ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՄՈՌԱՆԱԼ ՇԱՐԺՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ 88-ի Ղարաբաղյան շարժումը հայոց պատմության նորագույն շրջանի հերոսական էջերից մեկն էր. շարժում, որը հիմք դրեց ազգային իղձերի եւ երազանքների իրականացմանը՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմանը:

Շարժումը, իհարկե, սկսվեց միանգամայն այլ պահանջով. ԼՂԻՄ ինքնավար մարզը դուրս բերել Ադրբեջանի կազմից, վերամիավորել Հայաստանին: Միաժամանակ ցույցերի եւ հանրահավաքների առիթ դարձան բնապահպանական խնդիրները: Այն ժամանակ դեռ խոսք չկար անկախության մասին: Բայց կարճ ժամանակ անց արդեն քաղաքական օրակարգում հայտնվեց Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ հանրապետություն հռչակելու պահանջը: Եւ «Ղարաբաղ» կոմիտեն՝ իր 11 անդամներով, կարողացավ գրագետ ուղղորդել պայքարը` ի վերջո, հանգեցնելով անկախության գործընթացի: «Ղարաբաղ» կոմիտեի անդամները՝ գիտնականներ եւ մտավորականներ, պատիվ ունեցան իրենց պայքարի համար հայտնվել բանտերում՝ Մոսկվայի «Բուտիրկա» եւ «Մատրոսկայա տիշինա» բանտերում` այնտեղից դուրս չգալու հեռանկարով: Բայց նրանց սկսած շարժումը չմարեց, այլ, ընդհակառակը, խորհրդային կայսրության բռնաճնշումները հանգեցրին այդ շարժման ընդլայնմանը, մանավանդ 88-ի սեպտեմբերին, հասկանալով ձերբակալվելու հավանականությունը, կոմիտեի անդամները զուգահեռ մեկ այլ գաղտնի, ընդհատակյա կոմիտե էին ստեղծել: Արդեն մայիսին համազգային շարժման ճնշման ներքո «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ազատ արձակվեցին: Շարժումն այլեւս անկասելի էր: Իսկ «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ» կարգախոսը թեւածում էր օդում, ամենքի շուրթերին:
Տասնյակ հազարավոր փախստականներ, հետո ավերիչ երկրաշարժ, անօթեւաններ, աղետի գոտու խնդիր, հետո արդեն` էներգետիկ ճգնաժամ, եւ այս ամենին զուգահեռ՝ պարտադրված պատերազմ: Պատերազմ, որից դուրս եկանք հաղթանակած` ազատագրելով պատմական հայրենիքը:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց շարժման ակտիվ մասնակիցներից մի քանիսի հետ` փորձելով ներկայացնել, թե ինչ ունենք շարժման մեկնարկից երեք տասնամյակ անց: Հետադարձ հայացք ձգելով անցած 30 տարիներին` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն այժմ անկախության կորստի վտանգ չի տեսնում: Սակայն մյուս կողմից վստահ է` կան բացասական միտումներ: Հարցին` ի՞նչ միտումների մասին է խոսքը, Հակոբյանն ասաց. «Դե, հարցն այն է, որ մեր իշխանություններն ամենալավ ձեւով չէ, որ աշխատում են: Այսինքն` ունեն թերություններ ներքին, արտաքին խնդիրներում, տնտեսական հարցերի լուծման մեջ: Բայց անկախության վտանգին դա չի վերաբերում»:
Իսկ ո՞րն է իշխանության ամենամեծ սխալը` կատարած անկախության տարիներին. «1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո փոխվեցին մոտեցումները, եւ դա համարյա բոլոր բնագավառներում. քաղաքական կյանքը, իշխանության ձեւավորման համակարգը, տնտեսական կյանքը. անմրցակցային տարբերակ, իշխանությունների համար հեշտ յոլա գնալու տարբերակ: Դա ամենամեծ թերությունն է, որը չի նպաստում զարգացմանը»:
Հակոբյանը վստահ է, որ հոկտեմբերի 27-ից հետո փոխվեցին քաղաքական կուրսը, մոտեցումը: «Գնում էր ազատ հասարակարգի ստեղծման գործընթաց` իր բոլոր թերություններով հանդերձ: Բայց 99-ից հետո գնաց գերկենտրոնացման համակարգի ստեղծման ընթացքը: Զարգացումն ահավոր դանդաղեց, իսկ ոչ մրցակցային պայմաններում զարգացում լինել չի կարող»:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից եւս մեկը` Աշոտ Մանուչարյանը, իր տեսակետն ունի, թե ինչու է իշխանությունն այսչափ անտարբեր մեր անկախ պատմության ամենալուսավոր էջերից մեկի նկատմամբ: «Այս տարիների ընթացքում ժողովրդին ստիպում էին մոռանալ այդ շարժումը, բոլոր ստորությունները վերագրում էին դրան»: Իսկ թե ինչու են իշխանության մեջ եղած մարդկանցից ոմանք փորձում մոռանալ այդ շրջանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամն այսպես է բացատրում. «Շարժման մեջ դավաճաններ կային. նրանք այն ժամանակ այդ ոգին կրողն էին, բայց հետո կեղծ դարձան: Այդ մարդիկ չեն ուզում հիշել իրենց անցյալը: Այսինքն` եթե հիշեն, մտածելու են` ո՞նց, մենք ա՞յդ էինք, հիմա ա՞յս ենք դարձել: Եվ որքան ցեխ են շպրտում շարժման վրա…»:
Հարցին` հնարավո՞ր է դարձի բերել այդ մարդկանց, Մանուչարյանն ասաց. «Հնարավոր է: Դու այսօր արքա ես, առաջինն ես, հետո դառնում ես վերջինը: Այդ ժամանակ հնարավոր է դարձի բերել: Իսկ հիմա պարզապես արքայի գահին շպրտված արքայիկ են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ում պատիվ է վիճակվել ընթերցելու անկախության հռչակագիրը, բնական է համարում, որ իշխանությունը պատշաճ չի նշում ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանը: «Իրենց համար արժեք չի ազատությունը, անկախությունը: Իրենք ըմբոստ մարդ չեն: Իսկ երկրի տերն ըմբոստ քաղաքացին է: Գետերը, ջրերը, շենքերը չեն երկիրը, այլ մարդիկ, արժանապատիվ քաղաքացին»: Մանուկյանը շեշտեց, որ ղարաբաղյան շարժումն այն ժամանակ իսկական իրարանցում էր առաջացրել` դրական իմաստով. ցնցել էր աշխարհը, սովետական իմպերիայի փլուզումն էլ այդտեղից սկսվեց:
Ի դեպ, այսօր` ժամը 18.00-ին, արցախյան շարժման 30-ամյակի առթիվ Ազատության հրապարակում կանցկացվի «Հայ ազգային կոնգրեսի» կազմակերպած հավաքը, որի ընթացքում կներկայացվեն շարժմանն առնչվող լուսանկարներ, արխիվային նյութեր: Գործիչը նշեց, որ հրավիրված են բոլորը: «Ովքեր խռովել են, ովքեր նեղացել են, մենք բոլորին հրավիրում ենք: Թող գան իրենց երեխաների, թոռների հետ»: Հարցին` իշխանությա՞նն էլ են հրավիրում, Մանուկյանն արձագանքեց. «Մենք ոչ ոքի հատուկ չենք հրավիրում: Ով ուզում է` թող գա: 30-ամյա պատմության փաստերը կտեսնեն»:
Հ.Գ. Մեկ առ մեկ հիշենք «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամների անունները` Լեւոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Համբարձում Գալստյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Սամվել Գեւորգյան, Դավիթ Վարդանյան, Ալեքսան Հակոբյան:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԸ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն հասցրել է ահռելի ունեցվածք կուտակել, այլեւ ավելացնել իր տեղակալների, օգնականների եւ խորհրդականների թիվը: Իր ունեցած խորհրդականների ու օգնականների թվով անգամ չի զիջում վարչապետին ու նախագահին: Այսպես` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Տարոն Մարգարյանն ունի 4 տեղակալ, 9 խորհրդական, 4 օգնական: Տեղեկացնենք, որ միայն քաղաքապետի գլխավոր խորհրդականը ստանում է շուրջ 370 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուսները` յուրաքանչյուրը` մոտ 360 հազարական դրամ: Նրա 4 օգնականներից յուրաքանչյուրի աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի աշխատավարձը 478 հազար դրամ է, մյուս 3 տեղակալները ստանում են 443 հազար դրամ աշխատավարձ: Իսկ անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամսական աշխատավարձը գերազանցում է կես մլն դրամը: Ու, փաստորեն, այս անձինք տեղական բյուջեից ամսական պատկառելի գումար են ստանում, բայց Երեւան քաղաքը շարունակում է մնալ փնթի եւ անխնամ վիճակում:

 

 

ՋՐԻՑ ՉՈՐ
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի գործողություններում ոստիկանները հանցակազմ չեն գտել: Երեկ ոստիկանության աշխատակիցները զանգահարել են Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին եւ հայտնել, թե ուսումնասիրությամբ իրենք հանցակազմ չեն գտել: Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ինքը հրաժարվել է անձամբ գնալ ոստիկանություն եւ հաղորդում ներկայացնել՝ համարելով, որ այս ամբողջ օրերին եղած հրապարակումներն ու հարցազրույցներն ինքնին հաղորդում են հանցագործության մասին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նախկին պատգամավոր Շմայսը զանգահարել էր Ալեն Սիմոնյանին եւ վերջինիս խոսքով սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

 

 

ՈՐՍ ԲԱՆԿԵՐԻ ԴԵՄ
Երեկ զինված հարձակում էր տեղի ունեցել Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի նախնական տեղեկություններով` հարձակվողները եղել են երկու հոգի, ովքեր եղել են դիմակավորված եւ ատրճանակով զինված: Նախնական տեղեկությունների համաձայն` բանկից հափշտակել են մոտ 8 միլիոն դրամ եւ փախուստի դիմել: Երեկվա դրությամբ ավազակային հարձակման հեղինակները չէին հայտնաբերվել: Նկատենք, որ բանկերի վրա հարձակումները դարձել են «մոդայիկ»: Նույն բանկի բանկոմատը եւս նախկինում թալանելու փորձ է արվել:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին հարձակում էին գործել «Կոնվերս բանկ»-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի վրա եւ հափշտակել 200 հազար դոլար, սակայն մինչ օրս գողոնը չեն հայտնաբերել: Հիմնական դերակատար Յուրի Ցիգանկովն էլ թեեւ ձերբակալվել է, սակայն դեռեւս չի տեղափոխվել Հայաստան: Ուստի մինչ իրավապահները ընկած են 200 հազար դոլարի հետեւից, բանկի վրա հարձակում կազմակերպողները որսի են դուրս եկել:

 

 

ԴԵՂԱՏՈՄՍՈՎ
ՀՀ առողջապահության նախարարության դեղերի եւ բժշկական արտադրանքի փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանի փոխանցմամբ` դեղի դեղատոմսային եւ ոչ դեղատոմսային լինելու հարցը որոշվում է գրանցման գործընթացի ժամանակ: Ըստ նրա` դեղարտադրողը կարող է դեղը մի ցուցակից մյուսը տեղափոխել, եթե դրա օգտագործման ընթացքում կողմնակի ազդեցություններ հայտնվեն: «Դեղամիջոցը դեղատոմսով դուրս գրելու պահանջ կարող է առաջանալ նաեւ դոզայի հետ կապված: Մինչեւ 5 տոկոսանոց արտաքին օգտագործման քսուքները կարող են ոչ դեղատոմսային լինել, իսկ 5 տոկոսից բարձրերը բաց թողնվեն դեղատոմսով»,-նշել է նա:

 

 

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը նախորդ տարվա ընթացքում գլխավորապես կենտրոնացած էր 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու արդյունքում առաջացած բացասական հետեւանքների չեզոքացման վրա: Նախարարի համոզմամբ` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը` դրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Նախարարի խոսքով` Հայաստանի ԱԳՆ-ի եւ Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպական միությունում եւ ՄԱԿ-ում ՀՀ առաքելությունների հետ սերտ համագործակցությամբ հետեւողական աշխատանքներ են տարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու եւ վերջինիս շահերին հակասող գործընթացները կանխելու ուղղությամբ:




Լրահոս