ՋՐԱՌԱՏԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ԱՆԳԱՄ ԶՈՒԳԱՐԱՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի պոլիկլինիկայի շենքը քանդման եզրին է: Ավելին` շենքի պայմաններն այնպես անմխիթար են, որ յուրաքանչյուր քաղաքացի այնտեղ մտնելիս առողջանալու, ապաքինվելու փոխարեն կարող է հիվանդանալ:

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ե՛ւ Ջրառատի, ե՛ւ Ջրարբիի բնակիչները` պատմելով, որ պոլիկլինիկայում սպասասրահ չկա, որտեղ հիվանդները կարող են սպասել: Իսկ եթե հիվանդներից մեկը ներսում է, ապա մյուսները դրսում պետք է հերթ կանգնեն. շենքային անմխիթար պայմանների պատճառով շենքի ներսում միաժամանակ մի քանիսը չեն կարող գտնվել: Բացի այս` այսպես կոչված պոլիկլինիկայի շենքի մի քանի պատուհան ապակիներ չունի, պոլիէթիլենային ցելոֆանով է փակված: Նաեւ հատակն է ճռճռում, բացի այս` հատակը հողային է. այնպես փափուկ է, որ կանգնողին թվում է, թե հայտնվելու է գետնի տակ:
Ամենասարսափելին այն է, որ շուրջ 3600 բնակչի համար բուժսպասարկում իրականացնող շենքը տարրական պայմաններից զուրկ է: Շենքի ներսում զուգարան չկա, այն շենքից դուրս է գտնվում, փայտյա է, դուռ չունի, միայն կտորով է ծածկվում: Ավելորդ է նշել, որ հիվանդները փայտյա եւ կիսափուլ զուգարանից չեն կարող օգտվել, քանի որ ձմռան ամիսներին անգամ աշխատողները չեն օգտվում: Տեղեկացնենք, որ ֆիզիկապես մաշված շենքի փայտյա աստիճանները ճոճվում են, եւ պետք է առանձնակի զգուշությամբ բարձրանալ:
Ջրառատի պոլիկլինիկայի տնօրեն Թերեզա Տիգրանյանի խոսքերով` խորհրդային տարիների շենք է: «Բառերով անհնար է նկարագրել: Շենքի աստիճանները այնպիսի անսարք վիճակում են, քանդված են, որ եթե հաշմանդամություն ունեցող անձ մուտք գործի պոլիկլինիկա, մենք մեզ վատ կզգանք: Շենքը վթարային է, մենք էլ մի կերպ տեղավորվել ենք այստեղ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց պոլիկլինիկայի տնօրենը:
Տնօրեն Թերեզա Տիգրանյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ անցած տարվա ընթացքում ինքը կրճատումներ է արել եւ փոքրիկ գումար խնայել, որով էլ մարել է գազի, էլեկտրաէներգիայի վարձերը: Այժմ պոլիկլինիկան պարտք չունի: Հարցին` հնարավո՞ր է, արդյոք, այդ խնայողությունների հաշվին որոշակի նորոգման աշխատանքներ իրականացնել շենքի ներսում, տնօրենը զարմացած արձագանքեց. «Բայց միեւնույն է` դա բավարար չէ` շենքը վերանորոգելու համար: Ինչքա՞ն գումար պետք է տնտեսած լինեմ` 50-100 հազար դրամ, դրանով ինչպե՞ս կարող ենք շենք վերանորոգել: Կարող է` միլիոննե՞ր եմ խնայել: Անգամ գազի, էլեկտրաէներգիայի սպառման կանխավճարներն եմ տվել»:
Զրույցի ավարտին նա նկատեց, որ Արմավիրի մարզպետարանի համապատասխան վարչությունը տեղյակ է խնդրին: Ապա ավելացրեց, որ Ջրառատի գյուղապետարանը միջոցներ է ձեռնարկում պոլիկլինիկայի նոր շենք կառուցելու ուղղությամբ: «Անգամ նոր շենքի հատակագիծը կա: Բայց դեռ առարկայական ոչինչ չկա: Շինարարներ են եկել, տեղանքը ուսումնասիրել: Մենք էլ հույսով սպասում ենք»,- լրացրեց Թ. Տիգրանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գյուղապետ Սամվել Գալստյանից եւս հետաքրքրվեց` գյուղում, ի վերջո, ե՞րբ կլինի պոլիկլինիկայի նոր շենք: «Մենք մի քանի տարի է, ինչ փորձում ենք այս հարցին լուծում տալ: Նախ մտադիր էինք ներկայիս շենքը վերանորոգել, բայց հետո որոշում կայացրինք նոր շենք կառուցել: Մենք փոքրիկ չափի գումար ունենք տնտեսած, նաեւ կառավարությունը մտադիր է աջակցել: Եթե մեր ծրագրածով ընթանա ամեն բան, ապա հնարավոր է` տարեվերջին ունենանք պոլիկլինիկայի նոր շենք»,- հույս հայտնեց գյուղապետը:
Նշենք, որ այս պոլիկլինիկայում այժմ աշխատում է 10 հոգի, ասել է, թե 10 քաղաքացի իր մասնագիտական գործունեությունը ծավալում է անմարդկային պայմաններում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԲՌՆՈՒԹՅԱՆԸ ԴԵՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի շուրջ զրուցել է ԱԺ պատգամավորների հետ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյան
-Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը։
-Դա բռնության շարքին ենթարկվող թեմա է, եւ, բնականաբար, բռնությանը ես դեմ եմ։ Բայց կարծում եմ` հիմա երկու կողմերն էլ քննության առարկա կդարձվեն, իրավական դաշտը քննություն կանցկացնի, եւ դրանով պայմանավորված մենք արդեն կհասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։
-Ենթադրենք բանկան տաներ եւ դներ Տարոն Մարգարյանի առջեւ, ի՞նչ պետք է լիներ։
-Ընդհանրապես ես կարծում եմ` նման մեթոդներով հարցերը լուծելը սխալ է։
-Ինչպիսի՞ն է Ձեր մեթոդը։
-Բանակցությունների մեթոդով եւ խնդիրը բարձրաձայնելով։
-Պարո՛ն Պողոսյան, բայց այդպես խնդրին լուծում չի տրվել։
-Չեմ կարող մանրամասնել, որովհետեւ չգիտեմ` մինչեւ էդ ինչպիսի բանավեճեր են եղել։ Բայց ամեն դեպքում, այն, ինչ տեղի ունեցավ, ցանկալի չէր ոչ մեկի համար, եւ դա, ընդհանրապես, մեզ հարիր չէր։
-Օրինակ` Դուք, պարո՛ն Պողոսյան, Դուք կնոջ կխփե՞իք, ինչպես այնտեղ անում էին շատ տղամարդիկ։
-Ես չեմ տեսել, որ այնտեղ ինչ-որ մեկը կին խփի։
-Իսկ այդքան նյութե՞րը, հրապարակումնե՞րը, այնտեղ պարզ երեւում են։
-Կնոջ վրա ձեռք բարձրացնելն անթույլատրելի է, իսկ բռնությունն ընդհանրապես հարիր չէ այսօրվա մեր ժամանակաշրջանին։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան
-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս կգնահատեք Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը, երբ կնոջ նկատմամբ բռնություն են գործադրում՝ ապտակ, ծեծ, մազերն են քաշում։ Եվ դա իրականացնում են Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։
-Ես այդ օրերին Հայաստանում չեմ եղել, բնականաբար վերնագրերը կարդացել եմ նյութերի, նույնիսկ այդ տեսագրությունը չեմ նայել, բայց երկու բան կասեմ։
Նախ` որեւէ պետական մարմնում, այդ թվում` Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստերում, ես կարծում եմ` վարքականոնի այլ ձեւեր պետք է լինեն։ Ինձ եւ իմ քաղաքական ուժի համար այն, ինչ անում է «Երկիր Ծիրան»-ին, ընդունելի չէ։ Ինձ համար ընդունելի չէ նաեւ բռնությունն ու բռնության ցանկացած դրսեւորում՝ կլինի «Երկիր Ծիրանի»-ի աղջկա հանդեպ, թե Հանրապետական որեւէ անդամի։ Մենք պետք է կարողանանք այնպիսի մշակույթ դրսեւորել, որ քննարկումները, բանավեճերը, տեսակետների հայտնելը լինի քաղաքակիրթ, միմյանց հանդուրժելու, հարգելու մակարդակով։ Ո՞վ է սկսում, ո՞վ է արձագանքում, ի՞նչ է անում, անթույլատրելի է, որ մեր ներկայացուցչական մարմիններում նման մթնոլորտ տիրի։

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս