«Ժողովուրդ»-ը առաջիկա պլանների, ամուսնու՝ իր լավագույն խորհրդատուն լինելու եւ իր գործունեության վերաբերյալ երեխաների արձագանքի մասին զրուցել է երգչուհի Գոհար Հովհաննիսյանի հետ:
-Գոհա՛ր, առաջիկայում Ձեզնից նոր երգեր, տեսահոլովակներ սպասե՞նք:
-Այո՛, ունեմ երգեր, որոնք կատարելու եմ նորովի: Խոսքը մեր հին հայրենասիրական, ազգագրական երգերի մասին է՝ «Մենք անկեղծ զինվոր ենք», «Հայ ֆիդայիններ» եւ այլն: Ի դեպ, մարտին համերգով հանդես եմ գալու Ստավրոպոլում, այնուհետեւ մինչեւ մայիս-հունիս ամիսները՝ Վաշինգտոնում, Տորոնտոյում:
-Ձեր դիտարկումներով՝ արտերկրի հայ համայնքներից որո՞նք են համեմատաբար ակտիվ եւ որո՞նք՝ պասիվ:
-Ռուսաստանից, օրինակ, տարեկան մեկ-երկու անգամ համերգի հրավերներ են լինում, նախկինում բավական ակտիվ էին նաեւ Լոս Անջելեսի հայ համայնքի համերգային կազմակերպիչները: Բայց վերջին տարիներին այդ պասիվությունը մարել է: Երեւի դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հայ երգիչներ վերջին շրջանում բնակություն են հաստատել այնտեղ, եւ մեր կարիքն առանձնապես չի զգացվում:
-Երկրպագուները Ձեզնից սպասում են նաեւ զուգերգեր, առաջիկայում կարդարացնե՞ք նրանց հույսերը:
-Այո՛, կարծում եմ՝ այս տարի դուետներ կլինեն Աղասի Իսպիրյանի եւ Ռուբեն Սասունցու հետ:
-Գոհա՛ր, Ձեր զավակները էկրանին տեսնելով Ձեզ՝ ճանաչու՞մ են: Ինչպե՞ս են արձագանքում Ձեր գործունեությանը:
-Երկու զավակ ունեմ՝ որդիս վեց տարեկան է, աղջիկս՝ երկու: Ասեմ, որ տղաս փոքրուց այդքան էլ լավ չի արձագանքել իմ երգելուն: Նա հիմնականում նյարդայնանում է, երբ բեմում տեսնում է ինձ: Փոխարենը աղջիկս մեծ ոգեւորությամբ է դիմավորում ինձ բեմում: Նույնիսկ երբ նրան հումորով ասում են, թե իր մաման լավ չի երգում, վրդովվում է: Դուստրս հենց նստում է մեքենա, անպայման իմ երգն է միացնել տալիս: Իսկ տղայիս համար դա միեւնույն է: Երբ համերգների ժամանակ երկրպագուները գալիս են` ինձ հետ լուսանկարվելու, տղաս սթրեսի մեջ է ընկնում, ձեռքս բռնում ու լացում է: Անգամ եղել է համերգ, որի ժամանակ հայտարարել են իմ անունը, բայց ես բեմ դուրս չեմ եկել, որովհետեւ տղաս շոկի մեջ էր ընկնում, գոռալով լալիս էր, ասում էր՝ մի՛ երգիր: Կարծում եմ, որ մեծանա, կփոխվի: Երեւի որդուս մեջ այդ պահերին խանդն է խոսում:
-Գուցե նաեւ այն է պատճառը, որ համերգների պատճառով Ձեր երեխաներին «հասանելիք» ժամանակը վերցնում եք եւ տալիս հանդիսատեսին…
-Դա էլ կարող է լինել, բայց արի ու տես, որ աղջիկս իրեն այդպես չի պահում:
-Որքանով տեղյակ եմ, Ձեր ամուսինը եւս երաժշտական աշխարհի ներկայացուցիչ է: Նրա հետ ինչ-որ հարցերի շուրջ խորհրդակցո՞ւմ եք:
-Այո՛, ամուսինս դհոլահար է, նաեւ դասավանդում է Նորքի Հայորդաց տանը: Ընտանիքում, իհարկե, ամուսնուս հետ խոսում ենք գործնականից, նա իմ ամենամեծ խորհրդատուն է երգերի ընտրության հարցում, երգերիս ընտրությունը հիմնականում նրանն է լինում:
-Տարբեր խնջույքների ժամանակ հաճա՞խ են խնդրում Ձեզ երգել: Երբեմն այդ ամենը հոգնեցուցիչ չէ՞:
-Առհասարակ, սիրում եմ երգել նման առիթների ժամանակ: Եթե խնջույքի ես, պետք է նաեւ երգես, չէ՞ որ բոլոր հարազատները սպասում են դրան, իսկ ես մեծամտանալ չեմ սիրում, ուրեմն ինչո՞ւ հարազատների համար ուրախության առիթներ չստեղծել: Միաժամանակ փոքրուց որեւէ երգ պարտադրված չեմ երգում: Եթե համապատասխան մթնոլորտն ապահովված է, սիրում եմ կատարել հարազատներիս խնդրանքը:
-Գիտեմ, որ գործի բերումով հաճախ եք ճամփորդում: Հասցնու՞մ եք տան գործերն անել:
-Այո՛, լրիվ գործերն անում եմ, նույնիսկ բուրդ եմ լվանում եւ վերմակներ եմ կարում (ծիծաղում է): Ընդհանրապես, եկել եմ այն համոզման, որ մարդ որքան զբաղված է լինում, այնքան օպտիմալ է օգտագործում ժամանակը: Մարդու մտքին տեղ լինի…
-Եվ վերջում՝ հիմա ի՞նչ երազանք եք պահում:
-Երազում եմ, որ խաղաղ երկրում ապրենք, միմյանց առողջ տեսնենք եւ կարողանանք մեր երեխաներին հասցնել իրենց նպատակներին:
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
«ՀՈԳՈՒՍ ԽՈՐՔՈՒՄ ՈՒՆԵՄ ՄԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ»
«Ժողովուրդ»-ի բլից հարցերին պատասխանել է երգչուհի, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը:
-Մաշա՛, տվե՛ք մեկի անունը, ով հիացնում եւ զարմացնում է Ձեզ:
-Ծնողներս:
-Այս պահին ի՞նչն եք համարում Ձեր ճակատագրի նվերը:
-Ընտանիքս, ընկերներս, այն, ինչ ունեմ:
-Երգարվեստի հետ կապված ամենամեծ հիասթափությունը:
-Չէի ասի հիասթափություն, բայց անակնկալի եկա «Հայաստանի ձայնին» մասնակցելուց հետո: Դրանից առաջ բացարձակապես շփում չունեի շոու-բիզնեսի հետ, մնացածի պես հեռվից էի բոլորին ճանաչում, բոլորովին այլ կերպ էի պատկերացնում շոուբիզնեսյան անցուդարձը, սակայն այն, ինչ բացահայտեցի, անսպասելի էր:
-Ընկերներ ընտրելիս առաջինն ինչի՞ն եք ուշադրություն դարձնում:
-Մարդկային որակներին: Դա առաջնահերթ է:
-Արտիստ, որից ոգեշնչվում եք:
-Ուիթնի Հյուսթոն, Ջեսի Ջեյ: Սիրում եմ ոչ միայն նրանց երգերը, այլեւ այն, թե ինչպես են նրանք կատարում այդ գործերը, նրանց տեխնիկան եմ հավանում:
-2018-ի հետ կապված ամենամեծ սպասելիքը:
-Չեմ կարող ասել, բայց հոգուս խորքում մեծ սպասելիք ունեմ: Ասում են՝ երբ բարձրաձայնում ես երազանքներիդ մասին, դրանք չեն կատարվում, այդ պատճառով էլ չեմ բացի փակագծերը, բայց վստահ եմ, որ այն կիրականանա:
-Ձեր ներկայիս հոգեվիճակի գույնը:
-Շատ հանգիստ, հանդարտ հոգեվիճակում եմ, այն կարող է ասոցացվել կաթնագույնի հետ:
-Տղամարդու մեջ ամենաշատը ի՞նչն եք գնահատում:
-Այն, որ նա գնահատում է կնոջը, իր կողակցին: Իսկ, առհասարակ, ինձ դուր է գալիս շփվել գրագետ մարդկանց հետ, որպեսզի կարողանամ նրանցից ինչ-որ բան սովորել:
-Սովորություն, որից ոչ մի կերպ չեք կարող հրաժարվել:
-Ծամոն ծամելուց: Ասում են՝ այնքան էլ գեղեցիկ չեմ ծամում, բայց դա սովորություն է, որից, իսկապես, դժվար է հրաժարվել:
-Ձեզ ի՞նչ կենդանու եք նմանեցնում:
-Կոալայի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ կենդանու պես շատ եմ քնում:
-Քաղաք, որտեղ շատ եք ցանկանում լինել:
-Հիմա իմ ծրագրերում առաջնահերթ Նյու Յորքում, Լոնդոնում եւ Տոկիոյում լինելն է:
-Ձեզ կարող են նեղացնել մարդիկ, որոնք…
-Որոնք մտերիմ են ինձ: Կողմնակի մարդկանց ասածի կամ արածի շուրջ ես կարող եմ պարզապես մտածել:
-Ամենահարազատ վայրը:
-Գյումրու մեր տունը: Որքան էլ հաշվի առնենք, որ ընկերներիս մեծամասնությունը Երեւանում է, միեւնույն է՝ ես ինձ հանգիստ եւ ապահով եմ զգում իմ ընտանիքի գրկում:
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
ԱՆՀԱՋՈՂ
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում երեկ Հայաստանի ներկայացուցիչ, դահուկորդ Միքայել Միքայելյանը բավական անհաջող է հանդես եկել տղամարդկանց 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում: 18-ամյա հայ մարզիկը ցուցադրած 39:01.4 արդյունքով զբաղեցրել է 83-րդ տեղը` այդպես ավարտելով իր ելույթները: Այս մրցաձեւում օլիմպիական ոսկին նվաճել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնյան` 33 րոպե 43.9 վայրկյան արդյունքով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում երեկ զբաղեցրել է 72-րդ տեղը` ցույց տված 30:25.1 արդյունքով: Օլիմպիական խաղերում ՀՀ վերջին ներկայացուցիչը` լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը, հանդես կգա փետրվարի 22-ին` հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում:
ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են երեկ Շվեդիայում կայացած «Էսթերսունդ»-ի հետ հանդիպման լավագույն խաղացող: «Արսենալ»-ի պաշտոնական կայքէջում անցկացված քվեարկության արդյունքներով՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը ստացել է ձայների 63 տոկոսը, մինչդեռ Մեսութ Օզիլին եւ Նաչո Մոնրեալին ձայն են տվել քվեարկողների համապատասխանաբար 22 եւ 15 տոկոսը: