«Ալֆա ֆարմ» դեղատների ցանցը կտրուկ նվազեցրել է հարկերի վճարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալֆա ֆարմ» դեղատների ցանցն անցած տարում, 2016 թվականի համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում անցած տարում զբաղեցրել է 93-րդ տեղը` 2016 թվականի 37-րդ հորիզոնականի դիմաց: Այսպես` ընկերությունը անցած տարում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 620 մլն 520 հազար դրամ: Իսկ 2016 թվականին հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 220 մլն 422 հազար դրամ:

Ստացվում է, որ դեղերի վաճառքով զբաղվող «Ալֆա ֆարմե-ը մոտ 1.6 մլրդ դրամով նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Ասել է, թե ընկերության դեղերի իրացման ծավալները նվազել են, ինչն էլ իր հետեւանքն է թողել հարկային վճարումների վրա: Բայց մյուս կողմից դժվար է հավատալ, որ դեղերի վաճառքը նվազել է, որովհետեւ Հայաստանում դեղատներն աճում են սնկի նման, ուրեմն ունեն պահանջարկ: Բայց ՙԱլֆա ֆարմ՚-ից ՙԺողովուրդ՚ օրաթերթին փոխանցեցին, որ դա կապված է ՙԴեղերի մասին՚ ՀՀ օրենքից բխող դրույթների կատարման հետ:

Այն է՝ մանրածախ դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձը իրավունք չունի զբաղվելու մեծածախ իրացմամբ: Այդ հիմնավորմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն անցած տարում մեծամասամբ իրականացրել է դեղերի մանրածախ իրացում, իսկ «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ն՝ մեծածախ ներկրում եւ իրացում: Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Ալֆա ֆարմ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին:

Սակայն «Ալֆա ֆարմ»-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում`նշելով, որ հրապարակված անձը կամ փոխկապակցված անձինք ընկերության բաժնետերերի ցանկում ընդգրկված չեն եւ երբեք չեն եղել:




Լրահոս