ԶԵՆՔԻ ԱԶԱՏ ՎԱՃԱՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՒՑԵ ԶՍՊՄԱՆ ՄԻՋՈՑ ԼԻՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի քաղաքներից մեկում տեղի ունեցած հրաձգությունը ցնցեց ողջ երկիրը՝ հայտնվելով հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում: ԱՄՆ-ում կրկին բարձրացվեց զենքի ազատ վաճառքի շուրջ մշտական մտահոգությունը՝ այսօրինակ դեպքերը բացառելու համար: Հայաստանում թեպետ զենքի ազատ վաճառք չկա, սակայն վերջին շրջանում մեր երկրում նմանատիպ դեպքերի պակաս էլ թերեւս չկա:

Հիշեցնենք` ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում նախկին աշակերտներից մեկը հրազենով ներխուժել էր դպրոց եւ անկանոն կրակ բացել: Ըստ իրավապահների նախնական մեկնաբանության՝ կասկածյալը նախ դիտավորյալ միացրել է արտակարգ իրավիճակների համար նախատեսված ահազանգը, որպեսզի աշակերտները դուրս գային դասարաններից, ու միջանցքում տիրող խառնաշփոթի ժամանակ զոհերի քանակն ավելին լիներ: Սակայն դպրոցի աշակերտների մի մասը դուրս չի եկել՝ կարծելով, թե ահազանգը կեղծ է, քանի որ առավոտյան նույնը կրկնվել էր: 19-ամյա հանցագործը դպրոցի նախկին աշակերտներից էր, որին հեռացրել էին կարգապահական պատճառներով: Ձերբակալվածի մոտ իրավապահները հայտնաբերել էին բազմաթիվ պարկուճներ եւ AR-15 տեսակի հրացան: Ըստ իրավապահների՝ հենց այդ տեսակի զնեքով էլ տեղի էր ունեցել հրաձագությունը՝ հանգեցնելով շուրջ 17 մարդու սպանության:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, ԱՄՆ Սահմանադրության 2-րդ վերափոխման խստագույն պաշտպանության հավատավոր ջատագովն է: Ըստ այդ հոդվածի՝ յուրաքանչյուր քաղաքացի զենք պահելու ու կրելու իրավունք ունի: Սահմանադրական նորմով ԱՄՆ-ում թույլատրված է զենքի ազատ վաճառքը, որը երբեմն հանգում է նման անկանխատեսելի ու ողբերգական իրավիճակների, քանի որ ինչ-որ գաղափարական ազդեցությունների տակ գտնվող կամ հոգեպես անհավասարակշիռ անձինք ազատորեն կարող են զենք գնել ու սպառնալ այլոց անվտանգությանն ու կյանքին: ԱՄՆ Հանրապետական կուսակցության գաղափարաբանական սկզբունքներով այս հոդվածը վերանայման ենթակա չէ: Թրամփը նույնպես համոզված է, որ չի կարելի զրկել ամերիկացիներին սեփական զենք ունենալու եւ ինքնապաշտպանվելու հնարավորությունից՝ դա դիտելով իբրեւ մարդու հիմնարար իրավունքների խախտում: Այդ պատճառով իր ցավակցական գրության մեջ նա սոսկ արձանագրել է, որ ամերիկյան դպրոցում որեւիցե երեխա կամ ուսուցիչ չպետք է իրեն անապահով զգա: Թրամփը, որը հաճախ է նման առիթներն օգտագործում քաղաքական հակառակորդների դեմ քննադատությունների համար, այս անգամ նման հնարավորություն չունի՝ ստիպված լինելով լսել դեմոկրատների նոր դժգոհությունը: ԱՄՆ-ում զենքի ազատ վաճառքի հարցում միջկուսակցական բանավեճը հին ավանդույթ է: Բանավեճի մի կողմում հանրապետականներն են, մյուսում՝ դեմոկրատները, որոնք պահանջում են սահմանափակել զենքի ազատ վաճառքը: Կարելի է ասել, որ այս խնդիրը ԱՄՆ-ի միջկուսակցական գաղափարաբանական առանցքային հիմնահարցերից է ու անընդհատ բարձրացվում է ընտրությունների ժամանակ: Եվ ահա այժմ առիթն օգտագործելով էլ՝ դեմոկրատները կրկին հիշեցին հստակ կարգավորող ու սահմանափակող մեխանիզմներ ներդնելու ծայրահեղ անհրաժեշտությունը՝ որպես ԱՄՆ-ում անվտանգության ու ապահովության երաշխիք: Դեմոկրատները հայտարարել են, որ բավական է հանդուրժել նման երեւույթները ամերիկյան հասարակությունում՝ բարձրացնելով մի շարք հարցեր, որ պատասխանների են սպասում: Այսպես՝ ինչպե՞ս է կասկածյալը ձեռք բերել զենքը եւ արդյո՞ք անցել է բոլոր օրինական ընթացակարգերով: Եվ եթե ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում, ապա պետք է մտածել այնպիսի մեխանիզմներ ներդնելու մասին, որով զենքը հեշտությամբ չի հայտնվի նման մարդկանց ձեռքին: Դեմոկրատներն առաջարկում են ներդնել հատուկ քննության պրակտիկան, որպեսզի զենք գնողը մի շարք ստուգումներ անցնի: Սակայն հանրապետականներն ու մասնավորապես՝ նախագահ Թրամփը, հազիվ թե ընդառաջեն քաղաքական սկզբունքային հակառակորդների պահանջներին ու բարդ ընթացակարգեր սահմանեն զենքի ձեռքբերման համար: Այստեղ ոչ միայն սոսկ բախվում են ամերիկյան հասարակության անվտանգությանն առնչվող հարցերը, այլեւ զենք արտադրող մեծ կորպորացիաների ու քաղաքական գործիչների հետաքրքրությունները:
Հայաստանում զենքի ազատ վաճառքն արգելված է, թեեւ այստեղ էլ հաճախ է քննարկվում դրա թույլտվության հարցը: Հաշվի առնելով Հայաստանում տիրող բարոյահոգեբանական ներկայիս մթնոլորտը՝ զենքի ազատ վաճառքը կարող է քաոսի հանգեցնել: Քանի որ Հայաստանում, որպես այդպիսին, չկա արդար դատական համակարգ, ապա բնական է, որ շեշտակիորեն կավելանան ինքնադատաստանի ու վրեժխնդրության դրսեւորումները: Դրանք անգամ հիմա քիչ չեն, վկան Շամիրամ գյուղի, Վերնիսաժի եւ այլ նմանատիպ դեպքերը: Սակայն միեւնույն ժամանակ չի կարելի ժխտել, որ իրենց օրենքից վեր զգացող բազմաթիվ անձինք խնդիր չունեն զենք ձեռք բերելու հետ: Ցանկացած օլիգարխի պահեստներում եւ հարյուրավոր թիկնապահների մոտ ցանկության դեպքում կարելի է հսկայական զորանոց հայտնաբերել: Եվ նման մարդիկ խնդիր էլ չունեն զենքի անհարկի կիրառության հարցում՝ համոզված, որ Սերժ Սարգսյանին ընտրությունների ժամանակ մատուցած ծառայությունն արդեն իսկ կանխավճար է բոլոր տեսակի հանցանքների համար: Եվ ահա այսպիսի իրավիճակում, երբ օրենքից վեր գտնվողները կարող են զենք ձեռք բերել, իսկ շատերը՝ ոչ, թերեւս անարդար է անգամ հանցաշխարհի կանոններով: Գուցե զենքի ազատ, բայց, անշուշտ, համակարգված վաճառքը կարող է զսպել նման մարդկանց՝ զգուշանալ սեփական ամենաթողության հակառակ ռեակցիայից: Եվ վերջապես ԼՂ-ի հակամարտությունն ու ադրբեջանական վտանգը կարծես օրակարգի հարց են դարձնում սահմանակից բնակավայրերում ապրող անձանց զինումը, որը հաճախ կարող է փրկել մարդկանց կյանքերը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԿՆԻԿ ՏՓՈՂ ԷԼ ԴԱՐՁԱՆՔ
Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ։
-Պարո՛ն Սարոյան, ինչպե՞ս եք մեկնաբանում օրերս Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին։
-Երեւույթը շատ վատ էր։ Մարդիկ սկսեցին արջի ծառայություններ մատուցել։
-Այսինքն՝ Տարոն Մարգարյանի թիմակիցները, որոնք սկսեցին ծեծել կանանց, դա արջի ծառայությո՞ւն եք որակում։
-Ես կարծում եմ, այո՛, որովհետեւ Տարոն Մարգարյանը այդպիսի բան չէր անի։ Բոլորս էլ Տարոնին գիտենք, որ նա այդ մարդը չէր, որ սկանդալ սարքեր։
-Պարո՛ն Սարոյան, բայց հենց նա առաջինն ասաց՝ «դեմն առեք»։
-Անկանխատեսելի վիճակ էր։ Երեւույթն էլ սիրուն չէր, բայց կարեւորը արդյունք տվեց՝ 4-5 տարվա կեղտի հարցը լուծվեց։
-Մեղավոր տեսնո՞ւմ եք արջի ծառայություն մատուցածներին։
-Միանշանակ։ Տեսաք, որ բան չկա, ընդամենը կեղտաջուր է, վե՛րջ, էլ ի՞նչ եք ուզում։ Էդ գարշահոտն էր, հավաքարարները կմաքրեին էլի, կամ դուխի կփչեիք։
-Եթե բանկան դնեին Տ. Մարգարյանի մոտ, եւ հենց նա շնչեր այդ հոտը, ի՞նչ կլիներ։
-Դե, եթե մտածեին, որ մենակ հոտ է, կարող է` ոչ մի բան էլ չլիներ, բայց քանի որ դիմակներ ու ձեռնոցներ էին հագել, չես կարող ասել, թե ինչ էին ուզում անել։ Ես էդ աղջկան առաջին անգամ էի տեսնում։ Զարուհին փառք էր, դա ռեմբո էր, ուժեղ աղջիկ էր։
-Բայց կնոջը ծեծելով` հարց լուծվո՞ւմ է։
-Երեւույթը շատ սխալ էր։
-Հիմա ո՞վ է իրական մեղավորը։ Արդյո՞ք ավագանին եւ հենց քաղաքապետը հրաժարական չպե՞տք է տան։
-Ամբողջ աշխարհում էլ նման կռիվներ լինում են՝ ընդդիմություն-դիմություն։ Հիմա ամեն անգամ տենց բաներից հրաժարական տա՞ն։
-Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, երբ նախագահի աշխատակցին ծեծել էր, հրաժարական տվեց։ Ինչո՞ւ պետք է Տարոն Մարգարյանը չտա։
-Դրանք լրիվ տարբեր պատմություններ են։ Էստեղ լրիվ ուրիշ քաղաքականություն էր գնում, ընդդիմություն-դիմություն։ Բայց էն մյուսը լրիվ ուրիշ պատմություն էր։ Չի կարելի մեկը մեկի հետ խառնել։
-Իսկ Գոռ Վարդանյանի մասին ի՞նչ կասեք։ Նա կարծեք թե խորհրդականի կարգավիճակից թիկնապահի կարգավիճակի անցավ։ Նրա գործողությունները ե՞ւս արջի ծառայություն եք համարում։
-Իհարկե։ Ուժեղ տղա ես, արա՛, փոխանակ տղամարդկանց դեմն առնես, որ կռիվ չլինի, կնանիքին ես քաշում։ Դրանով ի՞նչ ես ցույց տալիս։ Իրոք, ֆիզիկապես ուժեղ մարդը թույլի կողմից է միշտ լինում։ Ինքը եթե էդ պահին կնանիքին պահեր, ավելի մեծ դեր կունենար Տարոնի ծառայության մեջ։ Էդ կնանիք էլ ոչ մի բան չէին կարում անեին, վերջ, էդ երկու բանկեն էր՝ պրծել էր։ Հո չէի՞ն ծեծելու դրանց։ Ամբողջ աշխարհը՝ է՛լ ռուսներ, է՛լ Եվրոպա, է՛լ Ադրբեջան, տեսեք` ինչ են խոսում։ Չի սազում մեզ։ Ահա, հիմա էլ դարձանք կնիկ տփող։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ՍԻԳԱՐԵՏ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԻՐԱՆ

Ըստ որոշ տեղեկությունների` հայտնի կին գործարար Սիլվա Համբարձումյանը վերջերս փորձել է արաբ շեյխի հետ բիզնես հիմնել: Սակայն գործարք տեղի չի ունեցել, իսկ Սիլվա Համբարձումյանը 10 մլն դոլարի չափով «քցել է» արաբ շեյխին:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց գործարար Համբարձումյանի հետ եւ հետաքրքրվեց` արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Հարցին ի պատասխան` Սիլվա Համբարձումյանն ասաց. «Նման բան չկա, արաբի հետ աշխատել ենք, հանքերն են եղել, որոնք էլ 40 մլն դոլարով վաճառել են իրեն: Բացարձակ պարտք չունենք: Անգամ պետական ռեգիստրով է դա երեւում: Հանձնել եմ իրենց: Խոսքը «Թի էյ սի-սի Արմենիա» ընկերության մասին է»:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարար տիկինը արաբ շեյխի վստահությունը շահելու համար փորձել է խորամանկություն բանեցնել: Նա հանդիպմանը գնացել է անգամ թանկարժեք «Բենտլի» մակնիշի մեքենայով, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ինքը խոշոր բիզնեսմեն է, մեծահարուստ: Մեր տեղեկություններով` այդ հանդիպումը տեղի է ունեցել Անգլիայում:
«Հանդիպումները տեղի են ունեցել Դուբայում, եւ դրա արդյունքում «Թի էյ սի-սի Արմենիա» ընկերությունը տրվել է արաբ գործարարին: Ինքը անգամ ինձ 700 հազար դոլարի չափով պարտք է մնացել, բայց ոչ մի խնդիր չի եղել: Ես այդ 40 մլն դոլարի մեջ էլ չմանրացա: Գուցե պետք է Ձեզ ասեին, որ ինձ են գցել, այլ ոչ թե ես եմ գցել»,- արդարացավ գործարարը:
Առիթից օգտվելով` Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու է «Սիգարոն ՍՊՍ» ընկերությունից վերցրել սիգարետներ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրացնելու նպատակով, բայց գումարը չի մարել: «Նման բան չկա: Մենք ընդամենը փորձում էինք իրանական կողմից լիցենզիա ստանալ, որպեսզի այնտեղ սիգարետ արտահանենք: Իրանական կողմը չէր թողնում: Բայց հիմա լիցենզիա տրվել է, միայն պահանջներ է ներկայացրել, որ սիգարետի վրա պատկերված նկարները փոխվեն, հատուկ նկարներ են, եւ ինչ ձեւով պետք է տպվի: Ես ինքս պետք է արտահանեմ, մենք այնտեղ հիմնարկ ունենք բացված, որտեղ պետք է վաճառենք»,- հայտարարեց գործարարը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս