ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՍՈՎ ՊԵՏՔ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու սկանդալային նիստի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 եւ 118 հոդվածների հատկանիշներով՝ խուլիգանության եւ ծեծի հոդվածներով: Այժմ հարուցված գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Որքանո՞վ են հարուցված քրեական գործի հոդվածներն արտացոլում ավագանու նիստում տեղի ունեցածը, եւ ինչ դիրքորոշում ունի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ:
-Տիկի՛ն Փոստանջյան, ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերից հետո հարուցվել է քրեական գործ: Լինելով իրավաբան` որքանո՞վ եք գոհ հարուցված քրեական գործի հատկանիշներից:
-Ես պետք է ասեմ, որ մենք այդտեղ էինք ոչ թե որպես ինչ-որ մի խնջույքի մասնակից, որտեղ տեղի է ունեցել ծեծ կամ խուլիգանություն: Մենք գտնվում էինք Երեւանի քաղաքապետարանում, նիստերի դահլիճում, եւ մեր նկատմամբ հարձակում տեղի է ունեցել նիստի ժամանակ՝ մեր քաղաքական դիրքորոշման համար: Հետեւաբար, պետք է հարուցվեր քրեական գործ այլ հատկանիշներով՝ կուսակցության գործունեության խոչընդոտում: Այդ խոչընդոտելը սկսվեց հենց Տարոն Մարգարյանի հրահանգի ներքո, հետեւաբար պետք է հարուցվեր քրեական գործ այդ նույն ապօրինի հրահանգը տվող անձի պաշտոնեական դիրքի չարաշահման հանցակազմով: Բացի այդ` դա տեղի ունեցավ, քանի որ մենք ներկայացնում էինք որպես մի քաղաքական ուժ, որն ունի այլ հայացքներ, հետեւաբար դա խտրականության ներքո էր տեղի ունենում, եւ նաեւ մենք ներկայացված էինք կին ավագանու անդամներով, եւ այս առումով նույնպես տեղի է ունեցել խտրական մոտեցում: Հենց հատկապես ոտնձգություն, սեռական ոտնձգություն Մարինա Խաչատրյանի նկատմամբ, եւ այս առումով եւս պետք է հարուցվեր քրեական գործ այդ հատկանիշներով: Ես քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմերի` արդեն չորս հատկանիշ նշեցի, որոնք, սակայն, այս պահի դրությամբ վարույթ իրականացնող մարմնի ուշադրությանը չեն արժանացել, եւ չգիտեմ՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելո՞ւ են, թե՞ ոչ: Կարող եմ ասել, որ, իհարկե, մեզ այս պահի դրությամբ, ինչ տեղի է ունենում, չի բավարարել, եւ մենք պետք է ապագայում նաեւ բողոք ներկայացնենք, եթե մեր բողոքը չբավարարվի:
-Իրավաբանները չեն բացառում, որ հարուցված քրեական գործի խուլիգանություն հոդվածը վերագրված է հենց Ձեր խմբակցության անդամներին:
-Իհարկե, դա հնարավոր չեմ համարում: Որովհետեւ հանցակազմը վերաբերում է հենց իրենց: Մենք մեր քաղաքական դիրքորոշումը հայտնել ենք ու քաղաքական դիրքորոշման համար ենթարկվել ե՛ւ բռնության, ե՛ւ հետապնդման: Դեռ ավելին` պետք է ասեմ նաեւ` մեր նկատմամբ պատիժ գործողություններ են տեղի ունեցել պաշտոնեական դիրքի չարաշահման ներքո:
-Դուք խոսեցիք կանանց հանդեպ խտրական մոտեցման մասին: Սակայն Ձեզ շատ են քննադատում՝ ասելով, թե կնոջ վայել պահվածք չեք ցուցաբերել: Արդյոք հնարավո՞ր չէր` Ձեր ակցիան այլ կերպ իրականացվեր:
-Միանշանակ կարող եմ ասել, որ քննադատություններ կարող են հնչել, բայց մենք դա չենք կիսում: Եթե մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ հարցին լուծում չի տրվել, ապա ուրիշ ի՞նչ ձեւով պետք է մենք բարձրացնեինք: Մեր լիազորությունների սահմաններում մենք օգտվել ենք մեր բոլոր հնարավորություններից եւ բարձրաձայնել ենք այդ խնդիրը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ավագանու «Ելք» խմբակցության անդամների քայլերին եւ հայտարարություններին: Նրանք չեն կիսում Ձեր քայլերը:
-Նույնպես պետք է ասեմ՝ նրանք իրավունք ունեն չկիսելու մեր կարծիքը, բայց չհարգել մեր կարծիքն իրավունք չունեն: ՀՀԿ-ի կողմից նման արձագանքի սպասում էինք, բայց որ այդ չափ նրանք դեգրադացվել են եւ այդ չափ կարող են իրենց դրսեւորել, միգուցե չէի սպասում: Իսկ «Ելք» խմբակցությունն անորոշ է, քանի որ տարբեր կարծիքներ են հնչեցրել, միասնական կարծիք չունեն: Նորից պետք է կրկնեմ՝ նրանք կարող են ունենալ իրենց կարծիքը, բայց պարտավոր են հարգել նաեւ մեր կարծիքը:
