Մարտի 2-ին ԱԺ-ն կընտրի ՀՀ նախագահին: Եթե օրեր առաջ այս թեմայի շուրջ դեռեւս ինտրիգ կար, թե քանի փուլից կլինի ընտրությունը, ապա այժմ տվյալ հարցն այլեւս հետաքրքրություն չի ներկայացնում: Պարզից էլ պարզ է, որ ՀՀԿ կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը ստանալու է խորհրդարանական ձայների մեծամասնությունը, հետեւաբար դառնալու է Հայաստանի չորրորդ նախագահը: Կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի` Արմեն Սարգսյանի նախագահությանը կողմ է քվեարկելու նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը: Եվ միայն չորրորդ՝ «Ելք» խմբակցությունն է հայտարարել Սարգսյանին դեմ քվեարկելու մտադրության մասին, սակայն այս հանգամանքը որեւէ կերպ չի ազդի նախագահի թեկնածուի ճակատագրի վրա:
Արմեն Սարգսյանն ինքն էլ կարծես թե լիովին մտել է նոր` նախագահի դերի մեջ: «Հայաստանի համար անկախ դատական համակարգը բացարձակ անհրաժեշտություն է»,- «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ասել է նախագահի թեկնածուն: Նա բառացիորեն շեշտել է, որ նախագահ դառնալու դեպքում կփորձի կատարելագործել դատական համակարգը` արձագանքելով խնդիրների դեպքում: Պարոն Սարգսյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ էլ կարծես թե մոռացել է, որ նախագահ դառնալու դեպքում ինքը դատական համակարգի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Դատական համակարգը լինելու է վարչապետի վերահսկողության ներքո, եւ ինքը չի կարողանա ազդեցություն ունենալ որեւէ որոշման վրա:Բավական է դրա համար միայն ընթերցել Սահմանադրության՝ նախագահի լիազորությունների մասին գլուխը:
Ուշագրավ է նաեւ Սարգսյանի արտահայտած մեկ այլ միտք. նա վստահեցրել է, որ սկզբունքային տարբերություններ ունենալու դեպքում կիրացնի սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որը նախագահն ունի` լինի չստորագրելով կամ խոսելով: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի նախագահն օգտվեր իրեն վերապահված այս եւ այլ իրավունքներից, սակայն Սերժ Սարգսյանի ձեւավորած միահեծան կառավարման պայմաններում դժվար թե Արմեն Սարգսյանը կարողանա իր կարծիքն արտահայտել որեւէ հարցի շուրջ, առավել եւս` որեւէ փաստաթուղթ չստորագրել: Առավել եւս, երբ Սահմանադրությամբ նախատեսված է, որ նրա կողմից չստորագրված փաստաթղթերն, ի վերջո, կարող են ուժի մեջ մտնել իրավունքի ուժով:
Ինչպես երեւում է` նախագահի թեկնածուն դեռ «տաք» է եւ չի հասկանում, որ ինքը լինելու է ճիշտ այնքան ղեկավար, որքան իր սիրելի Անգլիայում այնտեղի թագուհին: Այլ խոսքով` նախագահի պաշտոնը մեր երկրում մարտի 2-ից լինելու է ձեւական, փաստաթղթային մի բան, եւ պետության համար բոլոր կարեւոր հարցերը որոշվելու են վարչապետի կաբինետում:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