ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Էրեբունի վարչական շրջանում

Մայրաքաղաքի այս հատվածի երթեւեկության գծանշումներն անորոշության մեջ են գցում վարորդներին: Կարելի է կարծել, որ սա էլ նոր ծուղակ է վարորդների դեմ, որոնք չեն կողմնորոշվում օրինական գծանշումների հարցում: Կոյուղաջրերի փոխարեն Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ ոստիկանությունն ընդամենը սեւ ներկ պետք է հատկացնեն` հին գծանշումները մաքրելու համար:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` հնարավո՞ր է շփվել կարմրուկով հիվանդի հետ եւ նրանից չվարակվել:

Լիդա Անանյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Անանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե պատվաստված չէ կարմրուկի դեմ կամ նախկինում չի հիվանդացել կարմրուկով, ապա մեծ հավանականությամբ, գրեթե 100 տոկոսով, կվարակվի եւ կհիվանդանա, քանի որ կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է: Եթե պատվաստված է կամ նախկինում հիվանդացել է, ապա այս դեպքում ստեղծվում է կայուն անընկալություն /իմունիտետ/ եւ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կարմրուկ հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդից առողջին փոխանցվում է փռշտալու, հազի եւ խոսակցության ընթացքում: Չի բացառվում կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով տարածումը:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` կենսաթոշակը լիազորագրով հնարավո՞ր է վճարել, թե՞ ոչ: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ կարելի է կենսաթոշակը ստանալ լիազորագրով:

Էմմա Հակոբյան (67 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում` բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)` քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:
Նշենք, որ մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ վճարվում է 12 ամիս` սկսած այն ամսից, երբվանից կենսաթոշակառուն կենսաթոշակ չի ստացել:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում: Ի դեպ, եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը եւ այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը:




Լրահոս