենք ստանում են խոհանոցից: Բայց չեմ էլ կարող ասել, թե չեմ սիրում խոհանոցը: Երբ ժամանակ եմ ունենում եւ ընկերներիս համար խնջույքներ եմ կազմակերպում, իմ ձեռքով պատրաստում եմ տարբեր կերակրատեսակներ, ասում են, որ լավ է ստացվում:
-Երեխաների դաստիարակության հարցում խի՞ստ եք (Իրինան ամուսնալուծված է, ունի երկու երեխա` դուստր եւ որդի-հեղ.):
-Չեմ սիրում, երբ ծնողներն իրենց կամքն են թելադրում երեխաներին, ուզում են, որ նրանք իրենց պատկերացումների համաձայն մեծանան, անգամ միջամտում են մասնագիտության ընտրության հարցում: Դա սխալ մոտեցում է: Ես կողմ եմ ազատ եւ ընկերական շփմանը:
-Եվ վերջում` ո՞րն է կնոջ ամենամեծ առաքելությունը:
-Մայր լինելը, ինքնուրույն, նրբագեղ ու ամենակարեւորը` կանացի լինելը:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

««ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉԻ ԼՈՒԾՈՒՄ»

«Մենք մինչեւ հիմա չենք հասկացել՝ «Եվրատեսիլն» իրենից ի՞նչ է ներկայացնում, ունենք ձայնային լավ տվյալներով երգիչ-երգչուհիներ, որոնք պատկերացում էլ չունեն, թե ինչ է կատարվում եվրոպական երաժշտության աշխարհում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն:

Նա խոստովանեց, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցներից իր համար բացահայտում է «Ալտերնատիվ» խումբը. «Խմբի անդամների համար մրցույթը ջրի երես դուրս գալու հրաշալի հնարավորություն է: Այսքան տարի հայկական երաժշտական աշխարհի ներկայացուցիչների հետ շփվելուց, նրանց ծանոթ լինելուց հետո հաճելի է հետաքրքիր պոտենցիալով խումբ բացահայտելը»: Սակայն այս տարվա մասնակիցների շրջանում, ինչպես ինքն է ասում, Իվետա Մուկուչյան չի տեսնում. «Նկատի ունեմ մեկին, ով ներդաշնակ կլինի Եվրոպա հասկացության հետ: Նրա նման կերպար, նրա ներկայացրած հոգեվիճակն է պետք եվրոպական բեմին»,-շեշտեց Լուսինեն:
Անդրադառնալով, օրինակ, «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Կամիլի (Արսեն Գրիգորյան) կերպարին` Լուսինեն կարծիք հայտնեց, որ նա հազիվ թե եվրոպական բեմում հայտնվելու դեպքում հաջողություն գրանցի. «Թեպետ ասեմ, որ նա ինձ համար շատ զվարճալի կերպար է: Ուղղակի եթե Ավստրիան ներկայացավ Կոնչիտայի կերպարով եւ ուշադրություն գրավեց, դա չի նշանակում, որ նմանատիպ կերպարները կարող են Եվրոպային գիշեր-ցերեկ դուր գալ»:
Լուսինեի խոսքով՝ ի տարբերություն շատերի, որոնք քննադատում են «Եվրատեսիլը», ինքն այդ մրցույթը շատ է սիրում եւ շատ լուրջ է վերաբերվում դրան. «Ինձ դուր են գալիս, օրինակ, Իտալիայի, Շվեդիայի լուրջ մոտեցումները «Եվրատեսիլին», երկրներ, որոնք Եվրոպայում ճաշակ են թելադրում: Մենք պետք է նրանցից սովորենք, ոչ թե Ֆրանսիայի պես կայացած արտիստի՝ Պատրիսիա Կաասի ուղարկենք մրցույթին, կամ հակառակը՝ աննշան մեկին: Մենք պետք է հասկանանք, որ «Եվրատեսիլը» կոնկրետ շանս է արտիստի համար, բացի այդ՝ այն մեծ հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկների ուշադրությունը քո երկրի վրա գրավելու առումով: Բայց քաղաքական խնդիր «Եվրատեսիլը» չի լուծում, իսկ մենք հակառակի պես շեշտը հիմնականում դնում ենք դրա վրա»,- եզրափակեց հաղորդավարուհին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՃԻՇՏ ՊԱՀԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու մանրամասներից: «Երբեմն նոր թարմություն է պետք: Լավագույն պահն էր ինձ համար, քանի որ որոշ հանգամանքներ չէին աշխատում «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: 29 տարեկան եմ եւ ուզում եմ ավելի շատ խաղալ, տարիներ անց կավարտեմ կարիերաս: Ճիշտ պահն էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու համար: Կարողացել եմ շատ բան սովորել իմ նախորդ մարզիչներից` Կլոպից եւ Մոուրինյոյից: Բայց ուզում եմ շատ բան սովորել նաեւ Արսեն Վենգերից»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Մխիթարյանի տեղափոխությունը բավական դրամատիկ ստացվեց. «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի մարզից Մոուրինյոն ճիշտ չէր օգտագործում Մխիթարյանի ներուժը, եւ նրան խաղադաշտ չէր հանում: Հիմա Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:




Լրահոս