Արարատի մարզում քաղաքական խարդավանքների հետևանքով մեծ ներդրումներ անող հիմնադրամ է փակվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզում քաղաքական խարդավանքների հետեւանքով Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցում այլեւս չի գործում ավստրիացի բարերար Ճգնավորյանի հիմնադրամը, որի շնորհիվ դպրոցում տարիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարվել՝ սկսած աշակերտական համազգեստների հարցի լուծումից, վերջացրած սոցիալապես անապահով աշակերտների եւ ուսուցիչների վիրահատության խնդիրներով։ Մենք ամիսներ առաջ անդրադարձել էինք սույն դպրոցին, որը հայտնվել էր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի թիրախում, քանի որ նախկին տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, որը ՀՀԿ տարածքային խորհրդի նախագահն էր, կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի «առվակ» դառնալուց հետո։ Մարզպետարանի կողմից իրականացված աուդիտի արդյունքում անցած տարի նախկին տնօրենն ազատվեց, դպրոցը նոր տնօրեն ունի։

Սակայն քաղաքային իշխանությունը փորձել է նախկին տնօրենին հեռացնել նաեւ բարեգործական հիմնադրամի նախագահի պաշտոնից։ Ի դեպ, մեկենասը Լորիս Ճգնավորյանի քույրն է՝ Արշալույսը, եւ նրա հոր՝ Հայկազ Ճգնավորյանի անունով է դպրոցն անվանակոչված: Ամիսներ առաջ Արշալույս Ճգնավորյանը հեռախոսազրույց է ունեցել Արամայիս Գրիգորյանի հետ, հորդորել հանգիստ թողնել Ռուզաննա Հայրապետյանին, բայց, տեսնելով, որ մարզպետն անդրդվելի է, փակել է հիմնադրամը։ Դպրոցի հաշվապահը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց, որ հիմնադրամն այլեւս չի գործում, թե ինչու՝ ուղղորդեց տնօրենի կողմը։ Իսկ տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց»։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս