«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում խիստ զայրացած են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա՝ ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Մեր աղբյուրների պնդմամբ` ՀՀԿ-ում համոզված են, որ Տարոն Մարգարյանը ճիշտ չի պահել իրեն` վախենալով «Երկիր Ծիրանի»-ի կանանցից եւ իր աշխատակիցներին հրահանգելով` «Դեմն առե՛ք, դեմն առե՛ք, շուտ», սադրել է ողջ միջադեպը: ՀՀԿ-ում հատկապես տեսանյութերը դիտելուց հետո ասել են, որ եթե Մարգարյանը խուճապի չմատնվեր, ապա այսքան իրարանցում չէր լինի. «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը պարզապես կհանձներ «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքի բնակիչների «նվերը» քաղաքապետին ու կզբաղեցներ իր տեղը: Ավելին` եթե նրանք ուզենային Մարգարյանի վրա լցնել տարայի մեջ եղած զանգվածը, ապա կանեին հեռվից: Ի դեպ, երեկ նման պնդում արել է նաեւ «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
ՀՀԿ-ում Մարգարյանի նկատմամբ դժգոհության առիթ է հանդիսացել հատկապես մեկ այլ հանգամանք. խայտառակ միջադեպը տեղի ունեցավ քաղաքական թեժ շրջանում, երբ հաշված օրեր են մնացել նախագահի եւ վարչապետի ընտրություններին: Այս փուլում հաստատ Հանրապետականին բոլորովին ձեռնտու չէր նոր բիծ ավելացնել իրենց` առանց այն էլ բծավոր անվանը: Հակառակը, նրանք պետք է ամեն կերպ փորձեին ցույց տալ, որ իրենք հանդուրժող քաղաքական ուժն են, լուծում են բնակչության խնդիրները եւ արժանի են 20 տարուց ավելի իշխանության ղեկին մնալուն: Մինչդեռ օրը ցերեկով քաղաքապետարանում տեղի ունեցած անպատվաբեր ու ամբողջ երկրում քննադատության, սարկազմի ու տհաճության առիթ դարձած միջադեպը Հանրապետականի համար տհաճ անակնկալ դարձավ: Չի բացառվում, որ առաջիկայում Տարոն Մարգարյանը կրկին պատիվ ունենա լսելու Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը. «Տարոն ջա՛ն, սիրուն չի»:
Բոլորովին պատահական չէ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, որոնք մշտապես արդարացրել են իրենց գործընկերների սխալ պահվածքը` հորինելով ամենատարբեր, ընդհուպ ծիծաղելի փաստարկներ, երկու օր է՝ ծպտուն չեն հանում: Իսկ ՀՀԿ-ից ովքեր խոսել են, զերծ չեն մնացել նաեւ ՀՀԿ-ականներին քննադատելուց: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից իշխող կուսակցության ղեկավար կազմի՝ ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է այս միջադեպին: Ու թեեւ Ֆարմանյանը քննադատության որոշ խոսքեր հնչեցրել է նաեւ «Երկիր Ծիրանի»-ի անդամների հասցեին, բայց եւ չի մոռացել մի քանի «քնքուշ» խոսք ասել գործընկերների հասցեին: «Բռնության կիրառման ցանկացած փորձ ինքնին անընդունելի է։ Ինքնին անընդունելի է, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից։ Եթե ես, դու, երրորդը, չորրորդը պատասխանատվություն է ստանձնում իշխանության համար, պետք է պատրաստ լինի ոչ միայն լսելու հանիրավի քննադատություն, անգամ պետք է պատրաստ լինի նզովք լսելու, հատկապես այնպիսի անցումային երկրներում, ինչպիսին Հայաստանն է»,-բառացիորեն նշել է Ֆարմանյանը: Ավելին` ՀՀԿ-ականն ասել է, որ գործ ունենք դասական կանոններից շեղված մի երեւույթի հետ. «Դա ինձ ավելի շատ հիշեցնում է ոչ թե քաղաքականություն, այլ, ինչպես մեկ առիթով Տեր-Պետրոսյանն արտահայտվեց, այլ հանգամանքների հետ կապված, խենթանոց: Սա եւս պետք է արձանագրել»։
Անգամ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Ռուզաննա Մուրադյանը, որ առիթը բաց չի թողնում հաճոյանալու կուսակցության ղեկավար կազմին, այս անգամ միանգամայն այլ մոտեցում է ցուցաբերել՝ քննադատելով երկու կողմին: «Երկու կողմից էլ համարում եմ, որ շատ անհաջող սցենար էր` քաղաքական ուժերի, քաղաքական ինստիտուտի հեղինակությանը պատիվ չբերող: Իրավիճակ ստեղծվեց, որ ոչ մեկին հաճելի չէր»,-aravot.am-ի հետ զրույցում շեշտել է նա:
Հասկանալի է՝ ՀՀԿ-ականները չեն կարող քննադատել միայն իրենց՝ կանանց հանդեպ բռնություն գործադրած գործընկերներին, բայց եւ չեն արդարացնում նրանց պահվածքը` հավասարության նշան դնելով երկուսի միջեւ: Սա, մեղմ ասած, ապտակ է քաղաքապետարանի եւ ավագանու ՀՀԿ-ականներին «Դեմն առե՛ք, դեմն առե՛ք, շուտ, շուտ» հրահանգ տված Տարոն Մարգարյանին:
Հիշեցնենք, որ երբ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը բոլորի աչքից հեռու ՀՀ նախագահի արարողակարգային բաժնի աշխատակցին «թեթեւ ապտակ էր տվել», հրաժարական տվեց: Ինչո՞ւ է հապաղում այս քաղաքապետը:
Հ Գ. Նկատենք, որ միայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է քննադատել ԵԾ-ի վարքագիծը, քանի որ Տարոն Մարգարյանի հետ անձնական մտերմություն ունի: Բայց մյուս կողմից` նա չի պաշտպանել Մարգարյանին ու ավագանու ՀՀԿ անդամներին:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Շիրակի նախկին եւ ներկա մարզպետների միջեւ բախում է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի փետրվարի 14-ին «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ը, որի տնօրենն է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, դիմել է դատարան եւ պահանջում է ՀՀ Շիրակի մարզպետարանից գումար բռնագանձել: Այս գործը նախագահելու է դատավոր Սուրեն Մնացյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պատմեց, որ խնդիրը կապված է հողերի վարձակալման վճարի հետ. «Առաջին փուլում դեռ վարձակալների հետ խնդիր ունենք»: Ի դեպ, հատկանշական է փաստը, որ ե՛ւ Հովսեփ Սիմոնյանը, ե՛ւ ներկա մարզպետ Արթուր Խաչատրյանը դաշնակցականներ են: Չի բացառվում, որ խնդիրն առաջացել է ավելի վաղ` Սիմոնյանի պաշտոնավարման ժամանակ:
ԱՆԻՄԱՍՏ ՆԻՍՏ
Այսօր ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունենալու արտահերթ նիստ, որը կայանալու է նրանց եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ստորագրությունների շնորհիվ: Իսկ արտահերթ նիստի նպատակն էլ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծն է, որի միջոցով ընդդիմադիրները ցանկանում են վերադառնալ նախկին դրույքաչափերին, ինչն էլ նրանց խոսքով, հնարավորություն կտա խուսափել թանկացումներից: Եվ չնայած ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ իրենք այսօր մասնակցելու են գործընկեր խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին` այդպես ապահովելով քվորում, սակայն նաեւ արդեն իսկ հայտարարել են, որ այդ նիստը ոչինչ չի փոխելու, եւ ընդդիմադիրների առաջարկները չեն ընդունվելու: Հետաքրքիր է՝ ինչ է անելու այդքանից հետո «Ելք» խմբակցությունը. կրկին փողոց դուրս կգա՞, թե՞ կդիմի այլ միջոցների:
ԳԱՐՇԱՀՈՏԻ ՏԻՐԱԿԱԼԸ
Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում տիրող անմխիթար վիճակն էր: Ընդ որում, ինչպես հետո պարզվեց, այս տարածքը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում. այդպես է պնդում Նուբարաշենի թաղապետ Արթուր Կիրակոսյանը: Այլ կերպ ասած` տեղի ունեցածի պատասխանատուն ոչ միայն քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, այլեւ Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց թաղապետի հայտարարագիրը. պատկերը բավական տպավորիչ է: Նա հայտարարագրել է անհատական բնակելի մեկ տուն` իր տնտեսական շինություններով, մեկ հողամաս եւ մեկ հատ «Lexus LS 460 L» մակնիշի ավտոմեքենա: Թաղապետի դրամական միջոցները կազմում են 48 մլն դրամ, 72 հազար դոլար եւ 158 հազար եվրո: Փաստորեն, թաղապետն ապրում է ճոխության մեջ, իսկ բնակիչները ստիպված են յոլա գնալ կոյուղաջրերի գարշահոտության պայմաններում:
ԵՐԱԶԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԵՑ
ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում որոշում է կայացվել պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրելու մասին: «Այսօր նա արդեն հրաժարականի դիմում կներկայացնի հանձնաժողովի նախագահի պաշտոնից»,- այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ խմբակցությունը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի պաշտոնում կառաջադրի պատգամավորներից նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը: Փաստորեն, երբ Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ անդամ` վայր դնելով պատգամավորական լիազորությունները, նրա փոխարեն խորհրդարան կգա ջավախահայ Տաճատ Վարդապետյանը: Մինչ այդ հիշեցնենք, որ Թովմասյանը ողջ գիտակից կյանքում տենչացել է ՍԴ անդամ դառնալ, միգուցեեւ ՍԴ նախագահ: Այս տարվա մարտին կլրանա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, ու նա վայր կդնի լիազորությունները: Բայց հետաքրքիրն այն է, որ Հրայր Թովմասյանը մշտապես հերքել է ՍԴ անդամ դառնալու մասին լուրերը: Այնինչ` ինչպես տեսնում ենք, նրա երազանքը կատարվեց:
«ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ»
Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանն օրերս ավագանու նիստում գրանցված միջադեպը «խայտառակություն» է որակել: «Իսկ որեւէ արգելանք կա՞, թե ինչ կարելի է եւ ինչ չի կարելի բերել ավագանու նիստին»,-«Aravot.am»-ի հետ զրույցում մեկնաբանելով «Երկիր Ծիրանի»-ի` կոյուղաջուրն ավագանու նիստերի դահլիճ բերելու փաստը` հարցրել է Վ. Խաչատրյանը: «Այդպես են որոշել հարցը լուծել: Մարդիկ լավ կյանքից չէ, որ նման քայլի դիմեցին: Պատկերացնո՞ւմ եք, թե քանի անգամ են նուբարաշենցիներն այդ խնդրով դիմել պատկան մարմիններին, բայց խնդիրը չի լուծվել»,-նկատել է նա: Ինչ վերաբերում է նրան, որ ավագանու ՀՀԿ-ական անդամները քաշքշել են ԵԾ-ի անդամ Մարինա Խաչատրյանին, նա կատարվածն անընդունելի է համարել: «Բայց այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այն մարդիկ, որոնք իրենց ավագանի են համարում, երեւանցիների ձայնի շնորհիվ չեն դարձել ավագանու անդամ: Նրանք ուրիշ վայրում պետք է լինեին, նրանք ունակ չեն խոսքով հարց լուծելու, դրա համար այլ ձեւերով են լուծում»,-ընդգծում է Վ. Խաչատրյանը:
ԿԳՏՆԻ ԻՐ ԼՈՒԾՈՒՄԸ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանի մասին հայտարարությանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում: Պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գնահատում Ալիեւի հայտարարությունը «Երեւանի՝ պատմական ադրբեջանական տարածք լինելու եւ այն վերադարձնելու մասին», Զախարովան ասել է. «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են: Վերոնշյալ արտահայտությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը»: Անդրադառնալով Հայաստանում եւ Ադրբեջանում գարնանն անցկացվելիք նախագահական ընտրություններին եւ դրանցից հետո ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ Զախարովան ասել է. «Անկեղծորեն հույս ունենք, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը: