Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Սարյան եւ Արամի փողոցների հատվածում գտնվող այս այգին այդպես էլ կառուցման փուլից առաջ չի անցնում։ Լուսանկարը փաստում է այն մասին, որ այգին ծառայում է միայն որպես մեքենաների կայանատեղի։
ՀԱՐՑ. Քրոջս աղջիկը սովորում է արտերկրում, սակայն մտադիր է վերադառնալ հայրենիք եւ ուսումը շարունակել այստեղ, նա ի՞նչ պետք է անի։ Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է կազմակերպվելու նրա (ուսանողի) տեղափոխումը։
Լաուրա Այվազյան (48 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով:
Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով ՀՀ վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխության դեպքում հանձնման ենթակա ստուգարքների եւ քննությունների թվի մեջ չեն ներառվում հայագիտական առարկաները: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ սովորողն օտարերկրյա բուհում, որպես մասնագիտական, ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, ինչպես նաեւ տեղափոխվող բուհում ընտրել է հայագիտական մասնագիտություններ:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե գույքահարկի վճարման ժամկետը ե՞րբ է սահմանված: Եվ հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք զինվորական ծառայողներն ազատվում են գույքահարկի պարտավորություններից:
Գոհար Կարապետյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի դրույթների համաձայն`
1. Կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2. Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ ֆիզիկական անձանց տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորությունների, որոնք ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Հայտնում ենք նաեւ, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի դրույթների համաձայն` ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք: Պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայություն անցած, ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշվետու տարվա ընթացքում արտոնություն ունեցող գույքահարկ վճարողը գույքահարկը վճարելուց ազատվում է այն ամսվա 1-ից, երբ առաջացել է արտոնության իրավունքը: