ՄԻՋԱԴԵՊԻ ՄԻԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը չի շտապում տեսակետ հայտնել նախօրեին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Հասարակական-քաղաքական հնչեղություն ստացած ցանկացած իրադարձություն քննարկվում է նաեւ կուսակցության ներսում: Ձեր մատնանշած միջադեպի վերաբերյալ կողմերը դիմել են իրավապահ մարմիններին, այդ իսկ պատճառով մինչեւ քննության ավարտը հարկ ենք համարում զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ասել է Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Մինչդեռ, նկատենք, որ Ս. Սարգսյանի արձագանքը տվյալ դեպքում շատ կարեւոր է: Սա մեկ պարզ պատճառով. ավագանու նիստում տեղի ունեցածի մեղավորն անձամբ ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն ընդամենը բարձրացրել էին Նուբարաշեն համայնքի խնդիրները եւ որպես ասվածի ապացույց` ցանկանում էին կոյուղաջրով լցված տարաները դնել քաղաքապետի սեղանին: Բայց Տարոն Մարգարյանը «Դեմնե՛րն առեք, դեմնե՛րն առեք, շուտ, շուտ» կարգադրությամբ լարեց իրավիճակը` սադրելով ողջ ծեծկռտուքը: Իսկ եթե քաղաքապետը կարողանար հաղթահարել բնազդային վախն ու տիրապետել իրեն, եթե չկարգադրեր կողմնակիցներին ԵԾ ներկայացուցիչների «դեմն առնել», նրանք տարաները կթողնեին քաղաքապետի սեղանին ու կհեռանային: Իսկ եթե անկանխատեսելի ինչ-որ բան տեղի ունենար, Տարոն Մարգարյանը պարտավոր էր «դեմն առնելու» համար դահլիճ հրավիրել քաղաքապետի կամ քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներին:
Մեկ փաստ էլ. Տ. Մարգարյանի երդմնակալության օրը Սերժ Սարգսյանն ասել էր. «Տարո՛ն ջան, Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես»: Մեկ տարի չանցած պետք է փաստենք` Տ. Մարգարյանը ոչ միայն հիասթափեցնում է, այլեւ խայտառակում է ամենքին:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իրեն վերապահված ոլորտում բացահայտված խայտառակ ձախողումների համար պաշտոնանկ արված զինվորականներից ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կրկին վերադարձել է զինված ուժեր: Ընդ որում, այս անգամ Կարապետյանին վստահել են բավական լուրջ պաշտոն, բայց ոչ թե ՀՀ-ում, այլ ՌԴ-ում: ՊՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Կարապետյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ: Դժվար չէ կռահել՝ Կարապետյանն այս բարձր պաշտոնին նշանակվել է մեկ պարզ պատճառով. նա վայելում է Սերժ Սարգսյանի հովանավորությունը: Տեսակետ կա, որ եթե նրա փոխարեն լիներ մեկ այլ պաշտոնյա, ապա առհավետ կմոռանար պետական կառավարման համակարգում հայտնվելու մասին: Մինչդեռ Սերժ Սարգսյանի մտերիմներին ամեն ինչ թույլատրված է, ամեն ինչ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը որոշել է հերթական անգամ անվանափոխվել: 2015թ. ամռանը նրանք մի կողմ նետեցին «Օրինաց երկիր» անունն ու դարձան «Հայկական վերածնունդ»: Բայց պարզվում է` Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց վերածնվել: Եւ այն բանից հետո, երբ ՀՎԿ-ից զանգվածային արտահոսք սկսվեց, ու հեռացան մինչ այդ միացած ուժերը, որոշում է կայացվել կրկին «Օրինաց երկիր» կոչվելու մասին: Նման գործելաոճը միանգամայն բնական կարելի է համարել. ի վերջո, Արթուր Բաղդասարյանն ու իր ղեկավարած կուսակցությունն իշխանականից ընդդիմադիրի եւ ընդդիմադիրից իշխանության վերածվելու մեծ փորձ ունեն: Հիմա, քանի որ նրանք 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում դուրս մնացին խորհրդարանից, հնարավորություն չունեն նախկինի նման պարբերաբար փոխել քաղաքական կողմնորոշումները (հասկանալի է՝ ՀՀԿ-ն չի ընդունում կոալիցիա), ուստի այլ բան չի մնացել, քան պարբերաբար փոխել անվանումը: Միայն թե, համաձայնեք, անկախ անվանումից` Արթուր Բաղդասարյանի ու նրա թիմի էությունը չի փոխվում:

 

 

 

Ինչպես հայտնի է` Հայաստանի հանքարդյունահանող խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն 1032 աշխատող կկրճատի. «Վալլեքս» խմբի ընկերությունը դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը նման խնդիրների առաջ կանգնել է այն բանից հետո, երբ դանիական «Արտահանումների վարկավորման գործակալությունը» եւ PenslonDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը դադարեցրին դեռեւս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկի տրամադրումը: Վարկային համաձայնության խզման պատճառն ընկերության կողմից բնապահպանական ու սոցիալական խնդիրներն են՝ Շնող գետի աղտոտումը, Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերը, պոչամբարի սեյսմակայուն չլինելը, որոնք նախազգուշացումներից հետո չեն շտկվել: Իսկ կառավարությունն այս ամենի վրա աչք է փակում այն պարզ պատճառով, որ «Վալլեքս» խմբի գործադիր տնօրենը Վալերի Մեժլումյանն է՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը:

 

 

ՍԼԱՔՆԵՐԸ՝ ԴԵՊԻ ՌԴ
Ղարաբաղյան հակամարտության կագավորման գործընթացի վերաբերյալ ԱՄՆ-ի ազգային հետախուզության «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թվականի զեկույցում հնչեցված գնահատականներն ուշագրավ էին: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ` ԱՄՆ ազգային հետախուզությունը հնարավոր է համարում, որ Ղարաբաղի շուրջ լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության: Ավելին` ըստ նրանց` Ռուսաստանը հնարավոր է` աջակցի տարածաշրջանային դաշնակցին: «Երկու կողմերի փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ուժի կայուն արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը 2018-ին լայնածավալ ռազմական գործողությունների ռիսկեր են ստեղծում»,- նշված է զեկույցում: Տեղեկացնենք, որ այս գնահատականները հնչել են Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ, որին ներկա են եղել ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների՝ կենտրոնական հետախուզական վարչության, հետաքննությունների դաշնային բյուրոյի եւ ազգային անվտանգության գործակալության ղեկավարները:
Ղարաբաղյան հակամարտության առկայությունն իսկապես մտահոգում է միջազգային հանրությանը: Եւ այս տարիների ընթացքում շատ է խոսվել ԼՂ խնդրում այժմ հաստատված, առանց այն էլ խարխուլ ստատուս քվոն փոխելու անհրաժեշտության մասին: Սակայն հետաքրքիր է փաստը, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ԼՂ խնդրի կարգավորված չլինելու մեղադրանքների սլաքներն անուղղակի ուղղում են դեպի ՌԴ-ն` ցույց տալով, թե ՀՀ-ին եւ Ադրբեջանին սպառազինություններ վաճառող երկրին ձեռնտու է ստեղծված վիճակը: Այլ կերպ ասած` ի սկզբանե ամերիկացիները պնդում են, որ եթե վերսկսվի պատերազմը, ապա ՌԴ պատճառով: Հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանի խժդժությունները` նման հռետորաբանությունը սպասելի էր: Առավել եւս, երբ կան նման պնդումների համար որոշակի հիմքեր. սպառազինությունների վաճառքը չի կարող նպաստել խաղաղության պահպանմանը: Պարզապես գերտերությունների պայքարի մեջ միշտ տուժում են թույլերը:
Բայց մյուս կողմից նկատենք` նույն ՌԴ-ն ինչ-որ տեղ իր ձեռքն է վերցրել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի նախաձեռնությունն ու ջանքեր է գործադրում կողմերին համաձայնության բերելու հարցում, եւ ռուս դիվանագետներն իրենց հրապարակային հայտարարություններում միշտ կոչ են արել ձեռնպահ մնալ լարվածության խորացումից եւ բռնել խնդրի խաղաղ կարգավորման բանակցային ուղին: Մնում է՝ իսկապես քաղաքական կամք ցուցաբերել՝ դժվարագույն հարցը լուծելու համար:




Լրահոս