«ՀԱՅՐՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԳԱ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել նոր ներկայացում՝ արցախյան թեմայով, եւ նոր տեսահոլովակ։ Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է իր առաջիկա ծրագրերի եւ հոր՝ դերասան Վարդան Պետրոսյանի՝ Լոս Անջելեսում կայացած ներկայացման պրեմիերայի մանրամասների մասին։

-Հա՛յկ, գիրք նվիրելու օրվան ընդառաջ երեւանյան գրախանութներից մեկի մշտական խորհրդատուներին զուգահեռ ընթեցողներին խորհուրդներ եք տալու նաեւ Դուք։ Հետաքրքիր է՝ ընթերցանությամբ վաղ տարիքի՞ց եք հետաքրքրված, թե՞ ուշ տարիքում եք սկսել կարդալ։
-Ես սկսել եմ կարդալ ուշ՝ 15-16 տարեկանից, իսկ մինչ այդ խորապես համոզված էի, որ գիրք կարդալն ուղղակի ժամանակի կորուստ է, եթե կա ֆուտբոլը, եւ եթե կան դիմացի շենքի սիրուն աղջիկները։ Առաջին գիրքը, որ համոզում էին կարդալ, Դյումայի «Երեք հրացանակիրներ»-ն էին։ Բայց ես ծուլացա, եւ այդ գործն ինձ համար բարձրաձայն ընթերցում էին. օրինակ՝ հորաքույրս էր այդ գործը ստանձնում։ Իսկ առաջին գիրքը, որ կարդացել եմ արդեն ինքնուրույն, եղել է «Տարզանի վերադարձը ջունգլի»։ Հետո նկատեցի, որ այն մարդիկ, որոնց ես հարգում եմ, որոնք ինձ համար հեղինակություն են, շատ կարդացած, զարգացած մարդիկ են, ու ասացի՝ երեւի մի բան կա, ու սկսեցի կարդալ։ Ի դեպ, ասեմ, որ սկզբում կարդում էի, որպեսզի միջավայրում տպավորություն թողնեմ, իսկ հետո արդեն հասկացա, որ առանց գրքի ապրել չի լինի։ Վերջին կարդացածս, ավելի ճիշտ՝ վերընթերցածս գիրքը Ջորջ Օրվելի «1984»-ն է։
-Գիտեմ, որ մի շարք նոր երգեր ունեք։ Տեսահոլովակ նկարահանելու ցանկություն կա՞։
-Ասեմ, որ տեսահոլովակ հասկացությունից զզվում եմ, դրա մեջ ինչ-որ արհեստական բան կա. պետք է բերանդ ստից բացես-փակես ու ձեւացնես, որ, օրինակ, տառապում ես։ Բայց նաեւ գիտակցում եմ, որ հարկավոր է ժամանակին համընթաց քայլել։ Առաջինը տեսահոլովակ կնկարահանենք ռոմանտիկ մի երգի հիման վրա, այն կոչվում է «Քանի որ»։
-Ավելի վաղ մեզ տեղեկացրել էիք, որ նոր ներկայացում եք պատրաստում՝ արցախյան թեմայով։ Ի՞նչ փուլում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել։
-Ներկայացումը, միանշանակ, կտարբերվի, քանի որ հանդիսատեսի հետ շփվելու եմ ղարաբաղցի զվարճախոս-առակախոս Պըլը Պուղիի կերպարով։ Լուրջ թեման փորձել ենք հնարավորինս մատչելի ներկայացնել։ Բայց այն, ինչ անում ենք, չպետք է դառնա դասախոսություն։ Այնպիսի թյուր կարծիք կա, թե մենք Արցախի մասին ամեն ինչ գիտենք, բայց արի ու տես, որ երիտասարդները շատ քիչ տեղեկություններ ունեն։ Մի ցավալի խնդիր էլ կա. այսօր Արցախի հետ սոցիալ-մշակութային մերձեցում չկա։ Մենք ներկայացման միջոցով կփորձենք ինչ-որ չափով ապահովել այդ մերձեցումը՝ ուրախ, զվարճալի մոտեցումներով։ Քաղաքական թեմաներ, իհարկե, արծարծելու ենք, բայց քիչ։ Քաղաքական հումորն այսօր այնքան է վարկաբեկվել, որ ով արթնանում է, իրեն թվում է, թե մեծ երգիծաբան է, սոցցանցերում սկսում է քաղաքականությունից խոսել։
