ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՆԱԼՈՎ ՇԱՏԵՐՆ ՈՒՐԱԽԱՑԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել. նա խորհրդարանի կողմից ընտրվելու է Սահմանադրական դատարանի անդամ: ՀՀԿ ԳՄ նիստում որոշվել է նրան առաջադրել այդ պաշտոնում:

Երեկ, երբ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանն ընթերցեց Թովմասյանի հրաժարականի դիմումը, հետեւեցին ծափահարությունները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ արձագանքեց. «Բոլորն ուրախացան, որ գնում ես», իսկ Արա Բաբլոյանն էլ փորձելով մեղմել գործընկերոջ ասածը` նշեց. «Կարծում եմ՝ բոլորը հասկացան, որ ծափերը վերաբերում էր հայտարարության առաջին կեսին»,- ասաց Արա Բաբլոյանը: Ավելի ուշ Հրայր Թովմասյանն էլ պնդում էր, թե ծափերը վերաբերել են հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության առաջադրմանը:
Սակայն որքան էլ Արա Բաբլոյանը երեկ խորհրդարանում փորձեց մեղմել իրավիճակը՝ ծափերը վերագրելով Թովմասյանի՝ ՍԴ անդամ նշանակվելուն, ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանին շատերը չեն սիրում կամ նրա հետ կոնֆլիկտ են ունեցել գոնե մեկ անգամ: Եվ այս դեպքում իսկապես պատգամավորների ծափերը վերաբերել են հենց նրա հրաժարականին, այլ ոչ թե նոր պաշտոնին:
Իր նախարարական գործունեության ընթացքում Հրայր Թովմասյանը հասցրել է հակառակորդներ վաստակել ե՛ւ իշխանության ներսում, ե՛ւ իշխանությունից դուրս: Նրա նկատմամբ բացասական վերաբերմունքը խորացավ արդեն ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատելու տարիներին: Իսկ երբ Թովմասյանին այդ պաշտոնում փոխարինեց Արա Սաղաթելյանը, բացահայտվեցին բազմաթիվ մութ պատմություններ, կոռուպցիոն դեպքեր, որը չէր կարող լինել առանց աշխատակազմի ղեկավարի, այսինքն՝ Հրայր Թովմասյանի գիտության:
Հրայր Թովմասյանն ակնհայտ թշնամանք ունի լրագրողների հանդեպ. նա ամեն կերպ մշտապես փորձել է տարբերակներ մտածել՝ վերջիններիս աշխատանքը խոչընդոտելու համար: Երբ նա դարձավ ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նրա հանձնաժողովի նիստերը սկսեցին ուղիղ հեռարձակել, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենան ներսում աշխատելու: Լրագրողների նկատմամբ նրա բացասական վերաբերմունքի պատճառն էլ հավանաբար նախկինից մնացած նստվածքն է, երբ մամուլը լուսաբանեց Թովմասյանի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտնի «բանավեճը», նաեւ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանի եւ Հրայր Թովմասյանի հեռակա «բանավեճը»:
Մի առիթով ՀԱԿ փոխնախագահ Զուրաբյանը հարցին, թե ինչո՞ւ էր «Հրայր Թովմասյանն այդպես առյուծ կտրել ԱԺ դահլիճում», ի պատասխան` նշել էր. «Գիտեք, ամենատգեղն ինձ համար միշտ եղել է ղզիկների ագրեսիվությունը»: Սակայն Արմեն Ռուստամյան-Հրայր Թովմասյան բախումն այլ օպերայից էր: Այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ռուստամյանն էլ ասել էր. «Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա՛խ, թող չնեղանա»
Ի պատասխան` այդ ժամանակ Հրայր Թովմասյանը նշել էր. «Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում, պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»:
Նա նախարարից հետո դարձավ ԱԺ աշխատակազմի ղեկավար, հետո պատգամավոր, հիմա էլ ՍԴ անդամ է դառնալու: Բայց այդպես էլ չպատասխանեց Ռուստամյանին: Շարժվելով նրա այն տրամաբանությամբ, թե «կոստյումն է խանգարում արժանի պատասխան տալուն», թերեւս պետք է սպասել եւս 17 տարի, քանի որ Սահմանադրության համաձայն` ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչ 65 տարեկան դառնալը, իսկ Հրայր Թովմասյանը դեռ 48 տարեկան է: Փաստորեն դեռ այդքան պետք է սպասենք Հրայր Թովմասյանի արժանի պատասխանին:
Ի դեպ, նշենք` ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ դառնալուն, ապա նրան պաշտոնական այլ առաջխաղացում է սպասվում: Սպասվում է, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում կփոխարինի Գագիկ Հարությունյանին: Ներկայիս նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը լրանում է մարտի 23-ին, եւ նա պետք է հեռանա պաշտոնից: Երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ մեկնաբանություններին` Հրայր Թովմասյանը նշել էր. «Բազմիցս եմ նշել, երբեք չեմ երազել իքս-իգրեկ պաշտոնի մասին, ինչպես ճակատագիրը կորոշի, այդպես էլ կլինի»: Դե, իհարկե, նա պետք է հերքի այդպիսի խոսակցությունները, ինչպես անում էր ՍԴ անդամ դառնալու մասին խոսակցությունների ժամանակ:
Հ.Գ. Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանին, եւ հարցրեց, թե Գագիկ Հարությունյանն ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Թովմասյանը կարող է որոշ ժամանակ անց այդ պաշտոնում փոխարինի իրեն՝ ՍԴ նախագահի պաշտոնում: Պապիկյանը մեզ փոխանցեց Գագիկ Հարությունյանի պատասխանը. «Հրայր Թովմասյանին համարում եմ պատրաստված իրավաբան, այլ տարբեր խոսակցություններ մեկնաբանել չեմ ցանկանում»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԲՈՇԱՅԻ ԹԵՄԱՅՈՎ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին Էթիկայի հանձնաժողովից: Դիմումի ուսումնասիրման ավարտի ժամկետներ հանձնաժողովից դժվարացան նշել՝ ասելով, թե այդ ամենը կկատարվի օրենքի սահմաններում: Խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն «բոշա» անվանելու դեպքին: Երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վիրավոր զինծառայողին օգնելու համար նախարարի տարածած հայտարարության տակ թողել էր հետեւյալ մեկնաբանությունը. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձեւ է», ի պատասխան` Վիգեն Սարգսյանը նշել էր. «Բոշան դու ես»: Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել էր ե՛ւ օգտատիրոջ, ե՛ւ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բուռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտահայտության շուրջ:

 

 

ՆԱԽԱՏԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Սերժ Սարգսյանն ասել է, թե յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի քաղաքակրթության սահմաններում: Ճիշտ է` Ս. Սարգսայանը կոպիտ, վիրավորական բառերով չի նախատել, այլ քաղաքակիրթ եղանակով, սակայն շատերի կարծիքով` այդ մի քանի բառն էլ բավական է՝ սթափվելու համար:
Բացի այդ` այս օրերին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները մասնավոր զրույցներում եւս դժգոհում են կատարվածից, ասում, որ արդեն որերորդ դեպքն է՝ ստիպված են Տարոն Մարգարյանի ու նրա թիմի սխալները կոծկել, մեկնաբանել: Այդ ամենը բավական չէ, հիմա նրանց է միացել հայտնի Շմայսը՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, երբ զանգահարել, հայհոյել ու սպառնացել էր «Ելք» խմբակցության ավագանու անդամներից Ալեն Սիմոնյանին: «Շմայսն ով է, որ հիմա էլ Ամերիկայից զանգի, մենք էլ ստիպված լինենք Տարոնի ու Շմայսի արածները մեկնաբանել»,- ասել են ՀՀԿ-ականները:

 

 

ԵՐԵՔ ԴԻՄՈՒՄ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորներ դիմում են ներկայացրել դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք խնդրել են մինչեւ մարտ ծանրաբեռնվածության պատճառով իրենց անուն-ազգանունները հանել քրեական գործերի բաշխման ցանկից: Դիմում ներկայացնողները եղել են Գագիկ Պողոսյանը, Արմեն Բեկթաշյանը, Արշակ Վարդանյանը: Դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է նրանց դիմումը: Տեղեկացնենք, որ այս խնդիրը նոր չէ, եւ տեւական ժամանակ է՝ դատավորներն այդպես են վարվում` փորձելով «հանգստանալ»:

 

 

ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱ՞Ն Է ԽՈՍԵԼ
«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, զանգահարել եւ սպառնացել է իրեն: «Իմ գործունեության հետ կապված զանգել է եւ վիրավորանքներ հնչեցնելով` ասել, թե ինչու եմ իր անունը տալիս, իր մասին գրում: Ես որքանով հասկացա, նրան ինչ-որ մեկը ինչ-որ բաներ էր ասել: Ես ենթադրում եմ, թե այդ մեկը ով կարող է լիներ: Ենթադրում եմ, որ դա կարող է` Գոռ Վարդանյանը լիներ: Որովհետեւ ես իրան շատ քիչ եմ հիշել: Մի անգամ ելույթիս ժամանակ ասել եմ, որ պետք չէ գործելաոճը նմանեցնել Շմայսի գործելաոճին Ազգային ժողովում, եւ որեւիցե անձնական վիրավորանք կամ նման բան չի եղել»: Մինչդեռ Ա. Մովսիսյանը զանգահարել է Ալեն Սիմոնյանին եւ վիրավորել։ «Այ համբալ, հետը հայհոյելով: Ասացի, որ էլ ինքը ինձ չզանգի: Բայց դա իմ գործունեության հետ է կապված, քանի որ ես հանրային գործիչ եմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։ Իսկ ահա Առաքել Մովսիսյանն էլ պնդում է, թե զանգել եւ կուլտուրական խոսել է: «Ես չեմ սպառնացել: Տենց բան չի եղել»,- նշել է նա:

 

 

 

BMW-Ի ՖԱՌ ՉԵՆ ՈՒՏՈՒՄ
Երեկ ՀՀ ԱԺ-ում ընթանում էր «Ելք» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտքերի փոխանակության ժամանակ համաձայնել է, որ գնաճը 2.6 տոկոսից շատ ավելի բարձր է. «Ես կարծում եմ, որ պետական վիճակագրական ծառայությունն ու այլ կազմակերպությունները ապատեղեկատվություն են ներկայացնում կառավարությանը՝ ասելով, թե գնաճը 2.6 տոկոս է: Նայում եմ վերլուծությունը, ասում են՝ օրինակ` BMW-ի ֆառերի գինն էժանացել է: Նայում եմ սպառողական առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղը` հաց, կաթ, կարտոֆիլ: Առաջին անհրաժեշտության կենսապահովման զամբյուղում BMW-ի ֆառ չկա: Դե, մեր քաղաքացիները չեն ուտում BMW-ի ֆառ: Սա պրիմիտիվ, էժանագին մանիպուլացիա է՝ հաշվել, ասել 2.6 տոկոս է: Ես դիմում եմ տնտեսագետներին. նա, ով կկարողանա հաշվարկել նվազագույն սպառողական զամբյուղը, մենք պատրաստ ենք նրան ներկայացնել Նոբելյան մրցանակի»,- ասել է Ն. Զոհրաբյանը

 

 

ՃԱՆԱՉԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ որոշում է կայացրել, որ երկրի պետքարտուղարը պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նախագիծ: Դրանցից մեկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մյուսը վերաբերում է նրան, որ երկրի կառավարության ներկայացուցիչը կամ պետքարտուղարը պետք է այցելի Հայաստանում ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությանը: Խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծ մասը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:




Լրահոս