Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԿԱՄՐՋԻ ՏԱԿ ԳՏՆՎԱԾ ԿԻՆԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին Երեւանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի եւ նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում է առեղծված մնալ: Ի՞նչ բացատրություն են տվել իրավապահներին նախնական վարկածով ինքնասպան եղած կնոջ հարազատները:

Պաշտոնական
2018 թվականի փետրվարի 15-ին Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել էին մոր եւ դստեր դիակները: Սակայն մինչ այդ` փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը` ժամը 18-ի սահմաններում, մայր եւ աղջիկ տանից դուրս են եկել եւ դեռ չեն վերադարձել:
Ասել է, թե ոստիկանություն հաղորդում ներկայացնելուց հետո` երկու օր անց, մորն եւ դստերը գտան կամրջի տակ մահացած:
Արդյունքում Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի սպանություն եւ 110-րդ հոդվածի 1-ին մասերով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Ըստ քննչական կոմիտեի` մոր եւ դստեր մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել: Երեկ կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ եւ ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից:
Քրեական գործով պարզվել է նաեւ, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Գայանեն եւ դուստրը այցելել են «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա պատվիրել, վերցրել այն եւ դուրս եկել: Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին` թե կինը եւ երեխան սննդի կենտրոնից ինչ երթուղային են նստել եւ ինչ ուղղությամբ են գնացել:
Ինչ են պատմել հարազատները
Հայտնի էր դարձել, որ Գայանե Հարությունյանը արտակարգ իրավիճակների նախարարությունում է աշխատել: Ըստ վերջինիս հարեւանների` ընտանիքը ապրում էր նորմալ պայմաններում: Պարզվել է, որ Գայանեն ամուսնալուծված էր եւ ապրում էր իր ծնողների եւ միակ դստեր հետ:
Այն, որ Գայանեն սոցիալական վատ վիճակից ելնելով չի գնացել այդ քայլին, ըստ էության, պարզ է դառնում: Իսկ ի՞նչը կարող էր կնոջը դրդել գնալ ինքնասպանության եւ դեռ ավելին` իր հետ էլ տանել երեխային: Մի՞գուցե նրանց սպանել են եւ վայր գցել կամրջից, ցույց կտա տարվող քննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին Գայանեի մտահոգություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ երբ կինը երեխայի հետ տուն չի վերադարձել, ոստիկանության Մաշտոցի բաժնում երկու օր շարունակ ավելի քան երկու տասնյակ մարդ են կանչել` հարցաքննության եւ բացատրության համար, թե ինչ գիտեն Գայանեի եւ երեխայի մասին: Ըստ մեզ հասած լուրերի` հարցաքննվողների մեջ են եղել նրա մտերիմ մարդիկ, որոնք իրավապահներին տրված բացատրություններում հայտնել են, որ Գայանեն մտահոգվել է իր անձնականի մասով եւ հաճախ խոսել է այն մասին, թե ինքը ամուսնացավ, որից հետո իր կյանքը չստացվեց, հիմա ամուսնալուծվել է ու մնացել մենակ, ում է պետք մենակ մարդը, որ կողքին չունի կողակից, իր երեխան մնացել է մենակ, իր միակ դուստերն էլ կմեծանա ու, Աստված մի արասցե, իր բախտին արժանանա, ինչի համար ինքը շատ տանջվում է:
Ըստ ցուցմունք տված հարազատների` ամուսինները փորձել են միանալ, բայց արդյունք չի եղել: Միգուցե այս հուսահատությունն էլ եղել է պատճառը, որ կինը գնացել է այդ քայլին:
Նկատենք, որ իրավապահները նաեւ դպրոցում են ուսուցիչներին հարցուփորձ արել երեխայի մասին, սակայն ուսուցիչները հայտնել են, որ 9-ամյա Անահիտը շատ լուռ երեխա է եղել, ինքնամփոփ, ուստի կատարվածը իրենց համար եւս զարմանալի է:
Դատելով Գայանե Հարությունյանի հարազատների կողմից նրա անձնականի մասին մտահոգություններից` ամենայն հավանականությամբ քննիչները կհարցաքննեն նաեւ Գայանե Հարությունյանի նախկին ամուսնուն` հասկանալու համար, թե նա ինչ կապ կարող էր ունենալ դստեր եւ նախկին կնոջ մահվան հետ:
Նկատենք, որ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի` սպանության հատկանիշներով: Իրավապահ մարմինները այս հատկանիշներով հարուցել են քրեական գործը, քանի որ կասկածներ կան՝ 9-ամյա Անահիտը դժվար գիտակցեր եւ որոշեր, որ կամրջից կարող է ցած նետվել: Ու ենթադրվում է, որ մայրը առաջինը կամրջից ցած է նետել աղջկան, որից հետո ինքն է ինքնասպան եղել: Հիմա իրավապահները մոր կատարած արարքին պետք է իրավական գնահատական տան:
Նկատենք, որ ՀՀ կառավարության` 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման համաձայն` Դավթաշենի, ինչպես նաեւ Հաղթանակի եւ Կիեւյան կամուրջներն ընդգրկված են ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա շինությունների ցանկում: Ասել է, թե ոստիկանները նշված հատվածում պետք է պահպանություն իրականացնեն` նմանօրինակ դեպքերը կանխելու համար: Ու հիմա հարց է առաջանում` ո՞ւր էին ոստիկանները, երբ մայր ու աղջիկ ցած էին նետվում կամրջից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվել է, թե դեպքի պահին որտե՞ղ են եղել Դավթաշենի կամրջի վրա ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցիները, եւ ինչո՞ւ չի կանխվել մոր եւ դստեր ինքնասպանությունը, ի պատասխան` հայտնել են, որ ընթանում է քննություն, որի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները:
Նախադեպը կա
Մինչ այդ, նկատենք, որ սա առաջին ողբերգական դեպքը չէ, երբ մայրը երեխային կյանքից զրկելուց հետո վերջում էլ ինքն է ինքնասպան լինում: 2016 թվականին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին հայտնաբերել են բնակելի շենքի շքամուտքում կախված: Ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահներն էլ ավելի սարսափելի տեսարանի են բախվել. կնոջ տանը` մահճակալների վրա, հայտնաբերել են նրա երկու մանկահասակ երեխաների դիակները: Երկուսն էլ աղջիկներ են՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ 7:
Փորձաքննությունը հաստատել էր իրավապահների վարկածը` երեխաները մորից շուտ ու մոր «օգնությամբ» էին մահացել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՍՈՒՄ Է՝ ՏԵՂՅԱԿ ՉԷ
Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետանում ՀՀԿ-ական ավագանու անդամները ծեծի ենթարկեցին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Մարինա Խաչատրյանը փորձել էր օգնել էրեբունի վարչական շրջանի բնակիչներին եւ տարայով լի կոյուղաջուրը մոտեցրել էր Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ արդեն մի քանի տարի է` վարչական շրջանի բնակիչները բարձրաձայնում են, որ խողովակների անմխիթար վիճակի պատճառով իրենք գարշահոտություն են շնչում, սակայն պատկան մարմինները մեկը մյուսի վրա էին գցում, եւ խնդիրը չի լուծվում:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ Դավիթ Գրիգորյանն ասել է, որ ինքը բնակիչների հետ բազմիցս հարցը բարձրացրել է. «Մենք ահազանգել ենք, որ քրեակատարողականից խնդիրը վերացնեն: Դա քաղաքապետարանի խնդիրը չէ: Հիմնարկի ղեկավարությունը պետք է լուծեր այս հարցը: Մենք հիմա միջամտում ենք, որ խնդիրը լուծվի: Կրկնում եմ` ես բնակիչների հետ բազմիցս բարձրացրել եմ այդ հարցը: Դիմել ենք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին, որպեսզի իրավիճակը կարգավորվի»: Արդյունքում, երբ կին ծեծվեց, քնից արթնացան թաղապետը, ՔԿ վարչությունը եւ սկսեցին շինարարական աշխատանքները:
Ըստ էության ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի ծեծը մնաց ԱՆ ՔԿԾ պետ Ռաֆայել Հովհաննիսյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանի, նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանի խղճին եւ պատասխանատվությանը: Նշենք, որ Ռաֆայել Հովհաննիսյանը 2005 թվականից աշխատում էր որպես ԱՆ ՔԿՎ պետի տեղակալ, եւ այդ ժամանակներից վեց վարչության պետ է փոխվել` Սամվել Հովհաննիսյան, Աշոտ Մարտիրոսյան, Աշոտ Գիզիրյան, Հայկ Հարությունյան եւ Արթուր Օսիկյան:
Ինչեւէ: Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զուցեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք 2005 թվականից եղել եք ԱՆ ՔԿՎ պետի տեղակալ: Էրեբունի թաղապետ Դավիթ Գրիգորյանն ասաց, որ Նուբարաշենի ղեկավարությունը պետք է խնդիրը կագավորեր, բազմիցս դիմել էին, կի՞ն պետք է ծեծեին, որ սկսեիք կոյուղաջրերի շինարարական աշխատանքները:
-Ես տեղակալ եղել եմ ուրիշ գծով, տնտեսական գծով տեղեկալը ես չեմ եղել: Սա պայմանավորված աշխատանք էր, որը կատարվեց:
-Բայց կին ծեծեցին, նոր սկսեցիք խնդրին լուծում տալ:
-Պայմանավորված աշխատանք էր, որ կատարվեց:
-Հիմա Ձեր մեղքով կին ծեծեցին, Ձեր խղճին մնա՞ց դա:
-Ձեզ նորից եմ ասում` ես այլ գծով էի տեղակալ, դա իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում, որ մանրամասները ես իմանայի:
-Այսինքն` այսքան տարի լինելով պետի տեղակալ` ծանոթ չէիք, հա՞, խնդրին, ու մեկ ամիս է` պետ եք, ու հենց կին ծեծեցին, իմացա՞ք:
-Ծանոթ չէի, նոր եմ ծանոթացել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

2-6 ՏԱՐԻ
ՀՀ վերաքննիչ դատարանում քննվում էր Հայաստան «Իգլա» տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի բողոքը: Հարցաքննվում էր գործով առանցքային վկա Ռոբերտ Ավալյանը, որն առաջին ատյանի դատարանում ցուցմունք չէր տվել, քանի որ այդ ժամանակ գտնվել է Վրաստանում եւ ձերբակալված է եղել: Ավալյանն այժմ կալանքի տակ է Հայաստանում, եւ նրա գործով նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը եւս դիմել է Վերաքննիչ դատարան: Նրանք պահանջում են բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրի դատավճիռը եւ իրենց ճանաչել անպարտ: Ըստ մեղադրանքի՝ Ս. Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Մեղադրյալները դատապարտվել են 2-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման:

 

 

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018թ. փետրվարի 18-ից Երեւան քաղաքի Արամի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Արամի փողոցի նշված հատվածում երթեւեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց ուղղությամբ:




Լրահոս