-Քաղաքապետարանում աշխատանքի նոր մեթոդներ են մշակվում, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին սահմանափակելու առումով: Ինչպեսի՞ն է Ձեր վերաբերմունքը:
-Սա խոսում է ավտորիտալ ռեժիմի փոփոխության մասին դեպի տոտարիտալ: Իհարկե, դեմ ենք, եթե մի տեղ չկա թափանցիկություն, կա վախ լրագրողների առկայությունից, ապա խոսում է այն մասին, որ մենք ավտորիտալիզմը փոխում ենք դեպի տոտալիտալիզմ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, պետական գույքի ոլորտում չարաշահումներ կատարող պաշտոնյաներն իսկապե՞ս պատժի կարժանանան, եւ ի՞նչ տեսքով դա կլինի:
-Միանշանակ: Ցանկացած պաշտոնյա, որն իր գործառույթների շրջանակում չի աշխատի եւ պետությանը վնաս կպատճառի, միանշանակ, մենք պետք է փորձենք պատժամիջոցներ կիրառել օրենքով սահմանված:
-Այդ դեպքում Ձեզնից չե՞ն նեղանա: Մտավախություն չունե՞ք, որ կարող են այլ խնդիրներ առաջանալ:
-Եթե մենք մտածենք, թե մեզնից ով կնեղանա մեր գործողությունների համար, այդպես, ես գտնում եմ, երկիր չեն կառուցում:
-Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը դեռ մնում է նույն վիճակում: Դուք ասել էիք` 5 աստղանի հյուրանոց պետք է լինի: Ի վերջո, ի՞նչ է լինելու շենքի ճակատագիրը:
-Տեսեք` դա ես չեմ ասել. պայմանագրով է նախատեսված: Եվ ես գիտեմ, որ այս պահին էլ «Տանգո» ընկերությունն իր գործառույթների շրջանակում աշխատանքներ է իրականացնում` շենքերի վերակառուցման հետ կապված:
-Եթե «Դվին» հյուրանոցի վերակառուցման աշխատանքները 2020 թվականին չավարտվեն, ներդրողին ի՞նչ է սպասվում:
-Մենք չպետք է կիրառենք նման խիստ մոտեցումներ, որովհետեւ անզեն աչքով էլ երեւում է, որ ներդրողն իր պարտականությունները կատարում է: Կարող է` 2020 թվականին մարդը չհասցնի, չկարողանա այդ խոշոր ներդրումներն իրականացնել, խնդրի, որպեսզի եւս մեկ տարի հետաձգվի: Մենք փորձելու ենք օժանդակել եւ օգնել ներդրողին: Մենք պետք է օգնենք ներդրողին, ոչ թե խանգարենք:
-Բայց Դուք ասում էիք, որ սովորաբար եթե ժամկետների մեջ չեն տեղավորվում, պետք է տուգանքներ կիրառել:
-Մենք տուգանքները կիրառում ենք: «Դվին» հյուրանոցային համալիրն ուներ 13 մլն դոլարի ներդրումային պարտավորություն, որը 100 տոկոսով իրականացրել է:
-Այսքան հյուրանոց մեր երկիրն ի՞նչ է անում, պարո՛ն Սահակյան:
-Տեսեք` կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր երկրին նույնիսկ պակասում են այդքան շատ հյուրանոցները: Եթե երկու, երեք գերատեսչություն միանգամից որոշում է որեւէ միջազգային միջոցառում իրականացնել, մենք խնդիր ենք ունենում: Իսկ Դուք գիտեք, որ նաեւ մեր երկրում տուրիզմն է զարգանում: Եթե չեմ սխալվում` 1,5 մլն տուրիստ ենք ունեցել 2017 թվականի ընթացքում:
-Հերթով բավական շատ շենքեր մասնավորեցվեցին: Հիմա մնացե՞լ է մի շենք, որ չի մասնավորեցվել:
-Խոսքը վերաբերում է պետակա՞ն սեփականությանը: Մենք ունենք հաշվառման բազա, որտեղ հաշվառվում է պետական սեփականությունը: Իհարկե, պետությունն ունի բավական մեծ հարստություն այդ առումով, դեռեւս:
-Այդ հարստությունը մնալո՞ւ է, թե՞ էլի գնալու է մասնավոր սեկտորին:
-Այդ հարստությունն արդյունավետ կառավարվելու է պետության կողմից: Ե՛ւ մասնավորեցումը, ե՛ւ արդյունավետ օգտագործումը պետական գույքի գերակայություններից մեկն է մեզ համար:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԿԱ՞Ն ԱՌՆԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴԻԿ
Նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը մարտի 1-ին նախատեսում է Ազատության հրապարակում հավաք անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` առնական տղամարդիկ գտնվե՞լ են, որոնք կմասնակցեն հավաքին, ինչպես որ ցանկանում էր ինքը, Սաղաթելյանն ասաց. «Կա՞ն առնական տղամարդիկ, թե՞ ոչ, կերեւա այդ օրը: Դա ինձ չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է` մարդիկ ի՞նչ կխոսեն»: Նշենք, որ այդ օրվա համար Մուշեղ Սաղաթելյանը ելույթ է պատրաստել: Քաղաքական ուժերից որեւէ մեկին հրավեր չի արել, սակայն դեմ չէ, եթե որեւէ ուժի ներկայացուցիչ մասնակցի նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաղաթելյանն ասել էր. «Դուխով ու առնական տղամա՞րդ եք, մարտի 1-ին եկեք Ազատության հրապարակ, կանչում եմ»:

 

 

ԱՇԽԱՏԱԿԻՑՆ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Առողջապահության նախարարության դեմ դատական հայց է ներկայացրել նախկին աշխատակիցներից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` 2018 թվականի փետրվարի 19-ին Մելանյա Սարգսյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է ստիպել «Առողջապահության նախարարության հիվանդություններիի վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Շիրակ մասնաճյուղին` իրեն աշխատանքից ազատվելու հրամանը անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձել: Փաստորեն, նախարարության քմահաճույքների պատճառով մարդիկ ստիպված փորձում են իրենց իրավունքները դատական ճանապարհով վերականգնել:

 

 

ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ԺԱՄԱՆԱԿԻ՞Ն
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին կհատկացվի 18 մլն 750 հազար դրամ: Նշված գումարը նախատեսված է պետական բյուջեով ծրագրի շրջանակներում պարարտանյութը մարզկենտրոններից գյուղեր տեղափոխման համար: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ գումարը առանց մրցույթի է հատկացվել ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ: Մեզ հայտնի դարձավ, որ գյուղերում մեկ պարկ ֆոսֆորական պարարտանյութի սուբսիդիայի չափը կազմում է 6000 դրամ, կալիումական պարարտանյութինը` 3500 դրամ: Կառավարությունը նախատեսում է հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել ընդհանուր առմամբ 3000 տոննա ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութեր: Նկատենք, որ անցած տարում կառավարությունը պարարտանյութերի հատկացումը ուշացրել էր, ինչի պատճառով ուշացել էր նաեւ գյուղացիները վարուցանքը: Լավ է, որ այս տարի կառավարությունը ժամանակին է արձագանքում: Մնում է` պարարտանյութը ժամանակին հասնի գյուղացուն:




Լրահոս