-Լուրջ թեման հումորով մատուցելը պետք է որ դժվար լինի։
-Այո՛, բացի այդ՝ հարկավոր է շատ զգույշ եւ օբյեկտիվ լինել։ Կարծում եմ՝ լուրջ գրականություն ընթերցելու, քաղաքագետների, պատմաբանների, արցախցիների հետ շփվելու շնորհիվ կկարողանանք օբյեկտիվություն ապահովել։
-Հեռուստանախագծերից հրավերներ ունե՞ք։
-Երկու սերիալներից գլխավոր կերպարին մարմնավորելու հրավերներ ստացա, սակայն մերժեցի, որովհետեւ նախ՝ ժամանակս չէր ներում, եւ հետո` ես ինձ այդ կերպարներում չէի տեսնում։
-Այո՛, եթե սիթքոմում (Հայկ Պետրոսյանը խաղացել է «Ֆուլ հաուսում»-հեղ.) կարող ենք Ձեզ պատկերացնել, ապա սերիալում՝ ոչ այնքան։
-Ես ինձ սիթքոմում էլ չեմ պատկերացնում, չգիտեմ՝ ոնց ստացվեց, որ նկարահանվեցի (ծիծաղում է)։
-Հա՛յկ, իսկ Ձեր հոր՝ դերասան Վարդան Պետրոսյանի ամերիկյան պրեմիերային ներկա եղե՞լ եք (դերասանը տեւական դադարից հետո փետրվարի 3-ին Լոս Անջելեսում հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը,-հեղ.)։
-Ո՛չ, ներկա չեմ եղել, բայց քույրս «Ֆեյսբուքի» միջոցով սահմանափակ թվով անձանց համար ուղիղ եթեր էր մտել ներկայացման ընթացքից։ Դիտեցինք եւ շատ հուզվեցինք։ Գրեթե 5 տարի էր՝ հայրս բեմ չէր բարձրացել, շատ հուզիչ էր հատկապես այն, թե ինչպես հանդիսատեսը դիմավորեց եւ ընդունեց նրան։ Հուսանք, սպասենք, եւ հայրս անպայման ներկայացումներով կգա նաեւ Երեւան, չեմ կարող ասել՝ երբ, բայց հաստատ կգա։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՄԱՄԱՅԻ ԵՓԱԾՆ ՈՒՐԻՇ Է»-Ն ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ
«Շանթ» հեռուստաընկերության 2017թ. աշնանային եթերաշրջանում հաղորդավար Եգոր Գլումովը հանդես եկավ «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդաշարով, որի ֆորմատը բավական ճանաչված է եվրոպական մի շարք երկրներում։ Խոհանոցային հաղորդումը, որը ողողված է նաեւ հումորով, միջազգային ֆորմատի խաղ է եւ նպատակ ունի հեռուստադիտողներին ծանոթացնել համեղ բաղադրատոմսերի, մասնակիցներին բացահայտել հետաքրքիր կողմերից։ Նախագծին կարող է մասնակցել յուրաքանչյուրը։ Հարկավոր է հայտագրվել, եւ եթե ստեղծագործական թիմի պահանջները բավարարվեն, ապա հնարավոր է դառնալ տվյալ թողարկման հյուրը։ Վերջին շրջանում, սակայն, մեր խմբագրությունը ստանում է նամակներ, որտեղ նշվում է, որ թեեւ Եգոր Գլումովը հաղորդումը հետաքրքիր եւ բարձր մակարդակով է վարում, այնուամենայնիվ, մասնակիցների ամոթալի պահելաձեւը, խոսակցություններն ու ընդհանուր զարգացվածության ցածր մակարդակը պարզապես աչք է զարնում։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց հենց Եգոր Գլումովի հետ. «Ես էլ եմ տարբեր մարդկանցից տարբեր նամակներ ստանում։ Մեկին ծրագիրը դուր է գալիս, մյուսին՝ ոչ։ Հյուրերը տարբեր են, հնարավոր չէ, որ նրանք բոլորին դուր գան։ Իհարկե, շատ կուզեի, որ ծրագրին հյուր գային, ասենք, ակադեմիկոսներ, բայց հասկացեք, որ դա շոու է, եւ դրան իրավունք ունի մասնակցել յուրաքանչյուր անձ։ Հիմա թե ով ինչ ինտելեկտ ունի, արդեն ամեն մարդու գործն է։ Ամեն դեպքում, չեմ կարող հիշել որեւէ հյուրի, որի պատճառով տրամադրությունս գցած լինեմ կամ որն ինձ զայրացրած լինի։ Ամեն թողարկումից հետո աշխատում եմ հեռուստադիտողին ինչ-որ բանով հետաքրքրել, իսկ հյուրի մեջ էլ մի հետաքրքիր բան գտնել»,-մեկնաբանեց հաղորդավարը։
Հարցին, թե հաղորդման մասնակիցներն արդյոք անցնում են նախնական հարցազրույցի փուլ, Եգոր Գլումովը պատասխանեց. «Պրոդյուսերական խումբը նախապես հանդիպում է մասնակիցների հետ, նրանք որոշակի փորձություններ են անցնում, ստուգում են՝ նրանք կարո՞ղ են, արդյոք, մտնել եթեր, թե՞ ոչ, իսկ թողարկման ընթացքում զրույցները ծավալվում են սպոնտան ձեւով։ Ինձ համար, օրինակ, հետաքրքիր է, թե ինչպես եմ 25-30 րոպեում բացահայտում հյուրիս»։
Մենք հարցրինք՝ հաղորդավարն ինքը հետաքրքրվա՞ծ է խոհանոցով, պատրաստո՞ւմ է ճաշատեսակներ. «Այո՛, խոհանոցով հետաքրքրված եմ, չէի ասի, թե հաճախ եմ լինում այնտեղ, բայց երբ ժամանակ եմ ունենում, սիրում եմ պատրաստել, թեեւ ոչ միշտ է, որ արդյունքը գոհացնում է կնոջս։ Ասեմ, որ ես մսակեր եմ, եւ եթե ուտեստի մեջ միս կա, այն արդեն ինձ դուր է գալիս, իսկ ամենալավը պատրաստում եմ ուզբեկական փլավ»,-եզրափակեց հաղորդավարը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱԶՆԱՎՈՒՐԸ` ԲԱՐՍԵԼՈՆԱՅՈՒՄ
Հայազգի աշխարհահռչակ, 93-ամյա շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 20-ին Բարսելոնայում հանդես կգա համերգով: Այդ մասին հայտնել է համերգի կազմակերպիչ Concert Studio ընկերությունը: Նրանց փոխանցմամբ` Ազնավուրի համերգը տեղի է ունենալու «Gran Teatre del Liceu»-ում: Հիշեցնենք, որ Ազնավուրն ունի 1200 երգ, նկարահանվել է 80 ֆիլմում, թողարկել 294 ալբոմ եւ համերգներով հանդես եկել աշխարհի 94 երկրում: Չնայած իր պատկառելի տարիքին` հայազգի շանսոնյեն շարունակում է հանդես գալ համերգներով եւ մնալ շատ շատերի սիրելին:

 

 

ԽԱՂԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 14-ին փոթորիկ է սկսվել: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի այգուց նույնիսկ մարդկանց են տարհանել ուժեղ քամու պատճառով: «Դրսում մնալը վտանգավոր է: Խնդրում ենք անցնել ռեստորաններ կամ մասնաշենքեր»,- բարձրախոսներով հայտնել են օլիմպիական այգում: Նշենք, որ փոթորիկի պատճառով տուժել է օլիմպիական այգու աշխատակիցներից մեկը, իսկ այգին վնասներ է կրել: Եղանակի պատճառով հետաձգվել են դահուկային սպորտի եւ լեռնադահուկի մրցումները:




Լրահոս