ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՎԱՏ ՍՑԵՆԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի կունենան երկրի նախագահի ընտրություններ: Թեկնածուներն արդեն հայտնի են. նախագահի պաշտոնի համար հավակնում է ութ թեկնածու: Երկրի գլխավոր ղեկավարի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, «Ռուսաստանի ժողովրդական միություն» կուսակցության նախագահ Սերգեյ Բաբուրինը, Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված Պավել Գրուդինինը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցության ներկայացուցիչ Մաքսիմ Սուրայկինը եւ բիզնես-օմբունդսմեն Բորիս Տիտովը: Հետաքրքիր է, որ բոլոր թեկնածուներից միայն Վլադիմիր Պուտինն է ինքնաառաջադրված. մյուս բոլոր թեկնածուներն առաջադրված են կուսակցությունների կողմից:

Ի վերջո, ինչ տրամադրություններ են Ռուսաստանում, ինչպես են տրամադրված քաղաքացիները, եւ ինչ շանսեր ունեն թեկնածուներից յուրաքանչյուրը: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքական գործիչ Օլեգ Պահոլկովի հետ:
-Պարո՛ն Պահոլկով, մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել ՌԴ նախագահի ընտրություններին: Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ ՌԴ-ում եւ ի՞նչ քաղաքական փոփոխություններ կարող ենք սպասել:
-Սոցիալական ծանրաբեռնվածությունը, բողոքները մեր հասարակությունում մեծանում են: Ցանկացած երկրում մեծ ռիսկ է, նույնիսկ Վլադիմիր Պուտինի նման թեկնածու լինելով, գնալ նախագահական ընտրությունների: Այսօր ընտրազանգվածն ակտիվ է, հասարակությունում տրամադրություններ են փոխվում, եւ դա ակնհայտ է, չնայած նրան, որ Վլադիմիր Պուտինը ռեալ մրցակից չունի:
-Դուք նշեցիք, թե ՌԴ-ում տրամադրության փոփոխություն է առկա: Ո՞րն է պատճառը:
-Այս փոփոխությունների հարցում թեկնածուներն այնքան էլ դերակատարում չունեն: Պատճառը սոցիալական ցանցերում տիրող տեղեկատվական հոսքն է, տարբեր տեսանյութերի հրապարակումը: Եվ սոցիալական ցանցերում առկա տեղեկատվությունն այն առումով է հետաքրքիր, որ ոչ միշտ կարող ես այնտեղ ճշմարտություն գտնել: Այժմ ՌԴ-ում սոցիալական ցանցերը մեծ դեր են կատարում շատ առումներով:
-Իսկ ինչպիսի՞ն են ՌԴ նախագահի թեկնածուները: Վլադիմիր Պուտինն իրական մրցակից ունի՞:
-Ամենալուրջ մրցակից կարող ենք համարել կոմունիստ Գրուդինին: Այժմ նրան ուժեղ մրցակից կարող ենք համարել: Առաջադրված են նաեւ Քսենիա Սոբչակը, ով լիբերալ տեսակետներ է արտահայտում, եւ ավանդական Ժիրինովսկին: Եթե խոսում ենք հիմնական խաղացող կերպարների մասին, ապա կարող ենք առանձնացնել նաեւ Տիտովին, ով ներկայացնում է մեր երկրի գործարար թեւը: Սակայն այս թեկնածուին ինքնուրույն ֆիգուր չեն համարում: Ամենավառ թեկնածուներից, ինչպես ասացի, Գրուդինինն է, քանի որ կոմունիստների հանդեպ իսկապես առկա է հետաքրքրություն: Իհարկե, ակնհայտ է, որ ամեն դեպքում հենց Վլադիմիր Պուտինն է վերընտրվելու ՌԴ նախագահ, սակայն հարցն այն է, թե նա ընտրողների ձայների քանի տոկոսը կհավաքի: Այսինքն` դա կլինի՞ համընդհանուր հաղթանակ, թե՞ ոչ: Այսինքն` նա այդ 8 թեկնածուների մեջ արդյո՞ք կկարողանա բացարձակ հաղթանակ տանել առաջին փուլում, թե՞ ոչ, կամ ազգաբնակչությունը մեծ թվով կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ մասնակիցների թիվը ընդամենը 40 տոկոս կկազմի, եւ նրանց 60 տոկոսը, օրինակ, կքվեարկի Պուտինի օգտին: Սա, ի դեպ, ամենավատ սցենարն է, որ կարող է տեղի ունենալ, եւ սա կարող է խոսել հասարակության կողմից վստահության պակասի մասին: Եթե այդպիսի բան տեղի ունենա, կպարտվի ոչ թե միայն Վլադիմիր Պուտինը, այլեւ իր ամբողջ թիմը: Ամենամեծ հարցն էլ հենց այդ է՝ որքանով քաղաքացիները կմասնակցեն ընտրություններին, սակայն որքան գնում, հետաքրքրությունն այնքան մեծանում է: Շատերը մտածում են՝ ինչու բարձրանամ բազմոցից, միեւնույն է՝ ամեն ինչ էլ պարզ է:
-Հետաքրքիր է, որ Վլադիմիր Պուտինը կրկին ինքնաառաջադրվել է, այլ ոչ թե իշխող կուսակցությունն է առաջադրել: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նա կրկին այդպիսի որոշում կայացրեց:
-Նա միշտ էլ այդպես է վարվել եւ իրեն երբեք չի կապել կուսակցության կապերով: Նա միշտ կողքից է հետեւել կուսակցական զարգացումներին: Այս կերպ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ցույց տալ, թե նա ամբողջ ռուսների նախագահն է: Նա չի ցանկանում լինել քաղաքական կուսակցություններից որեւէ մեկում:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

«ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՑԵԼ…». ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Մեր երկրի ներառական դպրոցներում սովորող երեխաների մի մասը չունի հատուկ կրթության կարիք: Ինչու է այս իրավիճակը ստեղծվել. այս եւ ոլորտում առկա այլ խնդիրների, ինչպես նաեւ քաղաքական հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, դպրոցներ կան մայրաքաղաքում, որտեղ միշտ չէ, որ հատուկ կարիք ունեցող երեխաներ են սովորում: Բայց փաստաթղթերով հակառակ պատկերն է, այդ ամենն էլ տնօրեններին ձեռնտու է, քանի որ յուրաքանչյուր երեխայի համար լրացուցիչ գումար է տրամադրվում: Ի՞նչ է արվելու, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չլինեն, եւ այդ դպրոցներում սովորեն հատուկ կրթության կարիք ունեցողները:
-Ծրագրով այս տարի մենք երեւի «կմտնենք» Երեւան: Դա նշանակում է, որ պետք է արմատապես վերափոխվեն հատուկ կրթական հաստատությունները: Այն երեխաները, որ ունեն հատուկ կրթության կարիք, իրենց համար հաստատությունները պետք է լինեն փոքրաթիվ, որակյալ, եւ այստեղ մեռյալ հոգիներ չպետք է լինեն: Մենք հիմա համալիր ստուգման մեջ ենք, եւ տխուր փաստեր ունենք: Ասենք` կարող է գրվի 80 հոգի` գիշերակացով, բայց գիշերակացի մեջ լինի 20 հոգի:
-Ինչպես գիտենք` կրթության ոլորտի բյուջեն այս տարի չավելացավ: Այս պայմաններում ինչպե՞ս է ԿԳՆ-ն շարունակելու ծրագրեր իրականացնել, թե՞ պետք է նաեւ հույսը դնել անհատների, բարերարների ու կազմակերպությունների վրա:
-Մենք իսկապես ունենք բարերարներից ու կրթության մեջ ներառված կազմակերպություններից շատ մեծ աջակցություն: Դա օգնում է, բայց նաեւ պարտավոր ենք ծրագրեր ունենալ: Հիմա միջնաժամկետ ծրագրերից մեկն ուսուցիչների կամավոր ատեստացիայի գաղափարն է, որ նետում ենք ասպարեզ: Սա նշանակում է, որ, ի վերջո, պետք է կարողանանք լավ որակ ունեցող ուսուցչին առանձնացնել պարզապես դպրոց հաճախող ուսուցչից, որը տանը չմնալու համար աշխատում է: Հույս ունենք նաեւ, որ կամաց-կամաց մեր բյուջեն կավելանա:
-Դուք հանդիպել եք նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին եւ խոսել նաեւ կրթության ոլորտի մասին: Քեմբրիջյան փորձը որքանո՞վ է հնարավոր ներդնել Հայաստանում: Ու այս պարագայում, երբ վարչապետն ավելի մեծ լիազորություններ է ունենալու, Արմեն Սարգսյանը եթե դառնա նախագահ, հնարավոր կլինի՞ նրա հետ համագործակցել կրթության ոլորտում:
-Շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծել այնպիսի բազա, որը որեւէ անհատի հետ կապ չունենա, այլ համակարգը զարգանա: Դրա համար բարձրագույն կրթության ոլորտում այն, ինչ ներկայացնելու ենք առաջիկայում, դրանով իսկապես ներդնում ենք կրթական ամենաառաջավոր մոդելը: Այսինքն` նույն Քեմբրիջի համալսարանը այդ մոդելով է: Երբ մենք ասում ենք` հեռակա ուսուցումից հրաժարվենք, սա առաջավոր կրթական փորձն է, կամ ասենք` վերջապես պատմության գիրկն ուղարկենք լիկվիդ հասկացությունը, ուսանողի` դուրս մնալ- վերականգնվելու գործընթացը:
-Շուտով նոր կառավարություն կձեւավորվի: Դուք ինքներդ ցանկություն ունե՞ք շարունակելու աշխատել, եւ արդյո՞ք կառավարությունը գոհ է Ձեր աշխատանքից:
-Դե, գնահատականը տրվում է հաշվետվությունների, վարչապետի եւ հանրապետության ղեկավարության կողմից: Ես զգում եմ բավական դրական վերաբերմունք մեր համակարգի հանդեպ, հատկապես ուսուցչության, դպրոցների առումով: Իսկապես մարդիկ հավատում են, որ ինչ-որ բան կարելի է հաղթահարել եւ փոխել: Մյուս հարցն այլ թեմա է. քանի որ կոալիցիոն կառավարություն է, եւ, ի վերջո, կառավարությունը ձեւավորվում է բանակցությունների արդյունքում, կլինի ապրիլը` կորոշեն: Ես էլ, գիտեք, միշտ այնպես է ստացվել, որ մեկ-երկու տարուց ավել չեմ կարողացել աշխատել: Ինչպես որ կլինի… Շատ հանգիստ եմ վերաբերվում այդ խնդիրներին:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԱՌԱՆՑ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻ
Երեւանի քաղաքապետարանում ավագանու սկանդալային նիստի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 եւ 118 հոդվածների հատկանիշներով՝ խուլիգանության եւ ծեծի հոդվածներով: Ավագանու նիստին ՀՀԿ-ականների պահվածքն, իհարկե, համապատասխանում էր խուլիգանությանը, ականատես եղանք նաեւ ծեծի, երբ ՀՀԿ-ական տղամարդիկ խփում էին Մարինա Խաչատրյանին, քաշում մազերից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ տվյալ դեպքում գործ ունենք պաշտոնյաների հետ, նշենք՝ նրանց արարքը հիշեցնում էր ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցանք՝ ինքնիրավչություն, ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի հատկանիշներով: Սակայն այդ հանգամանքը շրջանցվել է: Մ. Խաչատրյանը եւս ապտակել էր ավագանու անդամներից մեկին, իսկ իր արարքը պատճառաբանել էր ՀՀԿ-ականների կողմից սեռական ոտնձգության փորձերով: Բայց այդ հանգամանքն էլ չի արժանացել իրավական գնահատականի:
Նկատենք նաեւ, որ ավագանու նիստում փորձել էին խոչընդոտել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը՝ թույլ չտալով տեսանկարահանում կատարել. սրա համար էլ ՀՀ քրեական օրենսգքրի 164 հոդվածն է պատասխանատվություն սահմանում: Այդ փաստն էլ է անտեսվել: Հիմա հարուցված գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Դեռեւս չկան կասկածյալներ ու մեղադրյալներ: Փոխարենը քաղաքապետարանը փորձում է սահմանափակել լրագրողների գործունեությունը. Տարոն Մարգարյանը հանձնարարել է կանոնակարգումներ մտցնել: Չի բացառվում` շուտով նաեւ ավագանու նիստերը փակ անցկացվեն:

 

 

ԱՆԼՈՒՐՋ ԱԺ
Երեկ խորհրդարանում՝ 14:00-ին, պետք է տեղի ունենար տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Ընդ որում, հանձնաժողովի նիստի մասին տեղեկությունը դեռ վաղ առավոտյան առկա էր խորհրդարանի կայքում: Սակայն արդեն խորհրդարան հասնելով` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը եւ, ընդհանրապես, մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներն իմացել են, որ նիստը հետաձգվել է: Թե ինչո՞ւ, ե՞րբ կկայանա այն, անհայտ է: ԱԺ լրատվության վարչությունը հերթական անգամ թերացել էր իր գործունեության մեջ, իսկ պատգամավորներն ուղղակի առիթից օգտվել, ծլկել էին լրագրողներից:

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՊԱՐՏՎԵՑ
Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը մերժվեց ՀՀ երեք դատական ատյանների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ 2017 թվականի մայիսի 12-ին կաշառքի գործով նա կալանավորվել էր: Նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու համար փաստաբանը դիմել էր առաջին ատյանի, վերաքննիչ, հետո վճռաբեկ դատարան, բայց միջնորդությունները մերժվել էին: Եւ դատավորը գրավի դիմաց ազատություն չստացավ:




Լրահոս