Պարտադիր կուտակայինը սկսելու են պարտադրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակական քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սեւեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղությամբ: Եւ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1974թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին եւս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին: Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձեւավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց: Հիմա, սակայն, այլեւս այն չի հետաձգվելու, իսկ «Դեմ եմ» շարժման անդամները, որ բողոքի ցույցեր էին անցկացնում, այլեւս չեն պատրաստվում դժգոհության նոր ալիք բարձրացնել: Նրանցից Դավիթ Մանուկյանն ու Հայկ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, թե «Դեմ եմ» շարժումն ըստ էության գոյություն չունի այլեւս, եւ բացի այդ` իրենք անձնական գործերով են զբաղված»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս