«Գործառույթների պակասն ինքը կարող է լրացնել իր հեղինակությամբ». ինչու է «Ծառուկյան» խմբակցությունը կողմ Արմեն Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ եւ ՀՅԴ միասնական թեկնածու Արմեն Սարգսյանին: «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրենց որոշումն այսպես է մեկնաբանել. «Ինքը պետք է արտագաղթը դադարեցնի, ներգաղթ սկսի, վստահություն լինի, եւ մեծ ներդրումներ բերի, որը դա մարդու անձի շուրջ պետք է ձեւավորվի»:

Նկատենք, սակայն, նոր Սահմանադրության համաձայն` նոր նախագահն ունենալու է առավել քան սահմանափակ լիազորություններ, եւ դրանց մեջ վերը թվարկված խնդիրների լուծումները չեն մտնելու: Նշվածն ավելի շատ կառավարության եւ վարչապետի իրավասության հարցերն են: Թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է Արմեն Սարգսյանը դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի, պարզ չէ:

«Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, որն էլ նշեց. «Ասել, թե մեկ ամիս անց լիակատար ուժի մեջ մտնող Սահմանադրության դրույթները ընդհանրապես բացառում են հանրապետության նախագահի կողմից երկրի վիճակը բարելավելուն ուղղված միջոցառումներ իրականացնելու իրավաբանական հնարավորությունը, դա ճիշտ եւ կենսունակ մոտեցում չէ: Ես նաեւ հանդիպման ժամանակ եմ ասել, որ սահմանադրական լիազորությունների պակասն անձը կարող է լրացնել հեղինակությամբ: Մենք գիտենք, որ Արմեն Սարգսյանը բարձր հեղինակություն ունեցող անձ է, եւ մենք հույս ունենք, որ գործառույթների պակասն ինքը կարող է լրացնել իր հեղինակությամբ»:




Լրահոս