Ինչպես հայտնի է` վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցներից Արսեն Բաղդասարյանը «Հունդայ» մակնիշի 084ԼԼ50 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վթարի պատճառով չկան նաեւ վիրավորներ: Իսկ թե ո՞ւմ մեղավորությամբ է եղել վթարը, նա չմանրամասնեց` պատճառաբանելով, թե դա պետավտոտեսուչները կճշտեն: Դիտարկմանը, թե նախնական տեղեկությամբ` վարչապետի անվտանգության աշխատակիցն է արագությունը գերազանցել, Արարատյանն ասաց, թե ծանոթ է այդ վարկածին, եւ եթե իրոք նման բան է եղել, համապատասխան կարգով տուգանքները կվճարվեն:
«Ենթադրաբար դա կարվի անվտանգության աշխատակցի կողմից, քանի որ նա միայնակ է եղել` առանց ուղեկցող կորտեժի»,- ասաց նա: Նկատենք, որ վարչապետի թիկնազորի անդամները մայրաքաղաքի փողոցներում պարբերաբար աչքի են ընկնում բարձր արագությամբ սլանալով, ընդ որում, խոսքը նաեւ այն դեպքերի մասին է, երբ չեն ուղեկցում վարչապետին: