ԻՆՉՊԵՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿԸՆՏՐԻ ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին խորհրդարանում սպասվում են ՀՀ չորրորդ նախագահի ընտրություններ: Առաջին անգամ երկրի նախագահին ոչ թե քաղաքացիներն են ընտրելու, այլ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ: Արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է այն տեսակետը, թե չորրորդ նախագահի ընտրությունն Ազգային ժողովին վերապահելը հակասում է գործող Սահմանադրությանը, եւ նախագահի ընտրությունը պետք է կատարվի հին ընտրակարգով՝ քվեարկելու իրավունքը տալով քաղաքացիներին:

Բանն այն է, որ 2015 թվականի Սահմանադրության 125 հոդվածը, որտեղ սահմանված է նախագահի ընտրության կարգը, ավելի ուշ է ուժի մեջ մտնելու՝ նոր նախագահի լիազորությունների ստանձնման օրը: Սակայն իշխանական թեւի սահմանադրագետներն այս օրերին պնդում են՝ ուժի մեջ է մտել 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ հոդվածը, որի համաձայն` ուղղակի ընտրությամբ անցկացվում են ԱԺ-ի եւ համայնքների ավագանիների ընտրությունն ու հանրաքվեն (այսինքն՝ նախագահի ընտրությունները ներառված չեն այդ ցանկում): Այնպես որ ապահովված է նախագահի ընտրությունները խորհրդարանում անցկացնելու հարցի սահմանադրականությունը: Ամեն դեպքում, այս հարցի շուրջ տեսակետները տարբեր են, երկփեղկված վիճակ է: Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ այստեղ Սահմանադրական դատարանի որոշման կարիքը կա:
Առաջ անցնելով այս թեմայից եւ վեճը թողնելով սահմանադրագետներին` ներկայացնենք, թե ինչ է սպասվում մարտի 2-ին, ինչպես են կատարվելու նախագահի ընտրությունները, եւ ինչ է սպասվում դրանից հետո: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջարկել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ով օրեր առաջ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, արդեն իսկ տվել է իր համաձայնությունը: Չնայած նախագահի թեկնածուների առաջադրումը տեւելու է մինչեւ փետրվարի 28-ը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ այդ պաշտոնում առաջադրվելու է միայն ու միայն Արմեն Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ «Ելք» դաշինքի նախագահի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, սակայն նրա առաջադրման համար բավարար չէին միայն «Ելք» խմբակցության մանդատները, իսկ «Ծառուկյան» դաշինքի անդամներն էլ նրանց չմիացան: Եվ ստեղծված պարագայում իշխանության միակ թեկնածուն «պայքարելու է» ինքն իր դեմ:
ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված է, թե ինչ է սպասվում խորհրդարանում նախագահի ընտրության օրը: Նախ Արմեն Սարգսյանին ներկայացնելու համար տրվելու է մինչեւ 15 րոպե ժամանակ, նրա ելույթի համար՝ մեկ ժամ, եզրափակիչ ելույթի համար էլ` 30 րոպե ժամանակ: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով գաղտնի քվեարկությամբ ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե այս պայմանը չի կատարվում, եւ նախագահ չի ընտրվում, ապա պետք է անցկացվի ընտրության երկրորդ փուլ: Այս պարագայում սա այնքան էլ իրատեսական չէ, քանի որ արդեն իսկ ակնհայտ է` «Ծառուկյան» խմբակցությունը դրական վերաբերմունք ունի Արմեն Սարգսյանի հանդեպ: Հետեւաբար այս խմբակցությունը կամ առնվազն մի մասը կողմ կքվեարկի: Այնպես որ, ընտրությունները կավարտվեն հենց առաջին փուլով եւ Արմեն Սարգսյանի ընտրմամբ:
ԱԺ կանոնակարգը սահմանում է նաեւ ընտրության երկրորդ փուլ. սա առավել եւս այս ընտրությանը չի սպառնում:
Ինչպես արդեն նշեցինք` նախագահի թեկածուն խորհրդարանում կարող է հանդես գալ մինչեւ մեկ ժամ ելույթով, դրանից հետո տեղի է ունենալու մտքերի փոխանակություն, որը հստակ սահմանված կարգով է իրականացվելու: Նախ կարող է լինել հերթագրված պատգամավորների եւ հրավիրված անձանց՝ մինչեւ տասական րոպե տեւողությամբ ելույթներ, տասական րոպե կարող են ելույթ ունենալ խմբակցությունների ներկայացուցիչները, մինչեւ տասական րոպե տեւողությամբ արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը, իսկ մինչեւ քվեարկությունը՝ միայն վարչապետը կամ նրա հանձնարարությամբ փոխվարչապետներից մեկը: Քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո Ազգային ժողովի նիստը նախագահողը ձայնը տալիս է հաշվիչ հանձնաժողովի նախագահին, ով Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է նախագահի թեկնածուի ընտրության կամ չընտրվելու մասին:
Չնայած նախագահի ընտրությունը տեղի է ունենալու մարտի 2-ին, սակայն հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու է ԱԺ հատուկ նիստում, որը պետք է գումարվի հանրապետության գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը՝ ապրիլի 9-ին: Հենց այդ օրն էլ վարչապետն ու իր կառավարությունը հրաժարական կներկայացնեն: Ըստ Սահմանադրության՝ արդեն ոչ թե պատգամավորների համամասնություն պետք է գործի, այլ խորհրդարանական խմբակցությունները կներկայացնեն վարչապետի թեկնածուների: Վարչապետի ընտրությունը տեղի կունենա ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե նախագահի ընտրությունը փակ, գաղտնի քվեարկությամբ է ընթանում, ապա վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, եւ ցուցանակի վրա ֆիքսվելու է՝ ով ինչպես է քվեարկել: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն էլ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

«Lutik» ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՎԱՐՈՒՆԳԻ ՄԵՋ ՈՐԴ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

«Մինի Բասկոնիա» ընկերության կողմից ՀՀ ներկրվող «Lutik» ապրանքանիշը դարձյալ հայտնվել է «տհաճ իրավիճակում»: Բանն այն է, որ երեկ ՀՀ քաղաքացի Էլեն Գրիգորյանը մի լուսանկար էր հրապարակել, որտեղ երեւում էր, որ «Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ լիքը որդեր կան: Ըստ քաղաքացու` թթու վարունգը ժամկետի մեջ է եղել, որն էլ նա գնել է «Կայզեր» սուպերմարկետից:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության վաճառքի տնօրեն Նարեկ Հայրապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ իրենք օնլայն տարբերակով կապ են հաստատել քաղաքացու հետ: «Խնդրել ենք այդ նմուշից մեզ էլ փոխանցեն, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է այն: Այն մտադիր ենք ուղարկել լաբորատորիա` հետազոտության: Բայց նշեմ, որ մեր ընկերությունը արտադրող չէ, այլ ներմուծող է»»,- նկատեց վաճառքի գծով տնօրենը:
Ապա հայտարարեց` սա առաջին դեպքն է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ դեռեւս 2014 թվականին եւս ահազանգ է հնչել. «Լյուտիկ»-ի կանաչ ոլոռի մեջ էր որդ հայտնաբերվել:
«Բացառված է, որ վարունգը հին լինի, տվյալ ապրանքը պիտանելիության ժամկետի մեջ է: Մեզ ընդամենը անհրաժեշտ են այդ նմուշները, որովհետեւ պետք է կարողանանք արտադրողի հետ կապ հաստատել եւ հասկանալ, թե ինչի արդյունքում է նման բան եղել: Ֆիզիկապես անհնար է ներմուծման ժամանակ ամբողջ տարաները բացել եւ տեսնել, թե ներսում ինչ կա»,- նշեց նա, միաժամանակ հայտնեց, որ, այնուամենայնիվ, ներմուծված բոլոր ապրանքատեսակների նմուշները ենթարկվում են լաբորատոր հետազոտության: «Մենք միայն իրենց տված եզրակացությունից հետո կարող ենք իրացնել ներքին շուկայում: Բայց վարունգի դեպքում, մասնագետների հետ էլ ենք զրուցել, մի քիչ անհավանական է: Ես ամեն դեպքում չեմ ուզում ոչ մեկի անունը ինչ-որ բաներում թաթախել: Մինչեւ մենք մեր ձեռքի տակ չունենանք լաբորատոր հետազոտության պատասխանը, չենք կարող որեւէ բան ասել»,- պարզաբանեց Նարեկ Հայրապետյանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ «Մինի Բասկոնիա» կազմակերպության հիմնադիրը Եղիազար Գաբուզյանն է, ով դեռեւս 2014 թվականին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ «նորմալ է ոլոռի մեջ մեկ հատիկ որդ գտնել, չէ՞ որ այն աճում է կանաչ դաշտերում»: Ապա արդարացել էր` նշելով. «Տարիներ առաջ էլ պահածո արտադրող մեկ այլ ընկերության արտադրանքում գորտ էր հայտնաբերվել, հետո ի՞նչ»: Դե ինչ, մեզ մնում է «Lutik» պահածոներում գորտի հանդիպել: Մինչ այդ, թերեւս, հետաքրքիր է՝ ո՞ւր է նայում սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը: Մանավանդ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակին «շանտղություն» էր որակել անորակ սննդամթերք վաճառելը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ՄԻՖԸ ԵՎ ԲԵՐԴԱՎԱՆՑՈՒ ԱՅՐՎԱԾ «ՈՒԱԶ»-Ը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 11-ին հայտարարություն, տեսանյութ եւ լուսանկարներ էր տարածել սահմանագոտում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի այրվելու մասին: Նրանք մեկնաբանել են, թե իբր փետրվարի 11-ի առավոտյան, օգտվելով մառախուղից, հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը, մտադրություն ունենալով ճեղքելու Ղազախի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերը, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է մոտենալ ադրբեջանական հենակետերին, սակայն դիտարկման հատուկ տեխնիկական միջոցներով ադրբեջանական զինուժը դա հայտնաբերել, կանխել է, հայ հետախույզ-դիվերսանտներն իրենց «ՈՒԱԶ»-ը թողել են, նահանջել, վերջիններիս արձակած կրակոցներից «ՈւԱԶ»-ը այրվել, ոչնչացել է:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հերքելով Ադրբեջանի ՊՆ-ին, փետրվարի 12-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հետեւյալ գրառումը. «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով «ՈւԱԶ»-ով կգնային դիվերսիայի: Իսկ մեքենան ինչո՞ւ է հետեւով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտներն ո՞ւր են»:
Ի՞նչ է եղել իրականում: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչը, մոտ 30 տարեկան, փետրվարի 11-ին իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով միայնակ գնացել է Գոգվելի կոչվող տարածք` իր տան համար վառելափայտ բերելու: Բերդավանի բնակիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երիտասարդն «ՈւԱԶ» ավտոմեքենան վերջերս է գնել Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներից մեկից` վճարելով մեկուկես միլիոն դրամ: Բերդավանցին իր պատրաստած վառելափայտով ավտոմեքենայով գյուղ վերադառնալիս, երեւի մառախուղի պատճառով, շփոթել է ճանապարհները եւ հայտնվել ադրբեջանական դիրքերի առաջ: Որոշ տեղեկություններով` նրա ավտոմեքենայի գազի բալոնի մեջ վառելիքը սպառել է, եւ երջանիկ պատահականությամբ ավտոմեքենան չի հասել ադրբեջանական դիրքերին: Ադրբեջանական հենակետերից ավտոմեքենայի վրա ուժեղ կրակ են բացել: Բերդավանցի երիտասարդը թողնելով ավտոմեքենան` փախել է, վերադարձել իր գյուղ: Ավտոմեքենան կրակոցներից ոչնչացել է: Այս միջադեպը բազմաթիվ հարց է առաջացնում: Սահմանամերձ գյուղի բնակիչն ավտոմեքենայով անցնել է հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանող հայկական դիրքերի միջեւ ընկած տարածքով, եւ սահմանապահներն այն չեն նկատել: Եթե սահմանի այդ հատվածում մարտական հենակետեր չկան, ապա տարածքը պետք է ականապատ լիներ: Եթե բերդավանցին կարողացել է աննկատ հատել սահմանը, ապա ադրբեջանական դիվերսիոն խումբն էլ կարող է հայկական տարածք մտնել: Ցանկացած դեպքում, տեղի ունեցած միջադեպը լուրջ մտահոգությունների եւ հետեւությունների հիմք է տալիս:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս