Երեւանի պետական համալսարանում բողոքի նոր ալիք է հասունացել: Բանն այն է, որ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է՝ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում արտասահմանյան գրականություն առարկան պիտանի չէ: Այդ հեռանկարին դեմ են ԵՊՀ ուսանողները, որոնք արդեն մի քանի օր է` «Մի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը» պահանջով թռուցիկներ են բաժանում:
Եթե արտասահմանյան գրականություն առարկան ուսանողներն անցնում էին 6 կիսամյակ, ապա բուհի գիտխորհրդի որոշմամբ` տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում առարկայի ուսուցման մասնաբաժինը կդառնա ընդամենը մոտ 3 կիսամյակ: Ստացվում է, որ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ` արտասահմանյան գրականություն առարկան կամաց-կամաց դուրս է մղվում հիմնական ցանկից: ԵՊՀ գիտխորհրդի այս որոշմանը բնականաբար դեմ են արտահայտվում ոչ միայն ամբիոնի վարիչն ու դասախոսները, այլեւ մի շարք ուսանողներ: Նրանց պատմելով` ռոմանագերմանական ֆակուլտետի լեզվական ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունը ուղղորդելը եւ ռեկտորին ներկայացրել են ֆակուլտետի փոփոխության նոր նախագիծ: Արդյունքում առաջիկայում հնարավոր է` ֆակուլտետը կոչվի օտար լեզուներ եւ հաղորդակցություն: Ի դեպ, տեղեկացնենք, որ ԵՊՀ գիտխորհրդին դեմ ուսանողները մի քանի օր շարունակ ընդվզեցին: Ըստ ուսանողների եւ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսների` գիտխորհուրդը որոշել է կրթական ռեֆորմներ անելու համար փոխել ֆակուլտետի անունը, բայց արդյունքում ամբողջ ծավալով հարվածի տակ է ընկել միայն մեկ առարկա` արտասահմանյան գրականությունը: Նշենք, որ լեզվական, ռոմանագերմանական ամբիոնների դասախոսների մի ստվար զանգված նախընտրել է պաշտպանել հենց արտասահմանյան գրականության ամբիոնում ե՛ւ դոկտորականները, ե՛ւ թեկնածուականները:
Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, լսելով ուսանողների ընդվզման մասին, զայրացավ. «Դա ընդվզում չէ, այլ ամբիոնի դասախոսների կողմից արհեստականորեն սարքած բան է` ամբիոնի վարիչի գլխավորությամբ… ամբիոնի մի շարք դասախոսների կողմից պետք է դա անել, անում են: Այդ հարցը ընդհանրապես չի քննարկվում, այն լուծվելու է ապրիլի վերջին: Չեմ կարող հիմա ասել, թե ինչպես: Ինչպես գիտխորհուրդը կորոշի, այդպես էլ կլինի: Այդ հարցը չի որոշվել, թե քանի կիսամյակ կլինի, էս պահին չեմ կարող հստակ ասել: Բայց, համենայնդեպս, կարծում եմ, որ 5 կիսամյակից պակաս չի լինի: Այնպես որ, այդ լուրերը ստահոդ են, եւ մարդիկ ինչ-ինչ նպատակներով արծարծում են: Վե՛րջ»:
«Ժողովուրդ» օրաթերթը ԵՊՀ ռեկտորից հետաքրքրվեց, թե ովքեր են այդ մարդիկ, եւ խնդրեց անուններ հնչեցնել: Հարցին ի պատասխան` ռեկտորն արձագանքեց. «Ուրիշ էլ բան չունեմ ասելու: Այո՛, ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը եւ այն պրոֆեսորը, որոնք այդ ինտերվյուները տվել են` պարոն Էդոյանը (խոսքը պրոֆեսոր, բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի մասին է-Ս.Հ.): Մարդ է, տարածել է այդ հայտարարությունը, մենք էլ կտեսնենք, թե ինչի համար է տարածել, ինչ խնդիր է դրանով լուծում: Մենք որոշակի եզրակացություններ ենք քաղում»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, ճանաչված թարգմանիչ Արա Առաքելյանի հետ: Վերջինս, սակայն, խուսափեց խոսել այս թեմայի շուրջ, միայն նշեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել, ճիշտ է` խնդիրն անմիջապես ինձ է վերաբերում, բայց ոչինչ ասել չեմ կարող: Ինչ որ կա, այդպես էլ մնում է: Ոչ մի փոփոխություն առայժմ չկա: Ո՛չ մի»:
Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ֆակուլտետի փոփոխության նոր նախագծի առաջարկը եւ արտասահմանյան գրականության կիսամյակների կրճատումը հիմնականում ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի միտքն է: Ըստ ուսանողների եւ դասախոսների` հենց Զավեն Հարությունյանի առաջարկի ընդունվելու արդյունքում արտասահմանյան գրականության ամբիոնը փակման վտանգի առաջ կկանգնի: Բայց Զավեն Հարությունյանն էլ իր բացատրությունը ունի. «Մենք երեք մասնագիտությունից բացի` որոշեցինք ավելացնել եւս մեկը` լեզու, գրականությանը զուգահեռ ավելացնել նաեւ եվրոպական լեզուներ եւ հաղորդակցություն: Տրամաբանորեն առարկայացանկի փոփոխություն պետք է տեղի ունենար, չէր կարող 6 կիսամյակ մնար արտասահմանյան գրականություն»: Նրա խոսքերով` միայն արտասահմանյան գրականություն առարկան չէ, որ 6-ից դարձել է 3, այլ լեզվական ամբիոնների տեսական մասը նույնպես 6-ից 3 է դարձել:
«Ուսանողներին ուղղորդել են` պաշտպանե՛ք արվեստը, գրականությունը, իմ գործընկերները, ցավոք, հիստերիա են առաջացրել: Բայց չնայած սրան` նրանք մասնակցել են քննարկումներին: Նոր մասնագիտության հիմնավորման փաստաթղթի տակ ստորագրել են բոլոր ամբիոնների վարիչները: Այդ թվում եւ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը: Սա միայն Զավեն Հարությունյանի խնդիրը չէ: Զավեն Հարությունյանը ընդամենը եղել է մեկը, ով ասել է` ժողովո՛ւրդ, ես սա եմ առաջարկում: Իսկ առաջարկությունը ամիսներ շարունակ քննարկվել է, որոնց մասնակցել են ե՛ւ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը, ե՛ւ մյուս դասախոսները»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց Հարությունյանը:
Մյուս կողմից նկատենք, որ արտասահմանյան գրականություն առարկայի կիսամյակների կրճատման հետեւանքով կնվազեն ժամաքանակները, ըստ այդմ՝ աշխատավարձի չափը: Անգամ հնարավոր է, որ դասախոսներ աշխատանքից դուրս մնան: «Մեզ ամբիոնն ասում է, որ մեր ժամերը կրճատում եք, բայց մենք այլ բան չենք կարող անել: Ես չեմ ուզում խոսել, թե ինչպես է դա անդրադառնալու ամբիոնի վրա: Դրույքաչափեր կան… սա ընդհանուր խնդիր է: Բայց Դուք հասկանո՞ւմ եք, որ սա ո՛չ մյուս տարի է իրականություն դառնալու, ո՛չ էլ դրան հաջորդող տարում: Այսինքն` երեք տարի կարող է տեւել, մինչեւ այս ծրագիրը հաստատվի: Մենք դեռ քննարկման փուլում ենք: Այնպիսի հիստերիա են բարձրացնում… որո՞նք են նրանց գործունեության մոտիվները… ներգրավել են, ուղղորդել են ուսանողներին: Չակերտավոր կռիվը գնում է այս ժամերի շուրջ` թե ինչո՞ւ եք կրճատում ժամերը: Մենք էլ բացատրում ենք, թե ինչու են կրճատվում ժամերը»,- վրդովվեց ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆ Է ՓԱԽԵԼ
Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ գտնվող տարածքում մահացու ելքով վրաերթ կատարած, ծանր վիրավորին անօգնական թողած Արտուշ Մաթեւոսյանն իրավապահների կողմից դեռեւս չի հայտնաբերվել: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից: Փետրվարի 15-ին` գիշերվա ժամը 1-ի սահմաններում, Բագրատաշենի 33-ամյա բնակիչ Ա. Մաթեւոսյանն իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավոտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 41-ամյա բնակիչ Ռաֆիկ Ավանեսյանին: Վերջինս վարորդ էր, նա Բագրատաշեն էր եկել ավտոմեքենա տեղափոխելու: Դեպքի վայր ժամանած բժիշկները փորձել են վիրավորին տեղափոխել Նոյեմբերյանի հիվանդանոց, սակայն նա արդեն մահացած է եղել: Արտուշ Մաթեւոսյանը վթարից հետո վիրավորին անօգնական թողնելով, լքելով իր ավտոմեքենան` 20 րոպե անց Բագրատաշենի սահմանային անցակետով մտել է Վրաստանի տարածք: Նրա «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները բացատրական աշխատանքներ են կատարում Ա. Մաթեւոսյանի հարազատների հետ, որպեսզի վերջիններս համոզեն նրան ներկայանալու ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵԶՐԻՆ ԵՆ ՄԻԶՈՒՄ
Մի քանի տարի առաջ Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ կառուցված զուգարանի դռները փակ են: Նույն կերպ ամուր կողպված են նաեւ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին գտնվող զուգարանի դռները: Հաճախ կարելի է տեսնել Տավուշի մարզով ձգվող միջպետական ավտոճանապարհի եզրերին իրենց բնական կարիքները հոգացող վարորդների եւ ուղեւորների: Ու հարց է առաջանում՝ ինչու են կառուցվել արդիական տեսք ունեցող վերոհիշյալ զուգարանները, եթե փակ են եւ իրենց նպատակին չեն ծառայում: Ճիշտ նույն ճակատագրին արժանացան նաեւ ավելի քան 150 հազար դոլարով ձեռք բերված բիոզուգարանները, որոնցից մեկը տեղադրված էր Տաթեւի ճոպանուղու մոտ, մեկը՝ Երեւանում. այդպես էլ չօգտագործվեցին, իսկ պետական բյուջեից արված այդ ահռելի, միեւնույն ժամանակ անիմաստ ծախսը իշխանավորները դեռ չեն փոխհատուցել, ոչ էլ պատասխանատվություն կրել գումարները վատնելու համար: Իսկ մինչ այդ, նկատենք, կառավարությունը ցանկանում է Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտը զարգացնել, բայց անգամ զուգարանի հարցը չեն կարող կարգավորել` թողնելով, որ օտարերկրացիներն իրենց կարիքները հոգան թփուտներում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԺԳՈՀ ԵՆ, ՈՐ ՎԱՌԵԼԱՓԱՅՏՆ ԱՃՈՒՐԴՈՎ Է ՏՐՎԵԼՈՒ
Բնափայտի մթերման եւ իրացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ընդունված նոր կարգը Տավուշի մարզի բնակիչների մոտ մտահոգությունների տեղիք է տվել:
Փետրվարի 15-ին` Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը Տավուշի մարզի անտառտնտեսությունների, բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, մարզում փայտի պատրաստմամբ զբաղվող գործարարներին մանրամասներ է հայտնել նոր կարգի մասին: Նա տեղեկացրել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջիկայում հայտարարելու է «Արմատի վրա կանգուն ծառի առուվաճառքի», ինչպես նաեւ «Ծառայությունների` անտառտնտեսական աշխատանքների կատարման» աճուրդներ եւ մրցույթներ` յուրաքանչյուր անտառհատման տոմսի համար առանձին լոտով: Տավուշի մարզին հատկացված նախնական չափաքանակը կազմում է 36000 խմ: Հատատեղերը բաժանված են առանձին լոտերի: Յուրաքանչյուր լոտի համար աճուրդ է հայտարարվելու, եւ այն ընկերությունները, որոնք զբաղվում են փայտանյութի շահագործմամբ եւ վաճառքով, տվյալ հատատեղը ձեռք բերելու համար պետք է դիմում գրեն, մասնակցեն աճուրդին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խորհրդակցության մասնակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մանուկյանին հարցեր են տվել անտառներից օգտվելու նոր կարգի վերաբերյալ: Նրանք մտավախություն են հայտնել, որ Երեւանից եկած գործարարները կշահեն անտառահատումների աճուրդները, դրա հետեւանքով սահմանամերձ մարզում վաճառվող վառելափայտի գները կբարձրանան, մարզի բնակիչները չեն կարողանա օգտվել Տավուշի անտառների փայտից: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, Մ. Մանուկյանի պատասխաններն այդպես էլ չեն փարատել խորհրդակցության մասնակիցների մտահոգությունները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